Ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է հերթական աղմկահարույց նախագիծը, որի համաձայն՝ տրանսպորտի համար ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, և ինչի շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով մինչեւ 260 դրամի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Թե ինչ կտա հերթական աղմկահարույց նախագիծը քաղաքացիներին, ArmLur.am-ը զրուցել է Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, ԼՀԿ խորհրդի ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:
«Դա անընդունելի գործողություն է իշխանության կողմից՝ երեք տարբեր պատճառներով: Այն իշխանությունը, որ խոստանում էր քաղաքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեներով պարզելու՝ իրավունք չուներ պարզապես ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այն ներառել ավագանու նիստում և հանրային քննարկում չիրականացնել այդ հարցերի շուրջ: Երկրորդ պատճառն ակնհայտ է. թանկացումն շատ անհամաչափ է և, ավագանու որոշման նախագծում ներկայացված թվերը սպեկուլյատիվ են»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա նաև ներկայացրեց նման թանկացումներից հետո սպասվող հետևանքները: Ըստ Խաժակյանի կատարած վերլուծության՝ տարվա կտրվածքով 1000 ուղևորության դիմաց տոմսի սակագինը 110 դրամ է առաջարկվում: Տարեկան տոմսը՝ 110.000 դրամ: Թվում է, թե տոմսի գնի թանկացումը կազմել է 10 դրամ:
«Միջին ուղևորը յուրաքանչյուր օր տրանսպորտից օգտվում է 2 անգամ, շաբաթը 6 օր: Շաբաթական 12 տոմս, 1 ամսվա մեջ 48 տոմս և հետևաբար տարեկան 576 տոմս կամ մոտավոր 600 տոմս: 110.000-ը բաժանելով 600-ի՝ միջին ուղևորի համար մեկ տոմսի սակագինը կազմելու է 180 դրամ»,- մանրամասնեց Խաժակյանը:
Անդրադառնալով երրորդ պատճառին՝ Խաժակյանը նշեց, որ այն ևս խնդրահարույց է, որը առնչվում է «Թել-սել» ծրագրի հետ կնքված պայմանագրին: Նրա կարծիքով՝ Քաղաքապետարանը պարտավոր է հրապարակել, թե ինչ պայմանով է ծառայության մատուցումը հանձնել «Թել-սել»-ին:
Մեր զրուցակիցը նշեց, որ նման թանկացման նպատակը շատ պարզ է. «Անարդյունավետ կառավարման արդյունքում հանրային տրանսպորտին ուղղված ծախսերը խիստ ուռճացվել են: Քաղաքապետարանը պարզապես ի վիճակի չէ այդ ուռճացված ծախսը համալրելու և իրենց վատ կառավարումը փորձում են բարդել քաղաքացիների ուսերին»,- եզրափակեց Խաժակյանը:
Նանիկ Աղասյան