Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Սարի թաղ» թաղամասում տարիներ շարունակ աղբի խնդիրը շարունակում է մնալ գրեթե չլուծված:
Բնակիչները բողոքում են՝ աղբամանների սղությունից և ոչ պատշաճ աղբահանություն իրականացվելուց:
Սարի թաղի 10-րդ շարքի բնակիչը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է.
«Արդեն 20 օր կլինի, որ աղբի մեքենա չի գալիս մեր փողոց: Քանի որ մեր փողոցում էլ աղբաման չկա, աղբը թափելու համար ստիպված եմ երկար ճանապարհ անցնել, իսկ էդ ճանապարհը ամբողջը դիք ու աստիճան ա, հիմա էլ ամբողջը սառույց ա: Երեկ բարձրացրեցի, որ աղբը վերևի փողոցում թափեմ, տեսա աշխատողներ կային, եկել էին էդ հատվածի աղբը տանեին, ասեցի՝ ինչի՞ մեր փողոց մեքենա չի գալիս, ասացին՝ մեքենա չկա»:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված աղբատար մեքենաների բացակայությունը.
«Ես գրեթե բացառում եմ դա: Դա ճիշտ չէ, մեքենաներ կան ու աշխատում են նորմալ ռեժիմով, որոշակի վթարվածներ կան, բայց դա ընդհանուրի վրա չի ազդում, այսինքն՝ անհնար է, որ այդտեղ այդքան ժամկետով մեքենա մտած չլինի»:
Նրա խոսքով՝ ամեն օր աղբահանություն արվել է՝ բացառությամբ փետրվարի 1֊ին՝ կապված տեխնիկայի անսարքության հետ:
«Մենք հստակ ապացույցներ ունենք, GPS սարքերով երևում է»,-ասաց Սաշա Կատվալյանը:
Էմմա Մարտիրոսյան