Վերջերս համացանցում ակտիվ շրջանառվում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի «Հայոց պատմություն» դասագրքի անվանումը պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն», որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները:
Այս նոր նախագծին բազմաթիվ կրթության փորձագետներ և այլ մասնագետներ բացասական վերաբերմունք են ցուցաբերում:
«Ես բացասաբար եմ վերաբերվում՝ մի քանի նկատառումներից ելնելով: Առաջինը այն է, որ սա այն հարցը չէր, որ այսքան մեծ հանրային հնչեղություն ստանար և քննարկվեր, եթե Հայաստանի առջև ծառացած են մեծ խնդիրներ՝ անվտանգային, զարգացման և այլն:
Երկրորդը՝ տգիտություն է կարծել, որ «Հայոց պատմություն» անունը վերացնելուց, կարելի է վերացնել նաև պատմության այն հատվածները, որոնք Հայաստանի Հանրապետության պատմությանը չեն վերաբերվում, առավել ևս, որ հիմա որևէ ծրագրային փոփոխություն առարկայի մեջ չի լինելու:
Երրորդ՝ մասնագիտական կարծիքը հստակորեն ասում է, թե ինչ է նշանակում Հայոց պատմություն և թե ինչ է նշանակում Հայաստանի պատմություն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Փորձագետի խոսքով՝ պետք չէ մոռանալ՝ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացի ունի նաև 2 անգամ գերազանցող սփյուռք, իսկ այնտեղ ապրողները մեծ դեր ունեն մեր ժառանգության մեջ և դա անտեսել չի կարելի:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը օրեր առաջ ծրագիր է ներկայացրել, ըստ որի «Հայոց պատմությունը»-ը պետք է վերանվանել որպես «Հայաստանի պատմություն»:
Էմմա Մարտիրոսյան