ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Մարությանն ու ավագանու ևս 2 անդամ զրկվեցին մանդատից. քաղաքապետարանում այսօր լարված էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանիում այսօր թեժ իրավիճակ էր: Ավագանու ընդդիմադիր 3 անդամներ զրկվեցին մանդատից՝ այդ թվում Երևանի նախկին քաղաապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը:
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն էր ու քվեարկություններին չմասնակցելը:
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախաձեռնությունը ՔՊ-ի և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցությանն էր, քաղաքային իշխանությանն այս հարցում ջանասիրաբար աջակցեց նաև «Հանրային ձայն» խմբակցությունը:

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և ավագանու անդամ Վահե Եսայանը նախ եկան ու քվորում ապահովեցին, որպեսզի նիստը կայանա, բացի սա, ապահովեցին ավագանու անդամներին մանդատից զրկելու համար անհրաժեշտ 33 ձայները:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ինչպես նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունների հնչեցրած ահազանգի՝ «Հանրային ձայն» խմբակցության անդամների վրա ճնշումներ են գործադրվել: Թեև լրագրողների հետ զրույցում Վահան Ավագյանը հերքեց այս տեղեկությունը:

Նշենք, որ օրակարգում ավագանու հինգ անդամի մանդատից զրկելու հարց էր դրված, սակայն «Մայր Հայաստանից» Զարուհի Փոստանջյանին ու Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար ձայները չբավարարեցին, «Հանրային ձայն» ավագանու այս երկու անդամներին մանդատից զրկելուն կողմ չքվեարկեց:

Այսպիսով՝ ավագանու ՔՊ և Հանրային ձայն խմբակցությունների նախաձեռնությամբ և Հանրային ձայն-ի աջակցությամբ, ավագանու անդամներ Հայկ Մարությանը, Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը զրկվեցին մանդատից:
Հայկ Մարությանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի հեռանալու քաղաքականությունից, պատրաստվում է նոր կուսակցոթյուն հիմնել ու նոր ընտրությունների դեպքում առաջադրվել վարչապետի թեկնածու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս