Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։
Նա շեշտել է, որ այդ որոշումը պետք է կայացնի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտմամբ։ Անդրադառնալով հայտարարություններին, թե սահմանադրությունն իշխանությունները փոխում են Ադրբեջանի պահանջով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, նա նշել է.
«Խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, եթե նույնիսկ էդ խնդիրները կան, դրանք լուծված են, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, թե կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։ Այսինքն, խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ սահմանադրությունը ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները. «Իհարկե, ցանկացած սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություններ»։