Հայոց պատմությունը չպետք է աղճատվի․ համալսարանները նույնպես դեմ են «Հայոց պատմություն» դասագրքի վերանվանմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում համացանցում բուռ արձագանք են ստացել հայտարարությունները, ըստ որոնց «Հայոց պատմություն» դասագրքի անվանումը պետք է վերանվանել «Հայաաստանի պատմություն», այս մասով բազմաթիվ պատմաբաններ, կրթության փորձագետներ, և քաղաքացիներ հայտնել են իրենց բացասական կարծիքը:
Այս նախագծի մասին բացասական են արձագանքել նաև համալսարանները:

Երևանի պետական համալսարանի պատմության ամբիոնն օրերս հայտարարություն էր տարծել տվյալ հարցի վերաբերյալ, որում ասվում էր՝ «Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար»:

Իսկ Մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ կիսում է ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոնի տեսակետը:

«Մենք նախապես ունենք պայմանավորվածություն Պատմության ինստիտուտի և ԵՊՀ-ի պատմության ամբիոնի հետ, որպես ոլորտի պատասխանատուներ, մենք բոլորս պաշտպանում ենք այդ տեսակետը»-ասաց Գևորգյանը:

Նա նշեց, որ շուտով կլինի նաև իրենց պատասխանը:

«Մենք գտնում ենք, որ Հայոց պատմությունը չպետք է աղճատվի, որքան էլ բովանդակային մասով ասում են չի փոխվելու, բայց մենք վաղ թե ուշ որոշակի խնդիրների առջև կկանգնենք «Հայաստանի պատմություն» անվանելու դեպքում»- ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս