ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծվել է «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 10-րդ հոբելյանական տարվա ընթացքում հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն ստացել է պետական գրանցում։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ Վետերանների խորհրդի ստեղծման նպատակն է համախմբել ՀՀ քննչական կոմիտեի նախկին աշխատակիցներին, հետամուտ լինել նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը և վերջիններիս փորձն ու գիտելիքներն ուղղել հանրօգուտ գործունեության։ Մասնավորապես՝ աջակցել կարիքավոր վետերաններին, զոհված, մահացած վետերանների ընտանիքների անդամներին, համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի հետ երիտասարդ անձնակազմին մասնագիտական փորձի փոխանցման, քննչական գործունեությանը վերաբերող իրավաստեղծ աշխատանքներին խորհրդատվության տրամադրման հարցերում, ինչպես նաև աշխատանքներ տանել հասարակության իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի և օրինականության, հայրենասիրության ամրապնդմանը միտված նախաձեռնությունների ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի՝ 2024 թ․ գործունեության ամփոփմանը նվիրված Կոլեգիայի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիտի Քյարամյանը հանդիսավորությամբ նորաստեղծ Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանին է փոխանցել կազմակերպության առաջին վկայականը։

Իր շնորհավորական խոսքում Արգիշտի Քյարամյանը պատմական և խորհրդանշական իրադարձություն է համարել ՀՀ ՔԿ վետերանների խորհրդի ստեղծումը հատկապես 2024 թ․, երբ ՀՀ քննչական կոմիտեն նշում է իր ստեղծման 10-ամյակը, և ընդգծել, որ կազմակերպության ստեղծումն ինքնին ոչ միայն համակարգի կայացման, այլ նաև ավագ սերնդի կուտակած ներուժն առավել նպատակային օգտագործելու կարողության դրսևորման կարևոր ցուցիչ է։ Այս կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահը Վետերանների խորհրդին մաղթել է բեղմնավոր, նախաձեռնողական աշխատանք։

«ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» ՀԿ նախագահ Յուրի Բադալյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտեին՝ այս գաղափարը կյանքի կոչելու և կազմակերպության ստեղծմանը նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել Խորհրդի նպատակներն ու խնդիրները։




Լրահոս