«ԱՄԱՆՈՐԻՆ ՈՐԵՎԷ ՈՒՂԵՐՁ ԱՆԳԱՄ ՉԵՂԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ:

 

-Պարո՛ն Պետրոսյան, 2023 թվականին՝ Արցախի հայաթափումից հետո, հայտարարվեց, որ Արցախը 2024 թվականի հունվարի 1-ից դադարելու է որպես պետություն գոյություն ունենալ: Ի վերջո, Արցախն այսօր ի՞նչ կարգավիճակ ունի:

-Արցախը որեւիցե մեկը չի կարող լուծարել՝ ո՛չ Սամվել Շահրամանյանը, ո՛չ պատգամավորները, ո՛չ մենք: Հունվարի 1-ից հետո, բնականաբար, չի լուծարվել Արցախի Հանրապետությունը եւ, ընդհանրապես, պետական ինստիտուտները, բայց ինստիտուտները այնքանով են ինստիտուտ, որքանով որ նրանք գործում են, անում են գործառույթներ: Այս պահին Արցախի ինստիտուտները ունեն երկու առանցքային գործառույթ՝ մեկը՝  արտաքին միջավայրում, մյուսը՝ ներքին: Արտաքին միջավայրում գործառույթն է միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների շրջանակում իրավական առումով բաց պահել Արցախի էջը եւ վերահաստատել հավակնությունները Արցախի նկատմամբ իրավական կոնտեքստում: Ներքին մակարդակում, որ իրականում շատ ավելի կարեւոր է,  պետք է առաջնորդել Արցախի համայնքը եւ մարդկանց մոտ վառ պահել այդ հավակնությունները, որ նրանք ունենան ցանկություն եւ հստակ տեսլական, որ վերադառնալու են Արցախ: Պայմանական իմաստով եթե ինչ-որ մեկը մեզ Արցախը նվիրի, հավատացե՛ք՝ որեւէ մեկին պետք չէ, եթե այնտեղ ապրող չկա: Այսօր  մենք գիտենք, որ յուրաքանչյուր արցախցի ուզում է վերադառնալ իր տուն, բայց իրենց հետ որեւէ աշխատանք հանրային իմաստով չի տարվում, եւ, ընդհանրապես, բավարար չէ, որ փորձում են լուծել սոցիալական խնդիրներ, անհատների հետ հանդիպում են թաքուն եւ այլն. օրակարգը Արցախի, որպես այդպիսին, չկա, եւ այդ օրակարգը պետք է ձեւավորեն Արցախի իշխանությունները:

-Իսկ ժողովրդի վերադարձը ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել, հնարավո՞ր է նորից վերաինտեգրումով ապրել Արցախում:

-Դա տեսականորեն անգամ հնարավոր չէ, այսինքն՝ Ադրբեջանի կազմում ադրբեջանական անձնագրերով: Մինչեւ այս գործընթացներին հասնելը ճանապարհ կա: Այդ երկու կոմպոնենտի մասին որ խոսեցի, դրանք անհրաժեշտ ոչ բավարար պայմաններն են: Եթե մենք այդ անհրաժեշտը այս պահին չենք անում, դրա մասին խոսելն անիմաստ է: Ինչ-որ մարդիկ են ձեւավորվում, որոնք ասում են՝ գիտեք, մենք միջազգային հանրությունում կպահենք Արցախի օրակարգը բաց: Պատկերացրե՛ք՝ մենք միջազգային հանրությունն ենք, ինչ-որ մարդիկ ասում են՝ մենք այս հարցով ուզում ենք զբաղվենք, մեզ ասում են՝ դուք ո՞վ եք: Հայաստանի Հանրապետությունը էջը փակել է ընդհանրապես, Արցախի իշխանություններն էլ որեւիցե կերպ ո՛չ ձայն են հանում եւ ո՛չ էլ օրակարգ է ձեւավորված:  Մենք չգիտենք՝ այդ առումով արցախցիներն ինչ օրակարգ ունեն, եւ իրականում  նույնիսկ այս պահին եվրոպացի բազմաթիվ պաշտոնյաներ կան, որ ասում են, որ չգիտեն՝ արցախցիները ուզում են արդյոք վերադառնալ, թե ոչ: Այս օրակարգը ձեւավորում են առաջին հերթին  նախ իշխանությունները, որոնք  չպետք է վախենան ոչ մի ճնշումից, ոչ մի բանից չպետք է վախենանք:  Բոլորի պահվածքը այսօր այնպիսին է, կարծես Արցախը կա,  ե՛ւ Արցախի պատգամավորները, ե՛ւ Ազգային ժողովը իրենց բնականոն կյանքով են ապրում եւ ինչ-որ հարաբերությունների մեջ են մնացածի հետ: Կարող են լինել այդ հարաբերությունները եւ պետք է լինեն, բայց առանց ներսում օրակարգ գեներացնելու չի կարող այդպիսի բան լինել: Ինձ համար շատ զարմանալի էր, որ Ամանորին որեւէ ուղերձ անգամ չեղավ:

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 

 

 

«ՄԱՖ ՔԼԱԲ»-ԻՑ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոր նախագիծ են հեղինակել, որով առաջարկում են առավոտյան 6:00-ից մինչ կեսգիշեր 00:00-ն ընկած ժամանակահատվածում արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրումը:

 

Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը, որը մինչ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելը դարձել է քրեական ենթամշակույթի ակնհայտ տարրեր պարունակող ֆիլմերի կամ տեսանյութերի մասնակից, շատ դեպքերում հովանավորել է նման բնույթի նախագծեր, հիմա հանկարծ որոշել է դրա դեմ պայքար մղել:

ArmLur.am-ը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանից հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ մինչ ԱԺ նախագահի պաշտոն ստանձնելն Ալեն Սիմոնյանը քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող հումորային ֆիլմերի ու հոլովակների պրոդյուսինգով է զբաղվել, բայց հիմա դրա դեմ է պայքարում, ինչ է հիմա փոխվել:

Ի պատասխան մեր հարցի՝ ԱԺ նախագահի խոսնակն ասաց, որ նա երբեք քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող հումորային ֆիլմերի ու հոլովակների պրոդյուսինգով չի զբաղվել, ուստի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

ArmLur.am-ը, սակայն, թերեւս կներկայացնի դրանցից մի քանիսը:

Դեռ 2015 թվականին աղմկահարույց մի տեսանյութ տարածվեց համացանցում այդ ժամանակ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որը զուգահեռ նաեւ պրոդյուսերական գործունեություն էր ծավալում։

Տեսանյութը «Փախուստ բանտից» ֆիլմից էր, որտեղ դերասանների ու շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ որպես դերասան հանդես էր գալիս նաեւ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ այդ ֆիլմի տնօրենն է եղել։

Ալեն Սիմոնյանի՝ բաց աղբյուրներում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք նաեւ, որ 2004-2010 թվականներին հիմնել եւ հանդիսացել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի սեփականատեր։

Վերջինս նաեւ «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերն է, իսկ 2011 թվականից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն, որտեղ, հումորին զուգահեռ, կան նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԿՀ-ՈՒՄ

Նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության խայտառակ տապալումից հետո, ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհուրդը, որը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչներից։

Կոռուպցիայի կանխարգելման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաեւ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած մասնակիցները ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը Մրցութային խորհուրդը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԿՀ անդամներին ընտրում է խորհրդարանը: Անցած տարի, կոպտորեն թիրախավորելով ԿԿՀ նախկին  նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին, մերժեցին:

 

 

«ԱՄԵՆԱԴԺԲԱԽՏ ՄԱՐԴՆ ԵՄ»

«Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին, գնացինք առաջին նախագահի մոտ ու տեսանք, որ ինքը նստած է շատ լուրջ, անգամ մռայլ արտահայտությամբ։ Ասացինք. «Պարո՛ն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ»։

Ինքն ասաց մի նախադասություն, որը դուրս չի գալիս իմ հիշողությունից։ Դա հենց նույն օրն էր, երբ շատ բաներ պարզ չէին՝ արդյոք Փաշինյանը դառնալու է վարչապետ, թե ոչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Լսե՛ք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետեւ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստանը»։

Ինձ համար դա մի փոքր չափազանցություն հնչեց, բայց հիմա, որ նայում եմ, տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն այնուամենայիվ բավականին հզոր էին»,- այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

 

 




Լրահոս