ՄԼՐԴ 887,4 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվել է 36,4 կիլոմետր, միջին նորոգման է ենթարկվել 4 կիլոմետր, մակերեսային մշակման՝ 6,4 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհներ։

 

2023 թվականին իրականացվել են   Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 66-80-րդ կմ հատվածի, Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4-7-րդ կմ հատվածի, Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-17-րդ կմ հատվածի, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ – /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 32-35-րդ կմ հատվածի, Հ-30, Մոտեցում Արծվաշենին հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի, Լճաշեն համայնքի Փոստի մոտից դեպի Կիկլոպյան  ամրոց  տանող  ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի, /Հ-30/ (Թթուջուր) –  /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ հատվածի,  ինչպես նաեւ Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 74-80-րդ կմ հատվածի հիմնանորոգման եւ Հ-39, /Մ-10/-Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։

2023 թվականին մեկնարկել են Տ-4-13, /Հ-39//Գավառ/-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհի 12,9կմ հատվածի, Հ-53, /Մ-4/ – Սեմյոնավկա – /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածի կամրջի եւ Սեւանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թվականի ընթացքում։

2023 թվականի ընթացքում շինարարական աշխատանքների իրականացման համար ներդրվել է 5 միլիարդ 887,4 միլիոն դրամ։

Իսկ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել կամ վերանորոգվել են 32.6 կմ ճանապարհներ եւ փողոցներ, սալարկվել են 11 հազար 869 քառակուսի մետր մակերեսով համայնքային նշանակության փողոցներ եւ մայթեր։

Ճանապարհների անցանելիությունը տարվա բոլոր եղանակներին ապահովելու նպատակով 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից 2023 թվականին մարզում իրականացվել են միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների 323,9 կմ ընթացիկ ամառային եւ 392,4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի արդյունքում ծախսվել է 866,3 միլիոն դրամ, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մարզային նշանակության 176,8 կմ ընթացիկ ամառային եւ 207,4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, որի արդյունքում ծախսվել է 222,8 միլիոն դրամ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված վարչարարության իրականացման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ։ Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ հարուցված վարույթներից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ է եղել, իսկ 7-ը՝  բողոքների համաձայն։

 

«Ամբողջ աշխարհում լրիվ հակառակ պատկերն է. վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, ֆիզիկական անձանց բողոքների հիման վրա»,- նշեց Հակոբյանը՝ նկատելով, որ թերությունների մասին ահազանգերը ներկայացվում են միայն մամուլում կամ սոցիալական ցանցերում՝ առանց դիմելու կարգավորող մարմին։

Ըստ Հակոբյանի՝  վերջին հինգ տարիներին 18 անգամ ավելի շատ վարչական վարույթ է հարուցվել, որը 2019-2023 թվականներին կազմել է 232 վարույթ, իսկ 2013-2018-ին՝ 13։

«Շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ մենք շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը, այնինչ այդպես չէ, որովհետեւ վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ հեռուստառադիոընկերությունները համերաշխ են հանձնաժողովի որոշումների հետ, որոնք ոչ միայն ներպետական, այլ նաեւ միջազգային նշանակություն ունեն։

Ըստ Հակոբյանի՝ վերջին երկու-երեք տարիներին Հայաստանում հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ արտերկրից գրեթե ոչ մի բողոք չի եղել։

Նրա խոսքով՝ վարչական վարույթների հարուցման պատճառ են հանդիսացել հեղինակային իրավունքների խախտումները, մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրվող գովազդի տեւողության չպահպանումը, տարեկան հասույթի մասին տեղեկատվություն չներկայացնելը, անչափահասների մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, ինչպես նաեւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող բովանդակության հեռարձակումը, հայհոյանքը եթերում եւ հանրօգուտ հաղորդումների առնվազն 20 տոկոսի սահմանաչափը չպահպանելը:

Է.  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ ՉՈՒՆԵՆ

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղերից է, որտեղից  խորհրդային տարիներին ու Հայաստանի անկախության շրջանում մեծ արտագաղթ է եղել, բարեկամավանցիների զգալի մասը հաստատվել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ բարեկամավանցի 9-րդ եւ  10-րդ դասարանների աշակերտները հաճախում էին Նոյեմբերյանի եւ Կոթիի միջնակարգ դպրոցներ։ Մինչեւ 2023 թվականին Արցախի վերջնական հայաթափումը Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ուներ 15 աշակերտ։ Արցախի տարբեր վայրերից Բարեկամավանում հաստատվել է 9 ընտանիք, որոնց  գյուղի առանձնատները տրվել են  ձրի, առանց վարձավճարի։ Արցախից Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղում հաստատված ընտանիքների երեխաների շնորհիվ Բարեկամավանի դպրոցի աշակերտների թիվը 15-ից դարձել է 25։ Գյուղի  դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ իրենց գյուղում բնակվող եւս 2 արցախցի երեխա  կա, որոնց ինքը հանդիպել, հորդորել է  դպրոց հաճախել։ Բարեկամավանի դպրոցի աշակերտների թիվը կարող է  ավելի մեծանալ, քանզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում վարձով բնակվող արցախցի մի ընտանիք ցանկություն է հայտնել  առանց բնակվարձի  բնակվել Բարեկամավանում. այդ ընտանիքը դպրոցահասակ 3 երեխա ունի։ Բարեկամավանի դպրոցում որոշ առարկաներ՝ Տեխնոլոգիա, Ֆիզկուլտուրա, Երգ, դասավանդում են բարձրագույն, սակայն ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչներ։ Անցյալ տարվա վերջից Բարեկամավանի դպրոցում թափուր է Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչի հաստիքը. այդ առարկան չի դասավանդվում։ Այդ դպրոցում մինչ այդ Ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդում էր հարեւան Կոթի գյուղից ժամանող ուսուցչուհին, որն ուներ միջին մասնագիտական կրթություն։ Այդ ուսուցչուհին մասնակցել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, բացասական արդյունք ունեցել։ Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչի թափուր տեղի մասին  ինքը հայտնել է Տավուշի մարզպետարան, ԿԳՄՍ նախարարություն, սակայն հարցը չի լուծվել։  Երեւանում վերաբնակված արցախցի մի ուսուցչուհի ցանկացել է Բարեկամավանում դասավանդել Ռուսաց լեզու եւ գրականություն, սակայն պայման է դրել, որ Բարեկամավանում իր կացարանն ունենա մշտական տաք եւ սառը ջուր, այլ պայմաններ, ուստի չի համաձայնել ապրել, աշխատել հեռավոր գյուղում։ Ա. Ազատյանը հայտնեց, որ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցներում քիչ դասաժամ ունեցող ուսուցիչներին լրացուցիչ տրվում է կես հաստիքի ռոճիկ, ինչը լինելու է նաեւ Ռուսաց  լեզվի ուսուցչի դեպքում, ինքն էլ պատրաստ է ուսուցչի ցանկության դեպքում այդ առարկայի 11 դասաժամը բաշխել շաբաթվա 2 օրվա կտրվածքով։

  ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ 




Լրահոս