Մարտի 15 –ին, ժամը 13.00-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում 1.070 պատվիրակների և բազմաթիվ հրավիրյալների ներկայությամբ կայացավ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը: Պատվիրակներն ու ներկաները բուռն ծափերով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու շնորհավորանքը: Համագումարի աշխատանքները սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտում և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հերոսների հիշատակը:
Համագումարն աշխատանքներն սկսեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությամբ, որը բերել էր Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հանդես գալով զեկույցով նշեց, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հիմնադրվել են 300 մասնաճյուղեր, Կազմակերպությանը անդամագրվել են 44.000-ից ավել քաղաքացիներ: Կազմակերպությունը համապետական, եկեղեցական և մարզամշակութային տոների ժամանակ մեծ շուքով ու գաղափարաբանությամբ կազմակերպել է 400 խոշոր միջոցառումներ, իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության քարոզչության նպատակներով հայոց բանակի զորամասերում և սահմանագծի մարտական հենակետերում իրականացրել է 150 այցելություն ու միջոցառում: Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նոր թափ հաղորդելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին Կազմակերպությունը նվիրել է 1.350 լրակազմ գերմանական արտադրության օդամղիչ հրացաններ:
Խաչիկ Ասրյանը իր զեկույցում նշեց.
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարը հրավիրվել է հայոց պետականության ու հայ ժողովրդի համար բախտորոշ ու էվոլյուցիոն զարգացումներով հարուստ պատմական ժամանակաշրջանում, երբ ընդունվում են վճռորոշ ու ապագային միտված համապետական կարևորագույն օրենքներ ու որոշումներ: Չնայած ներքին ու արտաքին մարտահրավերներին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին վերջին վեց տարիների ընթացքում հաջողվե՛ց ապահովել հայոց պետականության բնականոն զարգացումն ու գործունեությունը, խոսքի ու մամուլի ազատության բարձր մակարդակը, ժողովրդավարական ու հասարակական շարժումների ակտիվացումը և ընդդիմադիր ուժերի անարգել ու օրինական մասնակցությունը համապետական որոշումների քննարկմանն ու ընդունմանը: Հասարակական լայնամասշտաբ քաղաքացիական շարժումների գոյության փաստը Հանրապետության Նախագահի անդուլ ու տքնաջան գործունեության արդյունք է: Հայոց Նախագահի բարձր հովանու և ուշադրության ներքո օրեցօր հզորանում են պետական ու հասարակական կառույցները, ամրապնդվում են կուսակցություններն ու հասարակական շարժումները, հաստատվում են բազմակարծիքության առկայությունը և մարդու համակողմանի ազատությունները»:
«Հայոց Արծիվների» առաջնորդը իր ելույթում նշեց նաև. «Մենք՝ հայերս, հինգ հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք և մեր բոլոր պատմական ու տարածքային կորուստները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ մենք կորցրել ենք մեր միասնությունը, պետականությունն ու պայքարի ոգին»:
Խաչիկ Ասրյանը կոչով դիմեց համագումարի պատվիրակներին՝ ասելով. «Նոր պատմական մարտահրավերներին ընդառաջ պետք է ավելի սերտ համախմբվենք մեր պետականության, հայոց Նախագահի և հայոց ազգային բանակի շուրջ՝ հանուն մեր հաղթական ու ինքնիշխան հարատևության: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գլխավոր նպատակն եղել և մնում է անմնացորդ նվիրումն ու անդավաճան ծառայությունը հայոց պետականությանն ու հայ ժողովրդին, հայոց բանակին ու հայրենիքի պաշտպանունակությանը, յուրաքանչյուր հայ ընտանիքին և սահմանապահ հայի օջախին»:
Համագումարում ողջույնի ու գնահատանքի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ով անթաքույց հիացմունքով գնահատեց Կազմակերպության ռազմահայրենասիրական գործունեությունն ու ասաց. «Յուրաքանչյուր հասարակական գործունեության հիմքում ընկած է գաղափարական հենքի ստեղծումը, որի հիմնական նպատակն է մեր երկրի հզոր ապագայի համար պայքարելու ձգտումը: Այդպիսի գործունեություն է ծավալել «Հայոց Արծիվներ» կազմակերպությունը, որի ակտիվությունը, անցկացրած միջոցառումները և լարված աշխատանքը աննախադեպ է: Աննախադեպ է նաև այսօրվա համագումարը: Կազմակերպության գործունեությունը արժանի է մեր ժողովրդի բարձր գնահատականին, որովհետև այն նպաստում է մեր պետականության ամրապնդմանը, մեր պաշտպանության հզորացմանը և ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը: Ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող մեծամասշտաբ աշխատանքները նպաստում են ոչ միայն բանակի, այլև մեր երիտասարդության շրջանում հայրենասիրական վսեմ գաղափարների հաստատմանը»:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 3-րդ համագումարին իր ողջույնի ու բարեմաղթանքի խոսքն ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենատ Մովսես Հակոբյանը. «Կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Ուրախալի է, որ «Հայոց Արծիվները» իր շարքերում միավորում է երիտասարդության առավել ակտիվ հատվածին՝ նրանց եռանդը ուղղելով ճիշտ նպատակների: Կազմակերպության անդամներից շատերը համալրելու են բանակի շարքերը: Վստահ եմ, որ այդ երիտասարդներին ներարկված գաղափարականությունը, նրանց ձեռք բերած ռազմամարզական որոշակի հմտությունները նպաստելու են, որպեսզի նրանք դառնան օրինակելի զինվորներ, հայրենիքի արժանավոր պաշտպաններ:
Վստահ եմ նաև, որ հայրենիքին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում «Հայոց Արծիվները» կանգնելու է բանակի կողքին»:
Համագումարին իր խոսքն էր բերել «Սյունյաց Երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով տալով Կազմակերպության գործունեության բարձր գնահատականը ասաց. «Հայոց Արծիվներ» կազմակերպության ղեկավարությանը հաջողվեց (ժողովներից, համագումարներից, ճառերից հոգնած մեր օրերում) Կազմակերպության հերթական համաժողովն անցկացնել նախօրինակը չունեցող ձևաչափով, որը ոչ միայն հետաքրքիր ու գրավիչ դարձրեց այն, այլև համաժողովին հաղորդեց գործնական ուղղվածություն, հատկապես ռազմահայրենասիրական առումով: Եվ այսօր, ի դեմս «Հայոց Արծիվների» Հանրապետությունում ունենք լիովին կազմավորված ու կայացած, հանրության ամենատարբեր շերտերում արմատներ ձգած, յուրօրինակ ծրագիր ու գործելակերպ որդեգրած հասարակական կազմակերպություն»: Բարձր գնահատելով Խաչիկ Ասրյանի գործունեությունը, որին Սամվել Ալեքսանյանը ծանոթ էր դեռևս «Սյունյաց Արծիվների» ժամանակաշրջանից, ասաց. «Ուզում ենք մեր հարգանքն ընծայել նաև Խաչիկ Ասրյանին: «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության ծնունդն ու կայացած լինելու իրողությունը գլխավորապես նրա մտքի, ջանքի, անմնացորդ նվիրումի արգասիքն են:
Բնատուր օժտվածություն, լիդերի անուրանալի ձիրք, երիտասարդներին ոտքի հանելու և առաջնորդելու ունակություն, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու, չհուսալքվելու և առաջադրված խնդիրը լուծելու կամք ու վճռականություն, մարդկանց հետ շփվելու, նրանց մտածումներին կարեկից ու հաղորդակից լինելու շնորհ. ահա բնութագրիչներից մի քանիսը, որ հատուկ է Խաչիկ Ասրյանին:
Եվ պատահական չէ ամենևին, որ մեր ընթացքի բազմաթիվ ուղղություններում ու տարածաշրջաններում սպասված գործչի ու կազմակերպչի վաստակած համարում ունի նա»:
Իր շնորհավորական ելույթի վերջում Սամվել Ալեքսանյանը նշեց. «Ուրեմն և՝ «Հայոց Արծիվներին» ողջամիտ, ստեղծագործ ու անվախճան երթ, երկրի տիրոջ զգացողություն, իսկ դրանից առաջ՝ երկրի ջրկիրն ու հողվորը, մեր քարափների անվախճանության երաշխավորն ու արթուն պահապանը լինելու զգացողություն, պատվախնդրություն, վարք:
Եվ միայն այդ դեպքում ձեր ճախրանքը մերը կլինի, բոլորինս և յուրաքանչյուրինս կլինի, հայերեն կլինի, ինչը և սպասում ենք ձեզանից»:
Համագումարը միաձայն «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ վերընտրեց Խաչիկ Մայիսի Ասրյանին, ով իր ամփոփիչ խոսքում նախանշեց «Հայոց Արծիվների» գործունեության հիմնական յոթ նպատակներն ու խնդիրները:
Առաջին – «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը այսուհետ ևս նպաստելու է Հայաստանի Հանրապետության օրենքների և պետականամետ, հայրենապաշտ գաղափարների անշեղ ու համակողմանի իրականացմանը:
Երկրորդ – «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեծ եռանդով շարունակելու է իր համագործակցությունը պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների հետ՝ հանուն օրինականության, ժողովրդավարության, հանուն համայնքների զարգացման ու սահմանամերձ գյուղերի ամրապնդման և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության:
Երրորդ – «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը անդուլ ու կատաղի պայքար է մղելու կոռուպցիայի, այդ թվում կաշառակերության ու պրոտեկցիոնիզմի դեմ:
Չորրորդ – «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կշարունակի և կընդլայնի համագործակցությունը հայոց ազգային բանակի հետ՝ հանուն ազգային բանակի անընդհատ հզորացման և մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացման: Այդ նպատակով նոր թափ կառնեն այցելությունները զորամասեր, սահմանագծի մարտական հենակետեր և հայրենիքի սահմանները պաշտպանող սպաներին, պայմանագրային զինծառայողներին, զինվորներին, արցախյան հերոսամարտի վետերաններին ու նրանց ընտանիքիներին:
Հինգերորդ – «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գործող ամենամասսայական, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարներով առաջնորդվող հայրենասիրական շարժումն է, և մեր նպատակն է լինելու կազմակերպության շարքերը շարունակել համալրել նվիրյալ, պետականամետ և հայրենատեր հայորդիներով:
Վեցերորդ – Հայոց պետականության անընդհատ զարգացման, այդ թվում նաև ազգային բանակի հզորացման գործընթացներին անընդհատ մասնակցելու ժամանակ անվերապահորեն կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահ և Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի բոլոր հրամաններն ու որոշումները:
Յոթերորդ – «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի՝ հայկական բարձրավանդակի արժանավոր ժառանգորդն է և հզոր ու միասնական Հայաստան կերտելու պահանջատերն ու իրականացնողը:
Համագումարը ընտրեց նաև Կազմակերպության ղեկավար մարմնի՝ 127 անդամներից կազմված խորհուրդ, ինչպես նաև Վերահսկիչ Հանձնաժողով՝ հինգ անդամներով: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության վերընտրված նախագահ Խաչիկ Ասրյանը համագումարին ներկայացրեց Կազմակերպության նոր աշխատակազմը.
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ՝ Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ՝ Արմեն Կիրակոսյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, Կազմակերպության քարտուղար՝ Խաչատուր Մաթուլյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ՝ Վահան Հասրաթյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, Կազմակերպության մարզամշակութային հանձնաժողովի նախագահ, Կազմակերպության աշխատակազմի ղեկավար՝ Տիգրան Առաքելյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Բաբախանյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ, Կազմակերպության նախագահի խորհրդական՝ Մհեր Եղիազարյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կանանց հանձնաժողովի նախագահ, Կազմակերպության նախագահի խորհրդական, Կազմակերպության հիմնի խոսքերի հեղինակ, գրող, հրապարակախոս՝ Ռուզան Ասատրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առողջապահության հարցերի հետ կապված հանձնաժողովի նախագահ՝ Սարգիս Ղուկասյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահի խորհրդական՝ Արծրուն Եղիազարյան:
Կազմակերպության նախագահը տեղեկացրեց նաև, որ Կազմակերպության Սոցիալական հանձնաժողովը այս պահից դադարեցնում է իր աշխատանքները՝ որոշակի ժամանակով: Առաջիկայում Կազմակերպության նախագահի աշխատակազմում կլինեն նոր նշանակումներ:
Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին՝ «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների կայացման ու հզորացման գործընթացներում բացառիկ մասնակցություն և ներդրում ունենալու համար:
Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու համար: Խաչիկ Ասրյանը համագումարի անունից երախտագիտության ու շնորհավորանքի խոսք ուղեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» կազմակերպությունների ռազմահայրենասիրական ծրագրերին ու միջոցառումներին աջակցելու համար և նրան նվիրեց ուժի ու հզորության խորհրդանիշ՝ Սուր:
Խաչիկ Ասրյանը համագումարի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ Կազմակերպության հայրենասիրական գործունեությանը աջակցելու համար և նրան նվիրեց Կազմակերպության խորհրդանիշ՝ Արծիվ:
Խաչիկ Ասրյանը Կազմակերպության բարձրագույն պարգևով՝ «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց Արցախի հերոս, գրող հրապարակախոս Զորի Բալայանին և ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ գերատեսչական մեդալներով պարգևատրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 17 անդամների:
Համագումարի աշխատանքների ավարտից հետո բոլոր պատվիրակները կուռ շարքերով քայլեցին դեպի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի հրաձգարան և համաձայն կրակային պատրաստության ծրագրի կրակեցին մարտական փամփուշտներով:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով