Հայաստանի նկարիչների միությունը, պահպանելով ավանդույթները, տարվա ընթացքում իր հարկի տակ է համախմբելու տեղացի ու արտերկրից ժամանած երիտասարդ եւ բազմավաստակ ստեղծագործողների. կազմակերպելու է ցուցահանդեսներ, պլեներներ, վարպետության դասեր եւ այլ կարեւոր միջոցառումներ:
Միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասում է՝ աշխատում են ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի կառույցը մշտապես ուշադրության կենտրոնում լինի:
«Ընթացիկ ցուցահանդեսներ շատ կլինեն, սակայն փետրվարի 8-ին բացվելու է «Վարկանիշային ցուցահանդես»-ը, որին մասնակցելու են միության անդամ չհանդիսացող արվեստագետները: Այս ցուցահանդեսն իրականանում է ժյուրիի մասնակցությամբ: Բոլոր նրանք, ովքեր կընտրվեն ժյուրիի կողմից, կստանան մեկ միավոր եւ, այդ միավորները հավաքելով, կկարողանան դիմել Հայաստանի նկարիչների միության անդամակցության համար: Հետո կմեկնարկի «Գարնանային սալոն» ցուցահանդեսը, որի կազմակերպումն ավանդույթ է դարձել: Ցուցադրությանը մասնակցում են միայն միության անդամները»,-հիշեցնում է Սաֆարյանը:
2024-ին նախատեսվում են նաեւ հոբելյանական ցուցահանդեսներ. նշվելու են Վալենտին Պոդպոմոգովի, Վլադիմիր Սահակյանի, Լեւոն Կոջոյանի, Ռուբեն Ադալյանի, Հաղթանակ Շահումյանի, Խաչատուր Ազիզյանի եւ այլ նկարիչների հոբելյաններ:
Իսկ այս օրերին Նկարիչների միություն այցելելով՝ հնարավոր կլինի ծանոթանալ երջանկահիշատակ Վահան Քոչարի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որում ընդգրկված են Քոչարի՝ 15-ից մինչեւ 71 տարեկանը ստեղծած կտավները:
Սուրեն Սաֆարյանը շատ է կարեւորում համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այդ կապն ամրապնդելու նպատակով միությունը նախաձեռնելու է միջազգային պլեներ-սիմպոզիում: Այն կանցկացվի հուլիսին Նկարիչների ստեղծագործական տանը, որը Սեւանի ափին է՝ Շորժայում: Պլեներ-սիմպոզիումը, որին մասնակցելու են ութ երկրից նկարիչներ, կյանքի կկոչվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
«Այս տարի մեր առաջ նպատակ ենք դրել միության մասնաճյուղերում իրականացնել տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ, որ ակտիվացնենք մարզային մշակութային կյանքը: Շատ ծրագրեր կան, որոնց վրա աշխատում ենք, սակայն մինչեւ չեն հստակեցվում, նախընտրում եմ չխոսել դրանց մասին»,-ասում է միության նախագահն ու հավելում՝ նախատեսում են հյուրընկալել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Դարի վավերագրություն» խորագրով ցուցահանդեսը, որում հնարավոր կլինի տեսնել լուսանկարներ, որոնք անդրադառնում են երկրի կարեւոր իրադարձություններին, ականավոր մարդկանց, ողբերգական եւ հաղթական դրվագներին:
Սաֆարյանը հավաստիացնում է՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր օրերում նկարիչները ձգտում են անդամակցել Հայաստանի նկարիչների միությանը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԵԿՆԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ
Հայաստանի մարմնամարզության հավաքականը հունվարի 30-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի:
Այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ուսումնամարզական հավաքը կլինի երկշաբաթյա եւ կեզրափակվի փետրվարի 13-ին: Հավաքականը հենց Թբիլիսիից էլ կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` մասնակցելու մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Մարմնամարզության հավաքականում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը եւ Աշոտ Գասպարյանը:
«ՓՅՈՒՆԻԿ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կվերսկսվի փետրվարի 22-ին:
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կկայանան «Շիրակ»-ԲԿՄԱ, «Նոա»-«Ուրարտու», «Ալաշկերտ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Արարատ»-«Վեստ Արմենիա» հանդիպումները:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն, որոնք ունեն 42-ական միավոր: 4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր: Երկու միավոր քիչ` 32 միավոր ունի «Ալաշկերտ»-ը: Այնուհետ միմյանց հաջորդում են ԲԿՄԱ-ն, «Արարատ»-ը, «Վեստ Արմենիա»-ն, «Վան»-ը, «Շիրակ»-ը:
ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԸ՝ ՀՀ-ՈՒՄ
Շիրակի մարզի Աշոցք համայնքում հունվարի 30-ին մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության առաջին փուլը:
Այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մասնակիցների քանակը քիչ է, սակայն մեր առաջատարները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նրանք լրջորեն պատրաստվել են մրցաշարին»,-ասաց Սարգսյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` առաջնության առաջին փուլում արտերկրից մասնակիցներ չկան, սակայն փետրվարին սպասվող առաջնությանը, հնարավոր է, մասնակիցներ լինեն նաեւ արտերկրից։ Մասնավորապես, մրցաշարին մասնակցելու ցանկություն է հայտնել Իրանի հավաքականը։
«Ձյան պակասի խնդիր ունենք, բայց լիահույս ենք, որ այս խնդիրը կլուծվի առաջիկայում»,-առանձնացրեց նա:
Հայաստանի առաջնության առաջին փուլում տղամարդիկ կմրցեն 10 կմ դասական ոճում եւ արագավազքում, իսկ կանայք` 5 կմ ազատ եւ դասական ոճերում: