«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է: Ըստ փաստաբանի՝ Գլխավոր դատախազությունը բոլոր ատյանները դիմել է, բայց դատարանի որոշմամբ Սրբազանն արդարացվել է:
2023 թվականին գրել էինք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։
Պարզվել է, որ գործը վերաբացվել է՝ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա։
Ըստ գործարարի. «ՀՀ քաղաքացի Ս. Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը եւ նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր-տնօրեն Ա. Ս.-ին (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է -խմբ.)՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի եւ բանկերից մեկի միջեւ կնքված պայմանագրով Ա. Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար եւ 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:
Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ա. Ս.-ն կատարել է մի շարք բանկային եւ առեւտրային գործարքներ, մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն եւ Ս. Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերությունը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ ճանապարհ են անցել, եւ ինչպես է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արդարացվել։
Մանրամասները՝ ArmLur.am կայքում։
Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել Էկոնոմիկայի նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաեւ խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս նաեւ ձերբակալվել է։ Ձերբակալվել է նաեւ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գնումները, նկատեց, որ հունվարի 26-ին նախարարությունը Վարդան Կոստանյանին փոխանցել է 40 մլն 54 հազար դրամ, իսկ գնման առարկայի անվանումը Կոստանյանի պաշտոնն է՝ առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Վարդան Կոստանյանը 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ` 3 տարի ժամկետով։ Բանն այն է, որ Կոստանյանի պաշտոնավարման ժամկետը հուլիսի 1-ին լրանալու է, իսկ հատկացումն արված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Ներկայացնենք, թե ինչի համար է նախատեսված 40 մլն դրամը կամ գրեթե 99 հազար ԱՄՆ դոլարը, որը տրամադրվել էր ՀՀ պետբյուջեից։ Այսպիսով, նշված գումարից 15 մլն դրամը Կոստանյանի վարձատրությունն է, 6 մլն դրամը բնակարանի վարձակալության եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող հավելավճարն է։ 18 մլն 572 հազար դրամը նախատեսվել է պահպանման այլ ծախսերի համար, որը ներառում է տրանսպորտի ապահովագրություն եւ պահպանում, գույքի եւ տեխնիկայի ապահովագրություն, գործուղման ծախսեր եւ այլն։ Ինչ կապ ունի այս հատկացումը իրավապահների բացահայտումների հետ՝ ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ խոշոր ծախսերից մեկն այս ամիս Էկոնոմիկայի նախարարությունում դա է եղել:
ՔՊ-ական պատգամավորները մտադիր են պարբերաբար տարբեր նախարարների ու պաշտոնյաների կանչել խորհրդարան՝ փակ հանդիպումների: Ընդ որում՝ առաջնային այն նախարարներն ու պաշտոնյաներն են կանչվելու ԱԺ, որոնց աշխատանքից Փաշինյանը դժգոհ է, կամ որոնք հաճախ են աչքի ընկնում աղմկահարույց միջադեպերով: Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ պաշտոնյաներին ու նախարարներին խորհրդարան կանչելու նախաձեռնությունը ոչ թե Փաշինյանինն է, այլ պատգամավորներինը, մասնավորապես՝ ՔՊ խմբակցության վերնախավինը: Հավանաբար, օրենսդիրներն այսպիսով մտադիր են խորհրդարանի վերահսկողությունը մեծացնել այլ կառույցների վրա: Խորհրդարան ասելով՝ նրանք նկատի ունեն ՔՊ-ն: Իսկ ՔՊ-ն էլ թիրախավորում է միայն այն պաշտոնյաներին, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը լարված է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը ավարտական փուլին է մոտենում, ասել է թե՝ նախաքննական մարմինը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի: Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետեւանքով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ Նորայր Սաֆարյանը կալանավորված են: Գրել էինք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին: Հավելենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին եւ նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։ Նրանք ծանուցագիր էին ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր։ Բանն այն է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում. այն 2020թ.-ի դրությամբ 263 մլն 981 հազար դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին եւ Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չեն ներկայացրել: Թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ։