Վերջին շրջանում Հայաստանում իշխանությունները նախատեսում են Սահմանադրական փոփոխություններ, այս ընթացքում Ադրբեջանի նախագահը հոխորտում է, որ հայկական քաղաքները ադրբեջանական են։ ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ Սահմանադրական սպասվելիք փոփոխությունների, Ալիեւի հայտարարությունների եւ Արցախի նախկին ղեկավարների գերության մասին։
-Պարո՛ն Կոլերով, Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում բազմիցս հիշատակել է հայկական որոշ քաղաքներ՝ ասելով, որ դրանք ադրբեջանական են։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը հայերի համար։
-Բաքվից ոչ մի նոր բան չի լսվել. ինքը՝ Երեւանը, ժամանակին կոչվել է ադրբեջանական։ Սա նշանակում է, որ Բաքվի էքսպանսիան Հայաստանում շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից։
-Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել բանտարկյալներին եւ Արցախի նախկին նախագահներին վերադարձնելու ուղղությամբ, սակայն փորձերն արդյունք չեն տալիս։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը նրանց վերադարձնելու համար։
-Հայաստանը սկզբում չպետք է թույլ տար նրանց առեւանգումը։ Այժմ համարժեք փոխանակումը կամ նրանց վերադարձը հնարավոր է միայն ցանկացած բանակցությունների նախապայմանով։
-Վերջերս հրապարակվեցին Արցախի նախագահների լուսանկարները Բաքվի բանտից։ Նրանք կարծես ժպտում են, բայց միայն նկարներում։ Սա Ադրբեջանի քարոզչամեքենան էր. ինչպե՞ս կմեկնաբանեք այս քայլը։
-Իմ տեղեկություններով՝ ոչ բոլոր գերեվարված արցախցիներն են լավ պայմաններում պահվում։
-Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ Փաշինյանը ցանկանում է փոխել այն։
-Փաշինյանը ցանկանում է հավերժ կառավարել իշխանությանը հավերժ տիրելու համար։
-Մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, բայց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկում են սահմանագծման հարցը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ սահմանազատման մասին կարող է խոսք լինել։ Ինչպիսի՞ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն իր հայացքն ուղղել է Հայաստանի ինքնիշխան տարածքին։
-Խաղաղությունը սկզբունքորեն չի կարող գոյություն ունենալ առանց սահմանազատման։ Դեռեւս սահմանազատում չի եղել։ Հայաստանում անկայունության հիմնական գործոնը հայ բնակչության փախուստն է Սյունիքից (Զանգեզուր)։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄՈՐՖ ԼԻՆԵԼ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրության մեջ եւ այլ փաստաթղթերում ի սկզբանե ունեցել է եւ ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները եւ իրադարձությունները:
Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը մտածում է Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու ուղղությամբ, որտեղ խոսք կա Լեռնային Ղարաբաղի մասին։
«Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում եւ ինչ նպատակներ է հետապնդում, ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը: Արդյոք այդ գոյությունը նրա՞ համար է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով եւ ունենա բարեկեցիկ կյանք»,- նշեց Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ այդ հարցերի պատասխանները պետք է տալ, եւ որ դրանց պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ:
«Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան։ Որեւիցե մեկը չի կարող այդ հարցում մեզ հետ վիճել: Չի կարող Հայաստանի քաղաքացին չհասկանալ եւ չիմանալ, թե որտեղ է սկսվում ու վերջանում իր հայրենիքը։
Հայկական լեռնաշխարհը, այո՛, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է, բայց ես ունեմ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Մենք անկախացել ենք 1991 թվականին կոնկրետ սահմաններով, եւ դա պետք է հասկանալի լինի եւ արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է կամ կապ ունի արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Ես ձեզ կոչ եմ անում եւ մի պնդում եմ ուզում անել, որ այսուհետ բոլոր այն դրվագներում, որտեղ դուք Հայաստանի պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացե՛ք, որ նույն հարցը բարձրացվում է Հայաստանի կողմից: Ադրբեջանի Սահմանադրությունում, Ադրբեջանի իրավական ակտերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն:
Եվ կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որը Հայաստանը իրականացնում է, արվում է հայելային: Այսինքն՝ եթե կա ինչ-որ ակնարկ կամ առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Սիմոնյանը։
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գեւորգյանը հունվարի 30-ին Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։
Իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ եւ չինացի հնագույն ժողովուրդների միջեւ հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը:
Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա գործունեության ընթացքում։
Հունվարի 29-ին Վահե Գեւորգյանը ՉԺՀ ԱԳՆ-ում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել ՉԺՀ ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Հուն Լեյին:
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՀՐԱՎԻՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:
Առիթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարությունն էր ԱԺ ամբիոնից, որից հետո նրան հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նա ինչպես ԱԺ-ում, այնպես էլ իրավապահների մոտ իր նկատմամբ ճնշումների դեպքերով կոնկրետ անուններ է հնչեցրել:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։
«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր…
Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ… Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է…
Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույց՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։
Եվ, ահա, այս վարույթի շրջանակում նրանց կհարցաքննեն։