ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլան իր անկեղծ շնորհավորանքն է հղել բարեկամ հայ ժողովրդին ս.թ. փետրվարի 1-ից ԱՄԷ մեկնելիս նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջից  ազատվելու կապակցությամբ:

 

«Մեր հայ եղբայրներն ու քույրերը վաղվանից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մուտք գործել առանց մուտքի արտոնագրի»,- «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանը նաեւ շեշտել է, որ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու որոշումն արտացոլում է երկու երկրների միջեւ փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորությունը եւ դրանք ի շահ երկու երկրների զարգացնելու համատեղ ցանկությունը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն երկու երկրների միջեւ զբոսաշրջության, առեւտրի, տնտեսության եւ ներդրումների ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաեւ կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ մշակութային եւ քաղաքակրթական փոխգործակցության խորացմանը։

«ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրերի ազատականացումը մեր կառավարությունների կողմից ձեռնարկված համատեղ ջանքերի արդյունքն է, որն ուղղված է  բոլոր մակարդակներում երկկողմ բարեկամական հարաբերությունների համար ավելի լայն հորիզոններ բացելուն  եւ երկու երկրների շուկաներում գործարար համայնքների ու մասնավոր հատվածի համար նոր խոստումնալից հնարավորություններ ստեղծելուն։ Այսպիսով, հույս ունենք խթանել հայ գործարարների եւ ընկերությունների ներդրումներն ԱՄԷ-ում»,- ասել է Ալ-Մուլլան։

Համարելով  2023 թվականը հաջող տարի երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման տեսանկյունից՝ դեսպանը հիշեցրել է, որ ԱՄԷ-ն եւ ՀՀ-ն  նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 25-ամյակը: Նա ընդգծել է, որ 2023 թ.-ի  ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցությունը հանգեցրել է բազմաթիվ շոշափելի ձեռքբերումների, որոնք արտահայտվել են ոչ միայն առեւտրաշրջանառության աճով, որը 2023 թ.-ի 11 ամիսների ընթացքում հասել է ավելի քան 1,9 միլիարդ դոլարի (ըստ արտահանող երկրի), այլ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ փոխայցելությունների ակտիվացմամբ, ինչպես նաեւ երկուստեք առաջնահերթ ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ։

Այս համատեքստում դեսպանը մասնավորապես բարձր է գնահատել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն ԱՄԷ, ինչպես նաեւ ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալ-Սայեղի եւ վերջերս Ալի Ալ-Նուայմիի գլխավորած ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի պատվիրակության այցերը Հայաստան՝ կարեւորելով նաեւ 2023թ.-ին Երեւանում կայացած հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը եւ ՀՀ մասնակցությունն ԱՄԷ-ում տեղի ունեցած COP28-ի համաժողովին, որն արժեւորվել է նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Ալ-Մուլլան գոհունակությամբ հայտնել է նաեւ էմիրաթական ավիաընկերությունների (Fly Dubai, Air Arabia եւ Wizz Air) կողմից երկու երկրների միջեւ շաբաթական մոտ 30 ուղիղ չվերթների իրականացումը՝ այն կարեւոր գործոն համարելով զբոսաշրջության եւ բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շարունակական դինամիկայի պահպանման տեսանկյունից։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՈՉ ՈՔ ԻՐ ՈԼՈՐՏԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական կաբինետից դժգոհ է:

 

ArmLur.am-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը եթե կադրեր գտնի, որոնք կցանկանան իր հետ աշխատել, ապա բոլոր նախարարներին, գերատեսչության ղեկավարներին կազատի աշխատանքից` նոր կադրերով փոխարինելով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն տեւական ժամամակ է՝ շրջում է գերատեսչություններով, ղեկավարներին հարցեր է ուղղում իրենց ոլորտից, բայց պարզվում է` ոչ ոք իր ոլորտին չի տիրապետում: Ու այդ այցերից հետո որոշում է կայացրել հերթով, շարքով փոխել բոլորին: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին երեք նախարարի փնտրտուքի մեջ է. նախ պետք է հեռանան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Այս երեք նախարարները, պարզել է Փաշինյանը, բացարձակ չեն տիրապետում իրենց ոլորտին. փակ հանդիպումներին հարց է տվել նրանց, սակայն այդ հարցերը մնացել են անպատասխան: Ըստ մեր աղբյուրների՝ Սիմիդյանն անգամ չի կարողացել տարրական հարցերին պատասխանել, ինչը շատ վրդովեցրել է Փաշինյանին: Վարչապետը հայտարարել է, որ Սիմիդյանը պետք է անհապաղ հեռանա, բայց ոչ մի կադր չկա, որպեսզի նրան ազատի, մյուսին նշանակի: Սեւ ամպեր են կուտակված նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին, որը տեւական ժամանակ լարված սպասում է իր ազատմանը, ՀՀ արդարադատություն նախարար Գրիգոր Մինասյանի, որն անդադար միջնորդներ է փնտրում իր պաշտոնին մնալու համար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, որը «ցնցուղի» հայտնի պատմությունից հետո Փաշինյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մյուս նախարարների աշխատանքից եւս Փաշինյանը դժգոհ է ու նրանց ակնհայտ ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը: Վարչապետը ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ բոլորը գիտեն, որ նա «ծանր» բնավորություն ունի, ու որեւէ մեկը այս պահին չի ցանկանում իր «անցավ» գլուխը դնել ցավի տակ: Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ անգամ ԱԺ ՔՊ խմբակցության տարբեր պատգամավորների է առաջարկվում օրենսդիրից տեղափոխվել գործադիր, բայց նրանք կտրուկ հրաժարվում են այդ առաջարկից: Մարզպետների փոփոխություն եւս Փաշինյանը նախատեսել է, բայց կրկին հայտնվել է ծանր դրության մեջ, երբ պարզել է, որ իր թիմում ոչ ոք չի ցանկանում իր հետ գործադիրում աշխատել: Հիմա Փաշինյանը կադրերի փնտրտուքի մեջ է, հայտարարություն են պաշտոնապես տարածում, սակայն կադրային բանկն այդպես էլ չի համալրվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հակառուսականության այնպիսի ալիք են առաջացրել, որ քաղաքացներից մեկը նախօրեին պղծել է ռուսական դրոշը:

«Ժողովուրդ»  օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ է իրավապահներին հայտնել ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել  Շիրինյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները նրան հարց են տվել, թե ինչու է նման քայլի  գնացել ու խուլիգանություն կատարել, 46-ամյա Շիրինյանն ասել է, թե ռուսները մեր նկատմամբ վատ բաներ արեցին. եթե չկա Արցախի հայերի ցեղասպանության ճանաչում, չկան նաեւ Լենինգրադում տուժածներ: Ամեն դեպքում, կատարողը ձերբակալված է։

Ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։

«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ տեղադրելով Tik Tok սոցիալական ցանցում»,- գրել է նա:

ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր  Բագրատաշենի անցակետից: Նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել են կանխել  նրա փախուստը։

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉԻ ՈՒՆԵՆԱ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների մրցույթն առանց ընդդիմության ներկայացուցչի կընթանա:

ArmLur.am-ը գրել էր, որ նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության տապալումից հետո, ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհրուրդը։ Խորհրդի կազմում ընդգրկված են Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչները: Իշխող «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության կողմից Մրցութային խորհրդում ընդգրկված է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

 

 




Լրահոս