Ղրիմի հանրաքվեից Արցախի օգուտը ո՞րն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ղրիմում կայացավ երկար սպասված հանրաքվեն: Հարցաթերթիկների վրա ռուսերեն, ուկրաիներեն և թաթարերեն լեզուներով գրված էր երկու հարց.

  1. «Դուք կո՞ղմ եք, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ենթակայի կարգավիճակով միանա Ռուսաստանին»։
  2. «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992 թվականի սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի` որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Ղրիմաբնակների մոտ 97 տոկոսը համաձայնվեց 1-ին հարցի հետ, և էթնիկ ռուսեներով բնակեցված Ղրիմը դարձավ Ռուսաստանի դաշնության մի մասը:

Թեև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ղրիմը կմիանա Դաշնությանը, և հանրաքվեն միանգամայն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքին։ Սակայն միջազգային ատյաննեը չեն ընդունում հանրաքվեի արդյունքները:

Հանրաքվեի արդյունքները չեն ընդունում նաև Ուկրաինայի ներկայիս իշխանությունները: Նրանք հայտարարել են, որ այն ապօրինի է, քանի որ Ուկրաինայի սահմաններից կամ շրջաններից մեկի կարգավիճակի փոփոխությանը վերաբերող հարցերը պետք է ներկայացվեն համաուկրաինական հանրաքվեի։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ասել է, որ անջատողական գործողությունների բոլոր հեղինակները և նախաձեռնողները դատական պատասխանատվության են ենթարկվելու։

Ի՞նչ զարգացումներ կարող են հետևել այս գործընթացներին:

Եթե խոսենք իրավական հարթության մեջ, ապա հիշեցնենք, որ միակ պաշտոնական ատյանը, որը տեսականորեն կարող է միջազգային քաղաքական վեճեր լուծել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է: Սակայն այս կառույցը Ուկրաինայի հարցով բանաձև չի ընդունել: Պատճառը Ռուսաստանի Դաշնության դրած վետոն է:

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա այն համարվում է ընտրական գործընթացներ դիտարկող միջազգային կազմակերպությունը, որը, սակայն, հրաժարվել էր Ղրիմի հանրաքվեին դիտորդներ գործուղել: ԵԱՀԿ-ն ընդունել էր միայն Ուկրաինայի իշխանությունների հրավերը։

Այսպիսով՝ աշխարհը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները, իսկ Ռուսաստանը հաստատուն քայլերով գնում է Ղրիմին տիրանալու ճանապարհով: Այս իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ ևս մեկ անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունն առ այն, որ գերտերությունները այլ երկրներին առնչվող խնդիրները կարգավորում են անձնական շահագրգռվածությունից ելնելով: Հիմա Եվրոպան ու ԱՄՆ-ն չեն ընդունում Ղրիմի ընդունած որոշումը, իսկ Ռուսաստանը ողջունում է:

Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հարցը, որի անկախությունը չեն ճանաչում ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն: Նշանակում է` այս երկու գերտերությունները մեր հարցով դեռ «չեն բարիշել»:

Մնում է հուսալ, որ Ղրիմի հանրաքվեի գործընթացը որևէ կերպ կօգնի Արցախի հարցի անկախության ճանաչմանը:




Լրահոս