Փետրվարի 8-ին Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ահազանգ է ստացել այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից շրջաբերական է գնացել Հայաստանի տարբեր դպրոցներ՝ պահանջելով հեռացնել Փառքի անկյունները, որոնք նվիրված են Հայրենիքի համար զոհված մեր հերոսներին:
ArmLur.am-ը կապ է հաստատել Նաիրի Հոխիկյանի հետ՝ պարզելու տեղեկության հավաստիությունը.
«Ֆեյսբուքյան իմ հայտարարության մեջ էլ նշել էի, որ միանշանակ չէ և խնդրել էի, ովքեր հավաստի տեղեկություն ունեն, կապ հաստատեն ինձ հետ: Իրականում հանձնարարությունները տրվել են Ապարանի երկու դպրոցներում, որի մասին ինձ տեղեկացրել են՝ խնդրելով պահել անվան գաղտնիությունը: Ինձ խոստացել են փոխանցել նաև ԿԳՄՍ նախարարության կողմից ուղարկված շրջաբերականներից փաստեր, որոնք կհավաստիացնեն տեղեկությունը: Հիմա սպասում եմ այդ փաստերին, որոնք ստանալուն պես կհրապարակեմ և կսկսեմ իմ քայլերը թույլ չտալու հեռացնել մեր փառքի անկյունները»,- ասաց Նաիրի Հոխիկյանը:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց մեզ այն մասին, որ դպրոցներից մեկի տնօրենից էլ տեղեկացել է, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերից հանձնարարական են ստացել, որ դպրոցները չի կարելի զարդարել նախարարության կողմից չհաստատված պատկերներով:
«Իհարկե, ես չեմ զարմանա, որ տեղեկությունը հաստատվի, քանի որ նախարարության կողմից կատարվող քայլերը անհասկանալի են և մեծ մասով այն տգիտության նախարարություն է, քան գիտության: Փառքի անկյունները մեր նվիրումի հերոսների, նվիրյալների, զոհերի մասին է, որը ոչ միայն հիշատակի հավերժացում է, այլև սերունդներին փոխանցվող ինֆորմացիա»,- ասաց Ն.Հոխիկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նույն ձևով հանրապետության ողջ դպրոցներում, հատկապես մարզպետարանների կողմից ակտիվ վերահսկողություն է, որպեսզի դպրոցներում չլինեն Արցախի դրոշը, քարտեզը, չխոսվի Արցախի բնակավայրերի և պատմության մասին: Ըստ Հոխիկյանի՝ այս քայլն արվում է նրա համար, որ հասարակությունը, երեխաները ոչ միայն որևէ տեսակի գիտելիք չունենան Արցախի մասին, այլև չունենան պատասխանատվություն կրելու՝ Արցախի նկատմամբ որևէ տեսակի տեսլական:
«Եթե հասարակության միջից հանում ես Արցախի հետ կապված գիտելիքներ, պատկերացում, ինչու չէ նաև երազանքներն ու նպատակներն, ապա պարզ է, որ հետագայում չենք ունենա Արցախն ազատագրելու որևէ ձգտում: Այս ամենի հետևում Նիկոլ Փաշինյանի այն խոսքն է, որ Հայաստանը պետություն է: Այսինքն՝ Հայաստանն այսօրվա 29 հազար և ավելի քառ.կմ-ից այն կողմ իրենց համար հայրենիք չկա: Սա է իրենց գաղափարը և, ես չեմ զարմանա, եթե այս իշխանությունը կառավարության շենքից դուրս հայրենիք չտեսնի: Սրանք մտածում են ֆրանսիական Յակոբինյաների, Լյուդովիկոսի սկզբունքով՝ «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»: Հիմա սրանք են: Սրանց համար իրենց ստամոքսից անդին ոչինչ չկա»,- եզրափակեց Նաիրի Հոխիկյանը:
Նանիկ Աղասյան