ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու հետաձգվեց տրանսպորտի թանկացման նախագծի քննարկումը․ իշխանությունները զիջումների կգնա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրացած մեծ աղմուկից հետո քաղաքային իշխանությունները որոշել են հետաձգել տրանսպորտի թանկացման մասին աղմկահարույց նախագիծը:
Նախագծով առաջակվում էր թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, իսկ թե որքան կլինի գնի ավելացումը, կախված կլինի թե քաղաքացիները վճարելու ի՞նչ տարբերակ կընտրեն՝ մեկանգամյա՞, օրակա՞ն, ամսակա՞ն, թե՞ տարեկան:

Նախագծով առաջարկվում է ներդնել սակագնային տարբեր փաթեթներ, ուստի դժվար է նշել թանկացման հստակ չափը: 60 ուղևորության հաշվարկով ամսական տոմսի համար այլ տարբերակով անհրաժեշտ է լինելու վճարել 11 000, իսկ Telcel համակարգով վճարելիս՝ 10 հազար 800 դրամ: Նմանապես, եռամսյակային և տարեկան տոմսերն արժենալու են համապատասխանաբար 25 և 24,8 ու 110 և 108 հազար դրամ: Ըստ այդմ՝ մեկ ուղղությամբ տրանսպորտային մեկ միջոցով ուղևորության արժեքը դառնալու է 180 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Իսկ, օրինակ, 70 րոպեանոց մեկ տոմսով անձը նշված ժամանակահատվածում կարող է օգտվել մի քանի տրանսպորտային միջոցից:
Այս նախագիծը հանրության շրջանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց, ընդդիմադիր ավագանու անդամները հայտարարել են, որ բոյկոտելու են տրանսպորտի թանկացման նախագիծը ու անհրաժեշտության դեպքում նաև փողոցային պայքար են սկսելու:

Փաստորեն, աղմուկից հետո իշխանությունները որոշել են հետաձգել նախագծի քննարկումը: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ նախագիծը կհանվի փետրվարի 13-ի ավագանու նիստի օրակարգից, կքննարկվի, հնարավոր է որոշ փոփոխություններ լինեն ու կրկին կներկայացվի ավագանու նիստին: Իսկ թե ի՞նչ փոփոխություններ կլինեն նախագծում, պարզ կդառնա առաջիկայում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս