Ամեն օր աշխարհի տարբեր կետերում տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքիր, կարևոր և շրջադարձային իրադարձություններ. ծնվում են նոր անուններ, որոնք իրենց հետքը պիտի թողնեն պատմության մեջ, մահանում երևելի դեմքեր, նոր ստեղծագործություններ են ի հայտ գալիս, նոր հայտնագործություններ՝ արվում, պատմության գիրկն են անցնում բուսական և կենդանական տեսակներ կամ առաջանում նորերը:
Հայ իրականության մեջ փետրվարի 9-ը առանձնանում է մի քանի իրադարձություններով.
1872 թվականի այս օրը ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին Հանրապետության առաջին դեսպան, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից Արմեն Գարոն: Իր կյանքի ընթացքում աջակցել է Զեյթունի ամստամբությանը, եղել Օսմանյան խորհրդարանի անդամ, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, Վանի ինքնապաշտպանությանը:
1885 թվականին ռուսական կայսրության Թիֆլիս նահանգում ծնվել է Նաիրյան երկրի երգիչ Վահան Տերյանը:
«Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Ոսկե շղթա», «Երկիր Նաիրի» և «Կատվի դրախտ» բանաստեղծական շարքերի հեղինակը արևելահայ բանաստեղծության մեջ առաջինն էր, որ դասական մակարդակի է հասցրել շարքերով գրելու սկզբունքը։
Մեկ տարի անց՝ 1886 թվականին, Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականների ընտանիքում, ծնվել է հայ քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը, ով 1921 թվականին պիտի դառնար Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ:
Հուրի Բաղդասարյան