Առողջապահաության նախարարության այս տարվա ամենախոշոր դրամաշնորհը․ ինչի համար է ծախսվելու 2 միլիարդ դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե Առողջապահության նախարարությունը 2024 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 10-ը ինչի համար է օգտագործել նախարարության բյուջեով սահմանված դրամաշնորհներին հատկացված գումարները։

Նախարարությունն այս տարի դրամաշնորհային 3 պայմանագիր է կնքել, որոնց արժեքը կազմել է 2 մլրդ 395 մլն դրամ, 190 մլն դրամ և 1 մլն 860 հազար դրամ։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե որն է եղել ամենախոշոր դրամաշնորհային հատկացման նպատակը։ Դրամաշնորհի պայմանագիրը կնքված է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Պայմանագրով նախատեսված է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ իրականացնել։ Պայամանագրի հավելվածում առանձնացված են հստակ ծառայություններ և հետազոտություններ, որոնք պարտադիր կատարման համար են։ Պայմանագրում ֆիքսված են նաև ծառայությունների միջինացված գները։ Օրինակ՝ ամենաթանկ ծառայության արժեքը կազմում է 33 հազար 400 դրամ, այն է սիբիրախտի վերաբերյալ մարդու և շրջակա օբյեկտների նմուշների հետազոտությունը։

Հետաքրքիրն այն է, որ պայմանագրում առանձնացված է առանձին կետ՝ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը՝ Ֆորս-Մաժոր։ Ըստ պայմանագրի այս կետի կողմերը նախատեսված պարտականություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Եթե արտակարգ իրավիճակներ պատահեն և երեք ամիս անընդմեջ չկատարվեն պայմանագրով նախատեսված դրույթներն, ապա կողմերը կարող են լուծարել պայմանագիրը։

Բանն այն է, որ պայմանագրում նշված չէ, թե նման դեպքում նախարարությունը ինչպես է վարվելու պայմանագրով սահմանված գումարի հետ։

Էմմա Միքայելյան




Լրահոս