Այն, որ Հայաստանում հարստանում և իրենց լավ են զգում հատկապես այն մարդիկ, որոնք կրթության հետ խնդիրներ ունեն, վաղուց հայտնի իրողություն է: Այս անգամ մենք փորձեցինք «քրքրել» երևանյան ամենահայտնի և էլիտար սուպերմարկետների ցանցերից մեկի ` «ՍԱՍ»-ի սեփականատիրոջ ` Արտակ Սարգսյանի անցած ուղին:
Պետք է նկատենք, որ 38-ամյա Սարգսյանը բավականին աղքատիկ կենսագրություն ունի:
Այս պարոնը 1997 թվականից եղել է «SAS» գրուպի նախագահը: Բայց կոշիկ կարելուց խոշոր գործարարի կարգավիճակին հասած Արտակ Սարգսյանը կյանքի գրեթե երրորդ տասնամյակում հասկացել է, որ, այնուամենայնիվ, մի բան իրեն պակասում է: Հավանաբար երկար տատանվելով ` ի վերջո հասկացել է, որ կրթություն չունի:
Եվ այսպես, 28 տարեկան հասակում ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ` «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Չենք վիճարկում հարցը ` Արտակ Սարգսյանը գնե՞լ է իր դիպլոմը, թե՞, այնուամենայնիվ, կարևոր գործերի ընթացքում կարողացել է հասցնել սովորել: Բայց փաստ է, որ այսօր Ագրարային համալսարան դարձած նախկին գյուղակադեմիայի դիպլոմը ստանալուց 3 տարի հետո Արտակ Սարգսյանը դարձավ ԱԺ պատգամավոր:
Այսինքն ` նրան քաղաքականություն մտնելու համար դիպլոմն էր պակասում և ինչ-որ մարդիկ բարեկամաբար խորհուրդ էին տվել, որպեսզի դիպլոմ ունենա, նոր Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ, թե չէ հերթականությունը խառնելը մի քիչ լավ չէր ստացվի: Ըստ նրա պաշտոնական կենսագրության ` նա եղել է «ՍԱՍ»-ի նախագահը, հետո ավարտել է Գյուղակադեմիան և պատգամավոր է դարձել: Վերջ: Բայց մենք կկենտրոնանանք նրա կենսագրության հատկապես վերջին փուլի վրա:
Արձանագրենք, որ Արտակ Սարգսյանը 31 տարեկան հասակում «ծվարեց» «Օրինաց երկիր» կուսակցության «թևի տակ»:
Եվ երբ այդ կուսակցության «բալանսում» եղած պատգամավորական մանդատներից մեկը ազատվեց, Սարգսյանը ձեռնամուխ եղավ ստանալու ՕԵԿ-ի այն ժամանակվա համար ազդեցիկ դաբրոն: Եվ սկսվեց կատաղի պայքարը Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, հանուն իր «ՍԱՍ» ընկերոջ, պայքարի դուրս եկավ ապարանյան թիմի դեմ ` ի վերջո ջախջախիչ հաղթանակ տանելով ապարանցի Արայիկ Հայրապետյանի ` «Լավանդայի Արայիկի» նկատմամբ: Ստանալով այդքան բաղձալի պատգամավորական մանդատը ` Արտակ Սարգսյանը սկսեց արտերկիր մեկնել օդանավակայանի «ՎԻՊ» մուտքով, ինքնաթիռում նստել «Բիզնես կլասս»-ում, դրսերում «պատգամավոր էր աշխատում», իսկ խորհրդարանի ներսում անհաղորդ հայացքով նայում էր այս ու այն կողմ: Այդ պատգամավորն այդպես էլ չգիտակցեց իր մանդատի լրջությունը:
Նա լրագրողներին մշտապես երանի էր տալիս, որ իրենից ավելի շատ բան գիտեն: «Բայց դու էդքան բան ո՞րդից գիտես» կամ «Էդքան ե՞րբ ես հասցրե կարդաս, տնաշե՛ն» ` միայն այսպիսի մտքեր է արտաբերել «ՍԱՍ»-ի Արտակը ` այն էլ Ազգային Ժողովի պատերի տակ: Փոխարենը նա «պատվով տարավ» իր ուսերին դրված ամենամեծ պարտականությունը ` երկրիս անվտանգությունը: Լինելով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ` Արտակ Սարգսյանը փրկեց մեր հայրենիքը ` թշնամու սպառնացող բոլոր վտանգներից:
Իսկ ինչ վերաբերում է նրա քաղաքական գործունեությանը, ապա նշենք, որ Արտակ Սարգսյանն ընդամենը երկու տարի հասցրեց ՕԵԿ-ականի կարգավիճակում լինել:
2006թ. մայիսի 22-ին նա լքեց իրեն պատգամավոր դարձրած «Օրինաց երկիր» կուսակցությունը: Սա այն շրջանն էր, երբ համատարած բոլոր գործարարները, այդ թվում և աղ ու հաց կերած, լքեցին Արթուր Բաղդասարյանին: Նույն թվականի մայիսի 25-ից Արտակը դարձավ ՕԵԿ-ից պառակտված «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Բայց անկուսակցական լինելը մի տեսակ դուր չէր գալիս «ՍԱՍ»-ի Արտակին: Նա մի քանի օրվա ընթացքում հասկացավ, որ նժդեհականությունն ավելի շատ է իր մեջ, և նետվեց դեպի ցեղակրոն գաղափարախոսության ջահակիրները ` շատ մականունավորների հետ 2006-ի հուլիսի 31-ից դառնալով ՀՀԿ անդամ: Այսօր նա Աժ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր է ՝ ՀՀԿ կրծքանշանը փակցրած:
Իսկ ինչպե՞ս նա իր գործերը կարողացավ դասավորել:
Չնայած ունեցած կրթական մակարդակին ` Արտակ Սարգսյանը քաղաքական ուժեղ հոտառություն ունի: Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք նա իր եղբոր հետ միասին ընդգծված ջերմ հարաբերություններ ուներ Արմեն Գևորգյանի ` Արմենչիկի հետ: Բայց երբ տեսավ, որ Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի դիրքերը իշխանության ներսում ավելի մեծ են, կամաց-կամաց թեքվեց դեպի Վաչիկ Ղազարյանի կողմը: Այսինքն ` այս երկու պարոններն են «ՍԱՍ»-ի տանիքը:
Բայց մի հետաքրքիր էլեմենտ էլ կա Արտակ Սարգսյանի կենսագրության ոչ պաշտոնական հատվածում. նրա երկու երեխաների կնքահայրը նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն է: Ու չնայած «կանաչ մեռոնի» գոյությանը` Արտակ Սարգսյանն ու նրա եղբայրը բանտարկվելուց հետո որևէ անգամ չեն այցելել Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամներին, անգամ չեն զանգահարել ` հետաքրքրվելու իրենց քավորի առողջությամբ: Կարծում ենք ` հասկանալի դարձավ, թե ով է «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանը, ինչ մարդկային տեսակի ու արժանիքների կրող է:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ