Վաղը՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանին հերթական նիստը կգումարի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում 15 հարց է լինելու, որոնցից միայն մեկն է զեկուցվող:
Երևանի ավագանին, փաստորեն, կառավարության գործելաոճն է որդեգրել և նիստերի օրակարգում գրեթե բոլոր հարցերը չզեկուցվող են: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ավագանու հենց առաջին նիստից բոյկոտում են դրանք, չեն մասնակցում քվեարկությունների, քանի որ հարցերը չզեկուցվող ձևաչափով են քննարկվում:
Նիստում ընդգրկված հարցերը, մասնավորապես, առնչվում են Երեւանի փողոցների անվանափովությանը եւ Երևանում գտնվող մի քանի հողամասերի նպատակային նշանակության փոփոխություններին:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ երկուշաբթի Երեւանի ավագանու խմբակցությունները նիստեր կանեն՝ ավագանու նիստից առաջ:
Ինչպես հայտնի է՝ դժգոհությունների մեծ ալիքից հետո փետրվարի 13-ի նիստի օրակարգից հանվել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ քննարկումներից ու լրամշակումներից հետո այն կրկին կներկայացվի ավագանու քննարկմանը:
Թե ե՞րբ այն կբերվի կրկին օրակարգ, դեռ հայտնի չէ:
Քրիստինա Մուշեղյան