ՀՀ Ազգային Ժողովում հայտնված պատգամավորների զգալի մասն, իհարկե, զավեշտալի կենսագրություն ունի: Նրանք, որպես կանոն, կա՛մ կրթություն չունեն, կա՛մ էլ գնված դիպլոմներով «ռեզյումե» են ապահովել` նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց բուկլետներում «ավարտել է…» արտահայտությունը գրելու համար: Բայց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանի կենսագրությունը սպասվածից ավելի ծիծաղելի էր: Նա դեռ սովորում է:
Այս օրենսդիրը ծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին` հենց գիտելիքի օրը, Արարատի մարզի Ազատաշեն գյուղում: Բայց անգամ ծննդյան օրը նրան չի օգնել, որպեսզի այս պատգամավորի վերաբերմունքն ինչ-որ կերպ փոխվի գիտելիքի ու կրթության նկատմամբ: Տիգրան Ստեփանյանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ նա մինչ օրս սովորում է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Փաստորեն, 51-ամյա Ստեփանյանը մինչեւ այսօր մասնագիտություն չունի: Նա դեռ ուսանող է: Բայց փոխարենն ԱԺ պատգամավորի մանդատ ունի, որը բացում է բոլոր «փակ դռները»:
Իսկ մինչ «կանաչ լույսը», Տիգրան Ստեփանյանը 1889-1993թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայում` որպես ավագ օպերատոր: 1993-1997թթ., չունենալով բարձրագույն կրթություն, ղեկավարել է նավթամթերքների ներկրմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ընկերությունը: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն: Նրա պաշտոնական կենսագրությունից հասկանալի չէ, թե ինչ ծառայություն է մատուցել մեր երկրին ու, ընդհանրապես, որ արժանիքի համար է հայտնվել երկրի օրենսդիր մարմնում: Նա ո՛չ զինվորական «կաֆեդրա» է անցել, ո՛չ հայկական բանակի «կողքով»:
Այս օրենսդիրը մերօրյա «հերոսների» իրական մարմնավորում է, որոնք «ո՛չ խելք ունեն, ո՛չ մեղք», բայց հաջողակ են ու երկրի կառավարման գործում իրենց ուղղակի մասնակցությունն են ցուցաբերում: 2007թ. մայիսի 12-ին Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելով թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի շրջան)` Տիգրան Ստեփանյանը հարյուրավոր օրենքներ է դակել խորհրդարանում, «նվիրել» հայ հասարակությանը` շատ հաճախ չհասկանալով, թե ինչ է քվեարկում, ինչի համար:
Միակ գովելի նախադասությունը, որ կա Ստեփանյանի կենսագրության մեջ, այն է, որ ամուսնացած է, ունի չորս երեխա:
Իհարկե, մեր ընթերցողի համար արդեն հասկանալի դարձավ, թե ով է Ստեփանյանը, ինչ մակարդակի գործունեություն կարող է ծավալել խորհրդարանում, բայց, ամեն դեպքում, մի քանի նախադասությամբ նկարագրենք, թե ով է նա ԱԺ «գերեզմանածին» շենքում (հիշեցնենք, որ այսօրվա խորհրդարանի շենքի տեղում նախկինում գերեզմանոց է եղել-Ա.Խ.):
Տիգրան Ստեփանյանը սեփական տեսակետ չունեցող օրենսդիր է, որը երբեւէ խորհրդարանի ամբիոնին չի մոտեցել: Նա «շառից-փորձանքից» հեռու կարգավիճակով իր ընկերների հետ գալիս է խորհրդարան, պարտաճանաչ կերպով գրանցվում (նա եւս մեծ դժվարություններից հետո սովորեց գրանցվելու ձեւը-Ա.Խ.), կատարում անհրաժեշտ քվեարկությունները, մեկ-մեկ իջնում ճաշարան` սնվելու եւ հեռանում: Այսքանով Ստեփանյանի խորհրդարանական գործունեությունն ավարտվում է: Նա 4 տարիների ընթացքում բերանից անգամ գոլորշի չի արտաբերել, ուր մնաց միտք:
Բայց այս պատգամավորը ներկայացված է խորհրդարանի ամենակարեւոր հանձնաժողովներից մեկում` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Այսինքն` մեր երկրի պաշտպանական ոլորտի օրենքների մշակումն ու ընդունումը վստահված է մի մարդու, որը կրթություն չունի: (Նշենք, որ Ստեփանյանը այս հանձնաժողովում ընդգրկվել է ընկերների «խաթեր», քանի որ Կարո Կարապետյանն ու Հրանտ Գրիգորյանն այս հանձնաժողովում են-Ա.Խ.):
Ինչ վերաբերում է նրա քաղաքական հայացքներին, ապա Ստեփանյանը թեեւ ԲՀԿ-ական է, այնուամենայնիվ, կյանքում մի անգամ ընդդիմադիր հակումներ ցույց տվեց: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ էր անցկացնում, նա եւս պատգամավոր Մանվել Ղազարյանի գլխավորությամբ ընդգրկվել էր հայտնի պատգամավորական ցուցակում, որոնք ստորագրել էին թուղթ, թե իբր աջակցում են ժողովրդին, այն է` Տեր-Պետրոսյանին: Բայց երբ նախագահական նստավայրից մի հեռախոսազանգ եղավ, ու Գագիկ Ծառուկյանն էլ մի թեթեւ բարկացավ (բանը առյուծների վանդակին չհասավ-Ա.Խ.), Ստեփանյանը հրաժարվեց իր ստորագրությունից, այդ օրերի ապրած բոլոր զգացողություններից ու հնազանդ փիսիկի պես վերադարձավ ՀՀԿ-ի թրի տակ:
Ստեփանյանը, մեծ հաշվով, ծաղկավաճառ է: Նա ծաղկի բիզնեսով է զբաղվում, եւ ասում են` բավականին հաջողակ է: Փաստորեն, ինչքան կրթական մակարդակը ցածր է լինում, այնքան բիզնես հակումներն ու արձանագրած հաջողությունները` բարձր:
ԾԱՂԿԱՎԱՃԱՌ, ՈՒՍԱՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ