ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ` 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ` լուծելով 2011 թ. հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը ` նրա դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ համալսարանի մի խումբ դասախոսներ ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ ամիսներ շարունակ բարձրաձայնում էին պոլիտեխնիկի բյուջեի գումարների անարդյունավետ ծախսման մասին ու պահանջում Արա Ավետիսյանի հրաժարականը: Այս առնչությամբ Armlur.am լրատվականի թղթակիցը զրուցեց Աշոտ Խաչատրյանի հետ:
–Պրն Խաչատրյան, սպասելի՞ էր, որ Արա Ավետիսյանը հրժարական կտա: Փաստորեն ձեր պայքարն արդյունք տվեց:
-Սպասելին կդժվարանամ ասել, բայց որ պահանջարկված էր իր հրաժարականը կոլեկտիվի կողմից, դա հաստատ է: Մենք գոհ ենք, որ կայացվեց արդարացի որոշում: Ցավոք սրտի, հաստատվեցին մեր կասկածները, որ ռեկտորն անարդյունավետ է ծախսել համալսարանի բյուջեի գումարները: Արա Ավետիսյանը բարեփոխումների անվան տակ փորձում էր կոծկել բուհի ֆինանսական խնդիրները: Եթե նախագահի վերահսկողական ծառայությունը չբացահայտեր, որ խախտումներ են եղել… հավանաբար շատ լուրջ հարցադրումներ են դրել Ավետիսյանի առաջ:
-Այսինքն ` Դուք ընդունում եք, որ Ավետիսյանն հեռացավ ոչ թե այն պատճառով, որ Դուք դժգոհ էիք նրանից, այլ նախագահի վերահսկողական ծառայությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել:
-Գիտեք, մեկը մյուսի հետ փոխկապակցված է: Մենք Արա Ավետիսյանի անձի դեմ չենք պայքարել:
-Շրջանառվող լուրերի համաձայն ` Արա Ավետիսյանը իշխանության հետ ունեցել է լուրջ տարաձայնություններ, որի պատճառով էլ նրան հեռացրել են ռեկտորի պաշտոնից:
-Չէ, չեմ կարծում: Անկեղծ ասած, չեմ ուզում մեկնաբանել այդ լուրերը, բայց ինչո՞ւ պիտի նման բան լիներ: Ես նման բան չեմ լսել: Արա Ավետիսյանը ՀՀԿ կարկառուն դեմքերից է, միշտ մասնակցել է ՀՀԿ նիստերին:
-Տեղյա՞կ եք, որ որքան գումար է անարդյունավետ ծախսել Արա Ավետիսյանը:
-Հաստատ թիվ չեմ կարող ասել, բայց շրջանառվող լուրերի համաձայն մի քանի 100 մլն դրամի մասին է խոսքը:
-Պրն Խաչատրյան,Դուք մեկն եք այն մարդկանցից, որն աչք է ունեցել ռեկտորի պաշտոնի վրա և իրականում այդ պաշտոնի համար է պայքարել Ավետիսյանի դեմ, ավելին ` ասում են ժամանակին առաջադրել եք ձեր թեկնածությունը այդ պաշտոնի համար:
-Նման բան չկա ՝ դա սուտ է: Ես հիմա էլ չեմ պատրաստվում առաջադրել իմ թեկնածությունը: Ես իմ և պոլիտեխիկի միջավայրի բարելավման, մարդկանց «չքցելու», կառուցողական գործունեության համար եմ պայքարել:
-Հավանական համարո՞ւմ եք, որ բացի Ավետիսյանից, հրաժարական կտան նաև բուհում իր մերձավոր շրջապատի անդամները:
-Չեմ բացառում: Բայց Արա Ավետիսյանի գալու հետ մեկտեղ նաև լավ կադրեր են եկել:
-ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵՊՃՇՀ արդեն նախկին ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից:
-Անկեղծ ասած, կային խոսակցություններ պրն Թոքմաջյանի նշանակման մասին: Համոզված եմ ` Թոքմաջյանն էլ կդառնա մեր բուհի ռեկտոր: Ակնկալիքներս մեծ են, քանի որ Թոքմաջյանը փորձառու անձնավորություն է և իր ռեկտոր եղած ժամանակ ճարտարապետական համալսարանը լավ արդյունքներ է գրանցել:
Սոնա Դավթյան