Մարինե Բալայանի ընտանիքը, կրելով մի շարք արհավիրքներ, շարունակում էր ապրել ու արարել հայրենի Արցախում՝ հույսով սպասելով, որ Արցախի համար մի օր արևը նույնպես կշողար:
44-օրյա պատերազմի ժամանակ Մարինեն կորցրեց իր ամուսնուն, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմն իր հետ տարավ քրոջ 19-ամյա որդուն: Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի «Հայկազով»-ի զորամասի պահեստի պայթյունից մինչ օրս էլ անհայտ կորած է համարվում քրոջ ամուսինը:
«Ստեփանակերտի պայթյունից հետո երկու օր անց ճանապարհվեցինք դեպի Հայաստան՝ անցնելով դժոխային թվացող ճանապարհ, որը տևեց 38 ժամ։ Մենք շտապում էինք, որովհետև պետք է հուղարկավորեինք քրոջս որդուն, ում մարմինն արդեն տեղափոխել էին Գորիսի դիահերձարան…. Ոչ մի կերպ չենք հարմարվում ո՛չ հայրենիքի կորստի, ո՛չ հարազատների կորստի հետ, ո՛չ էլ ամուսնուս գերեզմանն այնտեղ թողնելու փաստի հետ», – պատմում է Մարինեն։
Մարինեի ամուսինը՝ Հայկը, Արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ զոհված ազատամարտիկի որդի էր, դաստիարակված՝ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ: Հայկը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո, 2007 թվականից ծառայության է անցնում Արցախի Պաշտպանության բանակում՝ նախ որպես ենթասպա, ապա բարեխիղճ ծառայության համար վերադասի կողմից նշանակվում է հակատանկային մարտկոցի հրամանատար: Ծառայությանը զուգահեռ ստանում է նաև բարձրագույն կրթություն՝ ավարտելով Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի Պատմության բաժինը: Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին:
«44-օրյա պատերազմում հոկտեմբերի 22-ին Վարանդայի /Ֆիզուլի/ «Ելի» կոչվող տեղամասում թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից ծանր գլխուղեղային վիրավորում է ստանում Հայկը և անգիտակից վիճակում տեղափոխվում է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: 11 ամիս շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց ճակատագրի դեմ բոլորս անզոր էինք…. 2021թ. սեպտեմբերի 18-ին, այդպես էլ գիտակցության չգալով, Հայկը ևս բռնում է հավերժի ճանապարհը….»,- խորը ցավով վերհիշում է կինը՝ Մարինեն:
Արցախից Հայաստան տեղափոխելու ողջ ճանապարհին մեքենան վարել է Մարինեի 15-ամյա որդին: Հիմա Մարինեն իր երեք երեխաների, ծնողների և քրոջ ընտանիքի հետ ապրում է Հրազդան քաղաքում: Ասում է՝ աշխատանք են փնտրում՝ օրվա հոգսը թեթևացնելու համար: Մինչև 44-օրյա պատերազմը Հայկի ընտանիքն ապրում էր Մարտունու շրջանի Ներքին Ճարտար քաղաքում, սակայն քաղաքը 2020 թվականին անցավ թշնամու վերահսկողության տակ և Մարինեն իր երեք երեխաների հետ ստիպված եղավ տեղափոխվել Ստեփանակերտ: Հայկի աճյունը ևս ամփոփվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում:
«Առանց չափազանցնելու կասեմ, որ Հայկն օժտված էր մարդկային բոլոր դրական հատկանիշներով. բարի էր, հոգատար, անկեղծ ու նվիրված և չափից շատ հայրենասեր: Սիրված և հարգված էր և՛ ընկերների, և՛ հարազատների կողմից: Զինակից ընկերների մեջ մեծ հարգանք էր վայելում, միշտ պատվով ու խիզախությամբ է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր»,- պատմում է Մարինեն:
Նանիկ Աղասյան