Մեծ Պահք. այն ինչ կարելի է և չի՛ կարելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցը բաղկացած է Տերունական և սրբերին նվիրված տոներից և պահքի օրերից: Այսօր հավատավորների համար սկսվել է Մեծ Պահքը:

Այն, հակառակ տարածված կարծիքի, միայն սննդի սահմանափակման մասին չէ. այդ ընթացքում հավատավորները պետք է զերծ մնան մեղքերից, գայթակղություններից և վատ արարքներից. պետք է մաքրեն թե՛ մարմինը, թե՛ միտքը:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, սակայն մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», – նշել է Գրիգոր Տաթևացին:

Խոսելով Մեծ Պահքի ընթացքում սննդի սահմանափակումների մասին՝ կարելի է նշել.

• Չի կարելի օգտագործել կենդանական ծագման սնունդ:

• Նախապատվությունը պետք է տալ ընդեղենին, թարմ կանաչեղենին և բարջարեղենին, չոր և թարմ պտուղներին:

• Հայ Առաքելական եկեղեցու արտոնությամբ դեռևս միջնադարից թույլատրելի է մեղրի օգտագործումը:
Պահքի շրջանի ճաշատեսակները կոչվում են պասավուր: Կան ճաշատեսակներ, որոնք պատրաստել են բոլոր տարածաշրջաններում և կան ճաշատեսակներ, որոնք տեղային ծագում ունեն: Հայտնի ճաշատեսակներ են Ղալլեն, Ճմուռը, Բորանին և այլն: Քաղցրեղենից հայտնի են պահքի գաթան, հալվան, խոշավը և հատիկը:

Պետք է նշել, որ Մեծ Պահքը հոգևոր արժեք ունի և այն նիհարելու համար նախատեսված սննդակարգ կամ ժամանակակից և յուրահատուկ թվալու միջոց չէ:

Պահքի 40 օրերը, որոնք սկսվում են անմիջապես Բուն Բարեկենդանից հետո, խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այդ օրերին հաջորդում է Ավագ շաբաթը՝ Պահքի տևողությունը հասցնելով 48 օրվա:

Ավագ Շաբաթն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ. այդ օրը տոնվում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Սուրբ Զատիկը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս