ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԿՀ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դառնալու համար նոր թեկնածուների անունները հայտնի են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանք նախկինում աշխատել են նույն ԿԿ հանձնաժողովում։ Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Նվարդ Վարդանյանն է, որը նախկինում  աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մարդկային ռեսուրսների փորձագետ է, իսկ մյուս թեկնածուն Սարգիս Միրզոյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրանց դիմումը խիստ զարմացրել է հանձնաժողովի անդամներին, քանի որ կարծիքներ են հնչել, որ նրանք ոլորտի կառավարման փորձ բացարձակ չունեն։ Ավելին՝ թեկնածուների առաջադրումը ՔՊ-ի հետ անգամ համաձայնեցված չի եղել։

Ստացվում է՝ մինչ ՔՊ-ն ուժեղ անդամներ է փնտրում, առավել պրոֆեսիոնալները չեն դիմում կամ ցանկություն չունեն աշխատելու ՔՊ թիմի հետ: Մարդիկ, վերջին դեպքերը տեսնելով, հասկացել են՝ առանց ՔՊ-ի համաձայնության իրենց ընտրությունը տապալված Է։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության խայտառակ տապալումից հետո, ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհուրդը, որը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչներից։

«Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաեւ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած մասնակիցները ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը Մրցութային խորհուրդը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԿՀ անդամներին ընտրում է խորհրդարանը: Անցած տարի, կոպտորեն թիրախավորելով ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին, մերժեցին։

Այժմ էլ մրցութային հանձնաժողովը նախագահում է ՔՊ խմբակցության անդամ Արուսիկ Ջուլհակյանը:

 

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալվող վերջին աղմկոտ իրադարձություններից հետո նա չի մասնակցել ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը, որը նաեւ իշխող ՔՊ վարչության անդամ է ու մշտապես ներկա է եղել նիստերին, վարչության վերջին նիստին, որը կայացել է երեքշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, չի մասնակցել, թեեւ նույն օրը ԱԺ-ում նիստ էր վարում: Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության հիմնական անդամներից է ու մշտապես ներկա է եղել վարչության նիստերին: Մյուս կողմից՝ «Ժողովուրդ»  օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենց ոչինչ չի ասել այդ մասին: Կարճ ասած, ԱԺ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ: Նա արդեն պլանավորել է երկու այցեր՝ Սոֆիա եւ Վիլնյուս. ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնական եւ աշխատանքային այցերից հետո Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Ալեն Սիմոնյանի հետագա գործունեությանը:

 

 

 

2018 թվականի հեղափոխությունից հետո «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանի հարաբերությունները լավացել են ՀՀ իշխանությունների հետ։ Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարը 200-ից ավել պայմանագրեր են կնքվել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Քաղավիացիայի կոմիտեից մինչեւ Ազգային Ժողով։ Հետաքրքիրն այն է, որ գնումները կատարված են մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի եւ մրցակցության՝ ընկերաբար: Երեմյանների մատուցած ծառայություններն են՝ ներկայացուցչական ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում եւ այլ ներկայացուցչական ծառայություններ, որոնց ամենաթանկ պայմանագրի արժեքը կազմում է 5 մլն դրամ։  Սա դեռ ամենը չէ․ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունը այնքան է հաճոյացել ՀՀ իշխանություններին, որ Կառավարության աջակցությամբ «խելացի» ֆերմա է կառուցել Տաշիր քաղաքում։ 16 ռեստորան ունեցող Yeremyan Projects ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Երեմյանը մինչ Տաշիր համայնքում գտնվող ֆերման հիմնելը փոքրիկ ֆերմա էր ստեղծել Ջերմուկ քաղաքում։ Ջերմուկի ֆերման այժմ չի գործում, աշխատակիցներին նախորդ տարի նոյեմբերին հեռացրել են աշխատանքից, քանի որ Տաշիրի ֆեմայի բացվելուց հետո փոքրիկ ֆերման այլեւս անհրաժեշտ չէր Երեմյաններին, եւ թող կորչեն աշխատատեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականին  Եվրասիական զարգացման բանկը Yeremyan Projects ընկերությանը հատկացրել է 25 մլն դոլար Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիրի կառուցման համար։ Ֆերմայի բացմանը ներկա է եղել  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, եւ, ըստ Քերոբյանի, նման նախաձեռնությունները նաեւ խթան են մասնավոր հատվածի եւ արտահանման ներուժի զարգացման համար։ Այո՛, գուցե խթան են մասնավոր սեկտորի համար, սակայն մի քանի անգամ նվազեցնում են Հայաստանի գուղատնտեսության մակարդակը։ Բանն այն է, որ վերջին տարիներին զգալի չափով նվազել է անասնապահությամբ զբաղվող մարդկանց քանակը, կրճատվել են կենդանիների գլխաքանակները։ Նախկինում գյուղացուն պետությունն օգնում էր ոտքի կանգնել, իսկ այժմ պետությունն օգնում է անհատներին, հարուստներին, կարճ ասած՝ ներկա ժամանակաշրջանի օլիգարխ են աճեցնում, իսկ ՀՀ գյուղերը շարունակում են դատարկվել։ Փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանությունը այդպես էլ ոչինչ չարեց գյուղացու ձեռքը բռնելու կամ արտը ջրելու համար, ոչ մի կերպ չփոխհատուցեց գայլերի կողմից խոշտանգված անասունների տերերին հասցված վնասը, փոխարենը օժանդակում է հարուստներին առավել հարստանալ։

 

 

 




Լրահոս