Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ փոխադրման կարգով նշանակվել է Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Բանն այն է, որ երկար տարիներ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում աշխատած՝ ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Արզումանյանն այդպես էլ օպերլիազորից ՔԿՀ պետ չդարձավ: Եթե որպես ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ` նա աշխատեց ընդամենը երեք ամիս եւ հասցրեց անաղմուկ հեռանալ պաշտոնից, ապա նախորդից մեկ ամիս էլ ավել նա «Սեւան» ՔԿՀ-ի պետ է աշխատում, ու այս ընթացքում քրեակատարողական հիմնարկից միայն բողոքներ էին հասնում:
Այսպիսով, Քրեակատարողական օրենսգրքի (ՔԿՕ) 83-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից եւ տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից եւ տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տեւողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում այն կարող է երկարաձգվել եւս 10 րոպեով: Մինչդեռ, մամուլից հայտնի էր դարձել, որ նոր պետի օրոք թույլատրվում է դատապարտյալներին զանգահարել ընդամենը մեկ անգամ եւ ոչ ավելին, քան 15 րոպեով: Ընդ որում՝ հեռախոսն ընդամենը մեկ հատ է՝ մոտ 200 դատապարտյալի համար, իսկ անվճար զանգերի մասին խոսք անգամ չկա: Արդյունքում, իր ողջ բարոյական հետեւանքներով հանդերձ, հերթեր են գոյանում զանգահարելու համար, մանավանդ որ հեռախոսազանգերի տրամադրումը կատարվում է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
Հաջորդ խնդիրը կապված է դատապարտյալներին հանձնուքներ եւ ծանրոցներ ուղարկելու հետ: Ըստ ՔԿՕ 81-րդ հոդվածի առաջին կետի` դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչեւ 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք եւ ծանրոց, սակայն սահմանափակում դրված չէ, թե մեկ հոգին քանի դատապարտյալի կարող է հանձնուք փոխանցել, ընդամենը պետք է լինի դատապարտյալի գրավոր համաձայնությունը, որը նախատեսված է օրենքով: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանը որոշել է, որ մեկ հոգին հանձնուք կարող է փոխանցել միայն մեկ դատապարտյալի: Խնդիրն այն է, որ, օրինակ, մեկ անձը կարող է ունենալ մի քանի բարեկամ դատապարտված կամ ուղղակի մեկի հարազատը մյուսի հարազատին խնդրի, որ եթե գնում է ՔԿՀ, իր դատապարտյալին էլ հանձնուք փոխանցի, ինչը դարձել է անհնար: Այստեղ ՔԿՀ պետը քրեական ենթամշակույթի տարրեր է տեսնում, իսկ դատապարտյալների հարազատները բացատրում են, որ չեն ասում, թե 200 դատապարտյալի համար հանձնուք են տանելու, բայց գոնե թիվ սահմանեն՝ երկու-երեք հոգու համար, հատկապես երբ մեկ այլ մարզից մեկ այլ մարզ են գալիս՝ «Սեւան» ՔԿՀ հասնելու համար: Ընդ որում՝ ընդունարան հասնելու համար էլ պետք է դեռ երկար ճանապարհ անցնել՝ ոտքով ու ծանր բեռով, քանի որ հիմնարկի տարածք մեքենայով մուտքն արգելվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԴՌՆԵՐՆ ԵՆ ԸՆԿԵԼ
Մինչ Պաշտպանության նախարարությունը նոր վարժական հավաքների մասին է հայտարարում, մի խումբ քաղաքացիներ վարժական հավաքներից խուսափելու համար դատարանի դռներն են ընկել:
Երեկ ՊՆ-ն հայտնել է, որ 2024թ.-ի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչեւ 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով:
Ուշագրավն այն է, որ մինչ ՊՆ-ն նոր հայտարարություն է անում, վարժական հավաքներից խուսափոխների թիվը դատարանում օր օրի ավելանում է:
2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ քննչական կմոիտեն պաշտոնական տվյալներ էր ներկայացրել վարժական հավաքներից խուսափող անձանց դեմ հարուցված քրեական գործերով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը եւ պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։
Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերեւույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, եւ գործերն ուղարկվել դատարան: Քրեական վարույթների մի մասով դեռեւս նախաքննությունը շարունակվում է:
Ավելին՝ ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է վարժական հավաքներից խուսափողների նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Գրել էինք, որ 2023 թվականին վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 40 անձի վերաբերյալ քրեական գործեր են ուղարկվել դատարան, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Ըստ Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՄԱՆՐ ՁԿՆԵՐԻ» ՈՐՍ
Երեկ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում եւ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում, ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խուզարկություններ են իրականացվել նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաեւ խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։
Նշենք, որ իրավապահների այս գործողությունները նախարարության՝ գնումների գործընթացում հնարավոր չարաշահումների, կասկածելի գործողությունների հետ է կապված։ Նկատենք, որ իրավապահ մարմիններն ընկել են «մանր ձկների» հետեւից, մինչդեռ «խոշոր ձկները»՝ ի դեմս նախարար Քերոբյանի, իրավապահների տեսադաշտում չեն։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ փոխնախարար Անի Իսպիրյանն ազատվել է աշխատանքից։
ԶԻՆՎԱԾ ՄԱՐՄԱՐԻԿՑԻՆ
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ֆինանսավարկային եւ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի եւ Մալաթիայի բաժինների ծառայողները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին՝ ժամը 21.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցում ձերբակալել եւ, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 33-ամյա մի բնակչի:
Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում պահում է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփուշտներով, որն անօրինական է, իսկ բեռնախցիկում պահում է տարբեր տեսակի ինքնաձիգներ եւ ռազմամթերք, որոնք հաշվառված են իր անվամբ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Հունվարի 30-ին քննչական բաժնից գրություն է ստացվել, որ նշված մեքենայի խուզարկության ժամանակ մարմարիկցի 33-ամյա երիտասարդը սրահից ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ, 9 մմ տրամմաչափի 2 փամփուշտ, բեռնախցիկից՝ իր անվամբ հաշվառված երկու ինքնաձիգ եւ «Սայգա» գրառմամբ մեկ պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, չորս տուփ փամփուշտ, մեկ դատարկ փամփշտատուփ, իսկ մեքենայի սրահից հայտնաբերվել է դանակ: Կատարվում է նախաքննություն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ