ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ՝ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տեւողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

 

Ստորեւ ներկայացնում ենք՝ ՀՀ-ում որ կենսաթոշակներից եւ ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետեւյալ կենսաթոշակների նշանակման համար.

l աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),

l զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա, վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն, նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։

Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա՝ նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։

ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձեւ)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տեւողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։

Ըստ այդմ՝

l ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 է,

գ              հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21,500 դրամ),

l աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (ԼՂ-ում՝ 1,150 դրամ),

l տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ):

Հետեւաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված եւ հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված եւ վճարված կենսաթոշակի չափից։

ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ կենսաթոշակը կարող է վճարվել նաեւ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:

Կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին։ ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք եւ եկամուտներ ունեն նորանշանակ պետերը։ Այսպիսով, «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Արզումանյան. Արզումանյանը համեստ ունեցվածք ունեցող ՔԿՀ նորանշանակ պետ է, որը տուն չունի, մեքենա չունի, սակայն սա՝ առաջին հայացքից։ Արզումանյանի կինը՝ Վարդուշ Աբրահամյանը, միանձնյա սեփականությամբ 2014 թվականին գնել է բնակարան Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Պետի մայրը՝ Սվետլանա Արզումանյանը, միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն է ձեռք բերել 2019 թվականին նույն համայնքում։ Ե՛ւ կինը, եւ՛ մայրը զգալի որեւէ ֆինանսական եկամուտներ չունեն նման բնակարան գնելու համար։ Արզումանյանի մայրը թոշակառու է, որը ստանում է տարեկան 432 հազար դրամ կենսաթոշակ, իսկ Արզումանյանի տարեկան եկամուտը կազմել է ընդամենը  5 մլն 252 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից եւ ՀՀ քրեակատարողական ծառայությունից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ եւ 2 հազար ԱՄՆ դոլար։ ArmLur.am-ը գրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արշալույսները խաղաղ չեն լինելու: Բանտում իրարանցում է, եւ այն կապված է նորանշանակ պետի հետ: Հաջորդ նշանակումը, որ հաջորդեց Արզումանյանին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում Լաերտ Գրիգորյանինն էր։ Գրիգորյանը Վաղարշապատ եւ Մեծամոր համայնքներում ունի համատեղ սեփականությամբ 2 բնակարան, որոնք ձեռք են բերվել 1989 թվականին։ 2019 թվականին գնել է 2011 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը 2022 թվականին 4 մլն դրամով վաճառել է։ Գրիգորյանի 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 807  հազար դրամ, որից 6 մլն 807 աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից։ Հետաքրքիրն այն է, որ Գրիգորյանը գրեթե իր աշխատանքի վարձատրությանը համարժեք թանկարժեք զարդ է հայտարարագրել, որը ժառանգություն է ստացել 1990 թվականին։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 17 մլն դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար եւ 5 հազար եվրո։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս