«ԱՄԲԵՐԴ»-Ը՝ «7 ԱՄԵՆԱՎՏԱՆԳՎԱԾ»-ՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրոպա Նոստրան», Մշակութային եւ բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հունվարի 30-ին հայտարարել են Եվրոպայում գտնվող եւ 2024թ. «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները:

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է  «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։

2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.

«Ամբերդ» պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ,

Դուրեսի հնավայր (Muret e Portսs), ԱԼԲԱՆԻԱ,

Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ,

Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ,

Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս եւ Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ,

Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ

Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ,

Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ,

Հարավսլավիայի ժողովրդական բանակի տուն Շաբաչում, ՍԵՐԲԻԱ,

Սուրբ Գեւորգ հունական ուղղափառ եկեղեցի, Ալթինոզու / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ,

Անտիոքի Երկաթե դարպաս, Անթաքիա / Հաթայ նահանգ, ԹՈՒՐՔԻԱ:

«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Հերման Պարզինգերը հայտարարել է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են քանդման, ոչ պատշաճ զարգացման, բնական աղետների կործանարար ազդեցության, անտեսման կամ ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս կարճ ցուցակը հրապարակելով՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին եւ տեղական համայնքներին, որոնք խորապես նվիրված են այս վայրերը փրկելուն: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաեւ որպես կայունության,  համախմբված եւ խաղաղ ապագայի խթան։

Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդաայի խոսքով՝ Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության եւ տնտեսական աճի համար հիմնական ռեսուրս է:

«Այս կարճ ցուցակը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, եւ որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր Եվրոպա Նոստրայի հետ միասին ողջ Եվրոպայում ընդլայնում է այն տեղական համայնքների ջանքերը, որոնք գիտեն, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի այլ հրատապ մարտահրավերներ հաղթահարելուն։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված եւ պահպանված տեսնել»,- ընդգծել է նա:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերոնշյալ վտանգված ժառանգության վայրերն ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության եւ ֆինանսական փորձագետներ: 2024 թվականի «7 ամենավտանգված» ծրագրին վայրեր առաջադրել են անդամ կազմակերպությունները, ասոցացված կազմակերպությունները կամ Եվրոպա Նոստրայի առանձին անդամները, ինչպես նաեւ Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիան: Հայաստանի բռնցքամարտի  տղամարդկանց եւ կանանց հավաքականները` Կարեն Աղամալյանի եւ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ֆիզպատրաստության հավաք են սկսել Ծաղկաձորում, որը կտեւի մինչեւ փետրվարի 12-ը։ Տղաների հավաքին մասնակցում է 24, իսկ կանանց հավաքին՝ 5 բռնցքամարտիկ։

Ծաղկաձորյան հավաքին կհետեւի եւս մեկ ուսումնամարզական հավաք արդեն Օլիմպավանում։ Այս օրերին Հայաստանի եւս 4 բռնցքամարտիկ՝ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ, կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի մրցաշարին։

 

 

 

ԿՐԿԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի նախկին անդամ Զարեհ Զարգարյանը կրկին հանդես կգա ազգային թիմում:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Զարգարյանն այն բասկետբոլիստներից է, որը դեռեւս 2016 թվականին Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմում հաղթել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի եւ Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան):

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 10 հավաքական՝ ընդգրկված 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը եւ երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

 

 

 

ԶԻԴԱՆԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒ

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի թեկնածուների շարքում է նաեւ ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը:

Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Զիդանը, որը վերջին տարիներին չի զբաղվում մարզչական աշխատանքով, «Լիվերպուլ»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է: Ըստ պարբերականների՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Զիդանի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլ»-ից: Կլոպն անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին: «Լիվերպուլ»-ում լինելու այս տարիների ընթացքում Կլոպն ակումբի հետ նվաճել է 10-ը տիտղոս: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, Անգլիայի առաջնության գավաթի հաղթող եւ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:

 

 




Լրահոս