ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

ArmLur.am-ը բողոք է ստացել Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի 26 շենքի բնակիչներից: Նրանք պատմում են, որ բակում բանջարեղենի խանութի տնտեսվարողը առք եւ վաճառք է իրականացնում, որը հասնում է նաեւ փողոցի մայթին. «Դա հա՛մ օրենքով է արգելված, հա՛մ հակասանիտարական է: Հիմա Էջմիածին քաղաքում նոր աղբամաններ են տեղադրել, դրանից 2-ը արդեն տեղադրված են հենց իրենց ապրանքի կողքին, այսինքն՝ ժողովուրդը սնվում է հենց աղբամանի կողքից»:

 

 

ՄԻԳՐԱՑԻԱ

ՀԱՐՑ. Ապաստան հայցողների մասին տեղեկությունը գաղտնի՞ է:

Աննա Գալստյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողների հայտնած տեղեկությունները գաղտնի են։ Դրանք չեն հաղորդվում իրենց երկրների իշխանություններին՝ ներառյալ  դեսպանատներին կամ որեւէ այլ անձի: Այդ տեղեկությունները այլ անձանց կարող են տրամադրվել միայն ապաստան հայցողի  գրավոր համաձայնության դեպքում: Հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, եւ սույն օրենքի կամ ապաստանի եւ փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

ՀՀ ՆԳՆ միգրացիայի  եւ քաղաքացիության ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Պետական մարմնի կողմից տեղեկատվության փոխանցումը զանգվածային լրատվական միջոցներին միջնորդավորված կերպով հանգեցնում է վերը նշված օրենքի խախտմանը, ուստի նման ցանկացած հայտ մերժվում է Միգրացիոն ծառայության կողմից։

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ ստանալ խաղատան կազմակերպման լիցենզիա:

 Արտակ Համբարձումյան  (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խաղատան կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ  խաղատների մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1164-Ն որոշման համաձայն: Խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ՝ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով)՝ վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտատուները խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը եւ փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության  2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

 




Լրահոս