ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԻԱՅՆ ԼՍԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ հանդիպել է 2023 թվականի  դեկտեմբերի 22-ին ԱԺ 334 սենյակում։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ականներին Թումանյանի թեկնածությունը  ներկայացրել է Արփի Դավոյանը ու  գովել նրան։ ՔՊ-ականները հանդիպմանը հարցեր չեն տվել, քանի որ մինչ այս հանդիպումը Թումանյանի հետ հանդիպումներ ունեցել են այլ պաշտոնի թեկնածուի կարգավիճակով, մասնավորապես՝ երբ նա ցանկացել է ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ՔՊ-ն նրան չընտրեց:

Մեզ ՔՊ-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախկին  հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են:

Տեղեկացնենք, որ ՔՊ-ականների հետ դռնփակ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել է, թե զինծառայության հետ ինչ խնդիր է եղել, Թումանյանը պատասխանել է՝ որեւէ խնդիր չկա, բոլոր հարցերը կարգավորված են օրենքով:

Իսկ երբ մի քանի ՔՊ-ականներ եւս սկսել են հետաքրքրվել, թե ծառայության հետ ինչ խնդիր է եղել, ամեն դեպքում, նրանց  պատասխանել են՝ հեչ։

Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում, ու ՔՊ-ին հրահանգված է միաձայն քվեարկել Թումանյանի օգտին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե Հակակոռուպցիոն  կոմիտեում ինչ ցուցմունք է տվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը։ Տեղեկացնենք, որ պոռոտախոս թաղապետը, որ ակտիվ է ակումբերում պարելիս, նախաքննական մարմնում շատ քիչ է խոսել ու ընդամենը քննիչին հայտնել է, թե տեղյակ չի եղել, որ իր ենթակաները  նման հակաօրինական բաներ են արել, ու, առհասարակ, իր ենթակաների պահվածքի մասին իմացել է մամուլից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում որպես վկա է հրավիրվելու հարցաքննության Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: Նշենք, որ իրավապահները կաշառքի  քրգործով կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին: Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, հարցաքննության  կհրավիրի ՀՀ էկոնոմիկայի  նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական  մարմնում քննարկվել է  հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել  գնումների գործընթացները։ Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ  Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաեւ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Քրեական գործով անցնող 7 մեղադրյալները կալանավորված են։ Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ չարաշահել են ծառայողական լիազորությունները։ Այս խմորը դեռ երկար ջուր կտանի։

 

 

 

Արցախի պատգամավորները մտադիր են ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, 2023թ.-ի մարտից քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել  կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են: Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս այս հարցով փակ քննարկում են արել ու կոնսենսուսի են եկել, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն:

 




Լրահոս