«ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՇԱՀ ԵՆ ՍՊԱՍԱՐԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախորդ տարեվերջին տեղի ունեցած ԿԿՀ անդամների ընտրության տապալմանը, թեկնածուների նկատմամբ գործադրվող ճնշումներին, արձանագրում է՝ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ թշնամական վերաբերմունք էր ձեւավորվել. հավանաբար, իշխանականներին դուր չեն եկել նրա կայացրած որոշումները:

 

-Տիկի՛ն Հակոբյան, Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների նոր մրցույթ է հայտարարել: Նախորդ տարեվերջին իշխանությունները տապալեցին անդամի ընտրությունը, չգնացին քվեարկության, եւ հենց ուղիղ եթերում տեսանք, թե ինչ կատարվեց կին թեկնածուների նկատմամբ, ինչպիսի ճնշումներ գործադրվեցին: Ի՞նչ գնահատական  այս ամենին կտաք, ինչո՞ւ, եթե նախկինում նման դեպք էր լինում, շատ բուռն հասարակական հնչեղություն էր ստանում, հիմա ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ են պասիվ դիտորդի կեցվածք որդեգրել:

-Մի քանի փաստական ճշտում անեմ.  եթե իմ հիշողությունը չի դավաճանում, մի կին թեկնածուի նկատմամբ է եղել ճնշում: Չէի ասի, որ կին էր, դրա համար էր. կարծում եմ, որ որոշակի որոշումներ իշխանական կուսակցության որոշ անդամների չէին գոհացրել, եւ արդեն ինձ մոտ էլ համոզմունք ձեւավորվեց, որ, իրոք, հիմնականում դա էր պատճառը: Նաեւ հենց կոնկրետ Մարիա Կարապետյանն էլ  իր բավական մտերիմ ընկերոջ հարցերն էր բարձրացնում, որն, ընհանրապես, իմ կարծիքով, Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկման թեմա չէր: Ձեր թերթն էլ բացահայտել էր, որ մտերիմ ընկերը Համազասպ Դանիելյանն էր: Ինձ մոտ խորացավ այն համոզմունքը, որ ֆրակցիայի որոշ անդամներ, իրոք, ունեին անձնական խնդիրներ այդտեղ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե ինչու քաղհասարակությունը ակտիվ չէր, կարծում եմ՝ քաղհասարակության անդամներ կային, որոնք ակտիվ էին. լսեցինք իրենց ձայնը: Նաեւ հիշեցնեմ, որ Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը նունպես հայտարարություն տարածեց: Կհամաձայնեմ, որ կան հասարակական կազմակերպություններ՝ իրենց հետ օրակարգը սպասարկելու շրջանակում են այդ լռությունը դրսեւորել: Կուզենայի հատուկ անդրադառնալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին, նշել, որ այդ նույն թեմայի հետ կապված այս կենտրոնը եւս ուներ որոշակի շահագրգռություն՝ նույն Համազասպ Դանիելյանի թեմայի հետ կապված: Կարծում եմ, որ որոշակի դեր խաղացել է նաեւ հենց այդ անձի հետ կապված խնդիրը, որովհետեւ նա մեկն է, որ երկար տարիներ վճարովի ծառայություններ է մատուցել նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ին, եւ կորպորատիվ շահ են բոլորով սպասարկել:

-Տիկի՛ն Հակոբյան, Դուք էլ Ձեր խոսքում անդրադարձաք, մենք էլ հիշում ենք, որ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմն այդ օրերին՝ մինչ ընտրությունն անգամ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ Հայկուհի Հարությունյանի եւ իշխանական պատգամավորների փակ հանդիպման ընթացքում եւս նրա նկատմամբ շատ ճնշումներ են գործադրվել, եւ հենց հայտարարության մեջ դիմել էիք Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով հետաձգել ընտրությունը: Ինչո՞ւ իշխանությունները ականջալուր չեղան Ձեր հայտարարությանը եւ քայլեր չձեռնարկեցին այս ամենը կանխելու համար:

-Որոշակի ագրեսիա կար այդ հայտարարության մասով, որոշ պատգամավորներ անթաքույց իրենց դժգոհությունն էին արտահայտում այդ հայտարարության վերաբերյալ, ինչը եւս նորմալ չեմ  դիտարկում, որովհետեւ քաղհասարակության քննադատությունը, ինչպես նաեւ գովեստի խոսքերը իրենք պետք է կարողանան սթափ եւ սառնասիրտ ընդունել, այլ ոչ թե հիստերիկայի մեջ ընկնել: Մանավանդ այն գործընկերները, որոնք քաղհասարակության գործընկերներ են եղել ժամանակին, պետք է հասկանան, որ ԵՄ-Հայաստան պլատֆորմի անդամները օբյեկտիվ են, եւ շատ տարբեր թեմաների շուրջ մենք արտահայտվել ենք, նույն Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպին էինք անդրադարձել՝ ասելով, որ սելեկտիվ արդարադատությունը պետք է բացառել: Մեր քննադատությունը հարկ է ընդունել եւ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ ոչ թե հարձակումներ գործել մեզ վրա: Ինչ վերաբերում է արձագանքին, ես կարծում եմ, որ որոշ հարցեր կան, որոնց շուրջ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում ընդհարվել իր թիմի հետ եւ համարում է, որ եթե թիմը այդպես է որոշում, թող այդպես լինի, բայց տեսնում ենք, որ շատ այլ հարցեր՝ ընդհուպ մինչեւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցեր, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ քննարկում է, իսկ դա այդ հարցը չէր, որ պետք է չքննարկվեր: Ես կարծում եմ, որ սխալ որոշում էր ընդհանրապես:

 

 

 

ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

«Հայաստանում նախատեսվող նոր Սահմանադրության ընդունման համատեքստում կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված քննարկումները չեն սկսվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:

 

«Դեռեւս հստակ որեւէ ժամկետ սահմանված չէ: Նույնիսկ դեռ քննարկումները սկսված չեն՝ կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված: Ուստի, այս պահին ժամկետների մասին խոսելը նույնպես արդի չէ»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով քննարկումներին, թե փորձ է արվում Սահմանադրությունից հանել հղումն Անկախության հռչակագրին՝ նա ընդգծեց, որ դեռեւս որեւէ նոր իրավակարգավորումների շուրջ մասնագիտական քննարկում սկսված չէ: Նոր Սահմանադրության ընդունման հարթությունում որեւէ քննարկում չի եղել թե՛ վերոնշյալ բովանդակությամբ, թե՛ առհասարակ:

Ըստ նրա՝ վարչապետը հստակ նշել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հիմքերը:

Մկրտչյանն ընդգծեց՝ լեգիտիմ եւ ճիշտ Սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է, ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես մրցունակության կարեւոր բաղադրիչներից մեկն է: «Եթե մենք ունենք լավ Սահմանադրություն, գործող Սահմանադրություն եւ դրա հիման վրա կառուցում ենք սոցիալական, ժողովրդավարական հանրապետություն, ուրեմն մենք հզոր ենք դրանով: Գործող Սահմանադրությամբ էլ մեր երկիրը ժողովրդավար եւ մրցունակ է, սակայն հասարակական հարաբերությունները զարգացող հարաբերություններ են, իրավունքը նույնպես զարգացող հարաբերություն է. դրանք քարացած չեն եւ ենթակա են փոփոխության»,-նշեց նա:

Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում:

Նյութերը՝ ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ

 

 

 

ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԻՆ

Վերջերս համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են:

ArmLur.am-ին ահազանգած 28-ամյա Մարինե Բաբայանը պատմում է. «Ես 10 տարի է, ինչ ունեմ շաքարային դիաբետ, եւ 10 տարի է օգտագործում եմ ինսուլին: Այս տարվա 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ նախարարությունը, ինսուլոտարդի փոխարեն, տրամադրում է գենսուլին։ Դա օգտագործելու ֆոնի վրա իմ թվերը ահավոր բարձրանում են, առավոտյան արթնանում եմ, 15 է, հետո  բարձրանում է մինչեւ 20-25 թվով, իսկ ինսուլոտարդի պարագայում 5.5-ից մինչեւ 6 էր բարձրանում»:

Մարինեն սկզբում մտածել է, որ դեղը նոր է, օրգանիզմը չի հարմարվում նոր դեղատեսակին, եւ դեղի միավորը սկսել է բարձրացնել մինչեւ 100 միավոր:

«Անգամ 100 միավոր գենսուլին ներարկվելու պարագայում նորից արթնանում էի 15-ից բարձր թվով»,-ասում է նա:

Նրա խոսքով՝ նա դիմել է Առողջապահության նախարություն՝ ասելով որ ինսուլինը չի օգնում իրեն: Դրան ի պատասխան՝ ասել են՝ այդ դեղերի միջեւ տարբերություն չկա:

«Երբ որ իրենց փաստացի ներկայացնում եմ իմ ներարկված դոզաները ու իմ բարձր թվերը, իրենք առաջարկում են, որ օգտագործեմ միքստարդ, որը 70/30 խառնուրդ է: Ես իրենց մանրամասն բացատրում եմ, որ այդ դեղերը չի կարող փոխարինել մեկը մյուսին, իրենք ինձ ասում են՝ գենսուլինը Հայաստանում անցել է փորձաքննություններ, սերտիֆիկատ է ստացել, եւ որակի հետ կապված խնդիր չկա»:

Մեղադրելով կնոջը՝ ասել են, որ կինը չի պահել համապատասխան դիետաները:

 

 

«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գեւորգյանը:

ArmLur.am-ը հայտնել էր նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասով այս աղմկահարույց դեպքին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է.

«Իրավապահներն իրենց գործն են անում, ես ի՞նչ գնահատական կարող եմ տալ. մենք չենք կարող գնահատական տալ այն իմաստով, որ անմեղության կանխավարկածի հարց կա, հետեւաբար իրավապահների տիրույթում է դա, նրանք պետք է պարզաբանեն»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի մասով շատ դժգոհություններ կան, նրա ու թիմակիցների հարաբերությունները լարված են, Աղազարյանն արձագանքեց.

«Նման բան չկա, Ալեն Սիմոնյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից է, եւ որեւէ խնդիր կամ դժգոհություն չկա»:

 

 




Լրահոս