ՄՏՔԵՐ՝ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

 

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված՝ բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ: 112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության եւ կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով ով բնակարան ուներ, 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչեւ մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա:

«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաեւ խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաեւ պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաեւ հաշվառվելու մոտեցման վրա, պետք է անձը հաշվառվի եւ դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչեւ բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաեւ 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել. նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են:

Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, եւ հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչեւ այսօր վերագրանցվեն եւ կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաեւ, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաեւ տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը եւ հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ օղակը սեղմվում է. Սիմոմյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների մի նոր ալիք է սկսվել:

 

Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանն արդեն տեւական ժամանակ է, ինչ իրեն արտոնյալի պես է պահում, ու այնքան է հատել թույլատրելի սահմանները, որ ՔՊ-ում դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել նրա այս պահվածքը:

Ալեն Սիմոնյանը, ըստ ՔՊ-ականների,  չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, օգտագործում է պետական լծակները իր ու իր շրջապատի բարեկեցությունն ու ֆինանսն ապահովելու համար:

Վերջին շրջանում բոլոր մրցույթներում հաղթում են Ալեն Սիմոնյանի եղբայրը կամ նրա մտերիմներից որեւէ մեկը:

Ահա, Ալեն Սիմոնյանի նկատմամբ ձեւավորված այս անպատժելիության մթնոլորտը բարկացրել է ՔՊ-ականներին, ու նրանք պարբերաբար այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին ու պահանջել են զսպել Սիմոնյանին:

Եթե սկզբում Փաշինյանն ականջալուր չէր լինում իր թիմակիցներին ու ոչինչ չէր ձեռնարկում, ապա հիմա նա կանաչ լույս է վառել, որ Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Սրա առաջին ծիլերը երեւացին օրեր առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 11-ին գրել էր, որ ԲՏԱ նախարարությունը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ Freenews TV-ի նկատմամբ, քանի որ պետության պարտքերը չի մարել:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը:

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների ալիք է սկսվել:

Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Մի բան հստակ է. Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ նախագահ ու ՔՊ վարչության անդամ, իր թիմի ներսում չունի աջակցություն, հակառակը՝ ՔՊ-ականները ծափահարություններով ու ոգեւորությամբ են ընդունում Ալեն Սիմոնյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ կիրառվող այս ճնշումները:

ArmLur.am-ը առաջիկայում կներկայացնի մանրամասներ՝ ինչպես է Սիմոնյանի ու նրա մտերիմների շուրջ իրավիճակ փոխվում:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«ԱՊՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»

«Հայաստանի իշխանություններն ունեն նոր Սահմանադրություն ընդունելու գաղափար, որին անդրադարձ լինելու է, սակայն այս պահին որեւէ մշակում չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Լեգիտիմությունը մենք չենք կարող դնել կասկածի տակ, քանի որ բոլորս  գործում ենք գործող Սահմանադրության հիման վրա: Բայց դրա հետ զուգահեռ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, որը փոփոխելու, վերափոխելու, վերանայելու կարիք է առաջանում հասարակական հարաբերությունների զարգացման փուլում` սահմանադրի քվեի առկայության պարագայում»,-ասաց  Վարդանյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաեւ նոր Սահմանադրության տեքստի հետ կապված: «Որոշողը սահմանադիրն է, որը հանրաքվեին քվեարկելու է այս կամ այն Սահմանադրության օգտին»,-նշեց նա:

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կա գաղափար, եւ դա կքննարկվի Սահմանադրական  բարեփոխումների խորհրդում:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հղումը՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չէ հրաժարվողը: «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի սահմանադրական հանրաքվեի, քանի որ այլ եղանակ չկա, ապա սահմանադիրն է որոշելու, թե Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու՝ առաջին նախադասությունից մինչեւ վերջ»,-նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ մշակում չկա, կա գաղափար, եւ գաղափարի շրջանակում կարող են սկսվել քննարկումներ: «Կա գաղափար, եւ այդ գաղափարին անդրադարձ լինելու է»,-ասաց պատգամավորը:

Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում:

 




Լրահոս