Armenian text to speach

ՎԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական Կարիտաս» բարեգործական հիմնադրամը  2003 թվականից Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան գիմնազիայի նախաձեռնությամբ ու հովանավորմամբ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական եւ քաղաքային դպրոցներում իրականացնում է ուսումնական պայմանների բարելավման ամենամյա ծրագիր (վերանորոգվել է 23 դպրոց), որը, սակայն, այս տարվա մայիսից դադարեցվել է: Գերմանական կողմը հրաժարվել է ֆինանսավորելուց եւ նույն ծրագրի շրջանակներում համագործակցություն  է սկսել Հնդկաստանի հետ: Իսկ թե ինչու է կասեցվել մեծ արժողությամբ ծրագիրը, բացատրում են «Հայկական Կարիտաս»-ի ներկայացուցիչները:
Այս տարի ՀՀ ԿԳ նախարարությունը լուծարել է այս ծրագրի շրջանակներում լիարժեքորեն վերանորոգված Գյուղատնտեսական ակադեմիայի Ախուրյանի հենակետային վարժարանը եւ  միացրել  Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցին, իսկ հիմնանորոգված շենքը թողնվել է բախտի քմահաճույքին: Ահա թե ինչն է դրդել կազմակերպությանը դադարեցնել Հայաստանում բարեգործական ծրագրերի հովանավորությունը:  «Հայկական Կարիտաս»-ի ներկայացուցիչների պնդմամբ` իրենք երկու տարի անընդմեջ նախարարությանը տեղյակ են պահել, որ հիշյալ վարժարանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Մայիս ամսից սկսած` դոնոր կազմակերպությունը փորձեր է արել հանդիպել ԿԳ նախարարի հետ` պարզելու համար, թե ինչու նախօրոք հաշվի չի առնվել ֆինանսավորման հանգամանքը, սակայն նախարարությունից խուսափողական պատասխաններ են տվել: Համապատասխան նամակով դիմել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին  եւ պատասխանի են սպասում:
«Եթե մի քանի նմանատիպ ծրագրեր փակվեն, մենք չգիտենք, թե ինչ վիճակում կհայտնվի մեր կազմակերպությունը: Չաշխատել էն կառույցների հետ, որոնք  ժողովրդի շատ հոգսեր են հոգում, դա մեզ համար էլ է անհասկանալի»,-ասում է «Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը:
Փաստի առաջ կանգնել է  ոչ թե «Հայկական Կարիտաս»-ը,  այլ կազմակերպության շատ այլ շահառուներ, որոնք  սոցիալական այս ծանր պայմաններում աջակցության  կարիք ունեն: «Ծրագրի գումարները հիմա ուղղվում են Հնդկաստան, քանի որ գերմանական կողմն ուղղակի հիասթափված է հայկական կողմի նման պահվածքից»,-շարունակում է ծրագրի համակարգողը: 2003թ-ից «Գերմանական բարեկամություն» ծրագրի շրջանակներում ծախսվել է 150 հազար եվրո: Նաեւ աջակցություն է ցուցաբերվել բազմաթիվ կարիքավոր ընտանիքների: «Կարիտաս»-ի ներկայացուցիչները  մտավախություն ունեն, որ եթե հայկական կողմը համարժեք պատասխան չտա, դա էականորեն կազդի Հայաստանի վարկանիշի վրա, եւ միջազգային շատ այլ կազմակերպություններ ուղղակի կհրաժարվեն աշխատել Հայաստանի հետ եւ ներդրումներ իրականացնել: Եթե վարչապետից եւ նախարարությունից չլինի կոնկրետ պատասխան, «Կարիտաս»-ը նամակ կգրի նաեւ հանրապետության նախագահին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի 



Լրահոս