Աշխարհում ամեն տարի գրանցվում է քաղցկեղային հիվանդությունների 10 մլն-ից ավելի նոր դեպք։ Դրանց պատճառով աշխարհում տարեկան մահացության ցուցանիշը 5 մլն-ից ավելի է։ Հայաստանում նախորդ տարի գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների 8000 նոր դեպք։ Տարվա կտրվածքով մահերի ցուցանիշը կազմել է մոտ 5000։ Տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է թոքի եւ շնչառական ուղիների քաղցկեղը, կանանց շրջանում՝ կրծքագեղձի քաղցկեղը։
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը նշեց, որ երկարաժամկետ կտրվածքով դինամիկան ցույց է տալիս, որ նկատվում է քաղցկեղային հիվանդությունների աճի միտում, թեպետ կան քաղցկեղի տեսակներ, որոնք մահացության առումով միտում ունեն նահանջելու։
«Օրինակ՝ կրծքագեղձի, հաստ աղիքի, արգանդի վզիկի քաղցկեղի ուղղությամբ մահացության տեսանկյունից նկատվում է նահանջ։ Այս ուղղություններով հիվանդությունը հաջողությամբ կարելի է կանխարգելել՝ վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում։ Ասեմ, որ, օրինակ, մեզ մոտ կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները համարժեք են միջազգային հնարավորություններին, եւ այստեղ բուժման առումով լուրջ հաջողություններ ենք գրանցում։ Այստեղ շատ կարեւորվում են կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես՝ սքրինինգները, որոնք հնարավորություն են տալիս կանանց անվճար հետազոտվել եւ հիվանդության առկայության դեպքում այն վաղ հայտնաբերել»,-ասաց Արթուր Ավետիսյանը։
Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավարի Ներսես Բերբերյանը նկատեց, որ վերջին տարիներին բուժառուների շրջանում նկատվում է կանխարգելիչ այցերի աճ։ Եթե տարիներ առաջ շատ քչերն էին պարզապես հետազոտվելու համար դիմում, ապա այսօր այդ պատկերը փոխվել է։
«Սա բավական ուրախացնող փաստ է։ Միայն այս դեպքում է հնարավոր կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարել, քանի որ պարբերաբար հետազոտվելու պարագայում բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է լինում։ Գրեթե լինում է լիարժեք բուժում, ընդհուպ մինչեւ 100 տոկոս արդյունք։ Դրա համար մեր հորդորն է՝ պարբերաբար հետազոտվել՝ առանց սպասելու գանգատների»,-ասաց Ներսես Բերբերյանը։
ՀՀ առողջապահության նախարարությունը կարեւոր շեշտադրում է կատարում քաղցկեղային հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների վրա՝ ժամանակ առ ժամանակ դրանք լավարկելով։ ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է անվճար հետազոտությունների սքրինինգային ծրագիրն ընդլայնել։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում եթե մինչ այս շրջիկ կենտրոնները լինում էին մարզերում, եւ տեղերում որոշակի ժամանակահատվածում հնարավոր էր լինում հետազոտվել, ապա շուտով անվճար հետազոտության ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում հասանելի կլինի ամբողջ տարվա ընթացքում։
«Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում համապետական մակարդակով տարածելու եղած սքրինինգային ծրագիրը, մասնավորապես՝ կրծքագեղձի, կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը։ Այսօր էլ տարբեր ձեւաչափերով սքրինինգային ծրագրեր իրականացվում են, սակայն, ցավոք, հետազոտվողների ընդգրկվածության ցուցանիշը դեռ բավարար չէ։ Այստեղ մենք բնակչությանն առավել շատ իրազեկելու, հետագա ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շատ անելիք ունենք»,-ասաց Քնար Ղոնյանը։
Քնար Ղոնյանը տեղեկացրեց, որ 2019 թվականից սկսած չարորակ նորագոյացության հաստատված ախտորոշման դեպքում ամբողջ վիրաբուժական միջամտության ծավալը պետությունը երաշխավորում է բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ Ճառագայթային բուժումը եւս պետությունն ապահովում է անվճար, իսկ քիմիաթերապիայի բուժումն իրականացվում է համաֆինանսավորմամբ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ Starlab-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ
Starship հրթիռը այս տասնամյակի վերջին ուղեծիր դուրս կբերի մասնավոր սեփականություն հանդիսացող Starlab տիեզերական կայանը, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ): Համապատասխան պայմանագիրը ստորագրել են հրթիռի համար պատասխանատու SpaceX ընկերությունը եւ Voyager Space եւ Airbus ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Starlab Space-ը, որն էլ կառուցում է կայանը։
Starlab Space-ը փաստացի դարձավ առաջին կոմերցիոն հաճախորդներից մեկը, որը պատվիրեց Starship-ի մեկնարկը SpaceX-ով: Ընկերությունները չեն հայտնել պայմանագրի արժեքը։ Մասնավոր տիեզերակայանը նախատեսվում է արձակել մեկ առաքելությամբ՝ օգտագործելով հսկա SpaceX հրթիռը։
Starlab-ը մի քանի ուղեծրային կայաններից մեկն է, որը ներկայումս մշակվում է ամերիկյան մասնավոր ընկերությունների կողմից: NASA-ն որոշել է 2030-ին ՄՏԿ նախագծի ավարտից հետո ոչ թե ինքնուրույն կառուցել նոր ուղեծրային կայան, այլ դա վստահել մասնավոր ընկերություններին եւ օգտագործել նրանց կայանները կոմերցիոն հիմունքներով:
Voyager-ը եւ Airbus-ը պլանավորում են Starlab-ը գործարկել արդեն 2028-ին: Տիեզերական կայանի մշակման եւ կառուցման չորս տարվա ժամկետը նաեւ SpaceX-ին է ժամանակ տալիս Starship-ի ցուցադրական թռիչքներից անցնելու հաճախորդների պատվերով տիեզերանավերի արձակմանը: Մինչ այժմ Starship-ի երկու արձակումն էլ ավարտվել են հսկա տիեզերանավի պայթյունով, սակայն երկրորդ արձակումը շատ ավելի հաջող էր, քան առաջինը։ Սա հույս է ներշնչում, որ երրորդ մեկնարկը, որին ընկերությունն արդեն պատրաստվում է ամբողջությամբ, ավելի լավ կանցնի։
Starlab կայանի մոդուլները կունենան մոտ 8 մետր տրամագիծ, ինչը մոտ կրկնակի գերազանցում է ՄՏԿ-ի մոդուլների տրամագիծը: Սա իր հերթին սահմանափակում է հրթիռների ընտրությունը, որոնք կարող են օգտագործվել կայանը մեկ առաքելության շրջանակում տիեզերք տանելու համար:
Voyager-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Դիլան Թեյլորն ասել է, որ Starlab-ի ամբողջ կայանի գործարկումը Starship-ի վրա մեկ առաքելությամբ «մեր ծրագրի ռիսկերը նվազեցնելու ճիշտ ճանապարհն է»: «Այդ դեպքում ստիպված չենք լինի ուղեծրում զբաղվել ռիսկային հավաքմամբ մի քանի արձակումներով»,- Թեյլորն ասել է CNBC-ին:
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՏՂԱ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Դիլիջանի բնակչուհիներից մեկը ֆեյսբուքյան «Դիլիջանցիք» խմբում գրել է չմաքրված փողոցների ու սառած ճանապարհին վիրավորված իր տղայի մասին՝ հրապարակելով վնասվածքից գլուխը վիրակապած երեխայի լուսանկարը։ Դիլիջանցի մայրը գրել է. «Երեխա ենք ուղարկում դպրոց, որ վնասված հետ գա՞, քանի որ չգիտեմ՝ ուր են համապատասխան մարմինները, որ ամբողջ ջրհողերի ու դպրոցի ճանապարհը մաքրող տեխնիկա չկա, չասեմ նաեւ՝ մանկապարտեզի հայաթը։ Սուտի չմտնեք, ամպագորգոռ խոսքեր գրեք, օրվա 10 ժամից ավելի աշխատանքի վայրում եմ ու չտեսա ոչ մի տեխնիկա»։ Գրառման տակ դիլիջանցիները նշել են, որ քաղաքում անտեր վիճակ է, Դիլիջանի փողոցները, բացի փոքր կենտրոնից, ձյան շերտից, սառույցից մաքրված չեն, նրանք վիրավոր տղային մաղթել են շուտ ապաքինում։
ՄՆԱՑԵԼ ԵՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԵՋ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում հրապարակված վերջին տեղեկատվությունը եղել է 2023թ. դեկտեմբերի 27-ին. տեղեկատվությունն այն մասին է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին՝ վթարային աշխատանքներով պայմանավորված Դիլիջան քաղաքի որոշ թաղամասերի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարելու է։ 2024 թ. հունվար ամիսն ավարտվեց, սակայն հունվարին Դիլիջան համայնքի վերաբերյալ ոչ մի լուր համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված չէ։ Դիլիջանի համայնքապետարանը լռվել-մնացել է 2023 թվականի մեջ։ Դիլիջան քաղաքում, այդ համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերում այս տարի որեւէ կարեւոր իրադարձություն չի՞ կատարվել, որի մասին համայնքապետարանի կայքը իրազեկեր։
ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՄԱՐ ԿՏՐՎԻ՞
Լոռու մետաղական հանքերի եւ հանքաքարը վերամշակող ընկերությունների կողմից Դեբեդ արտանետումները ավելի քան 20 տարի սպառնալիք են Նոյեմբերյան խոշոր համայնքի Դեբեդի հովտի պտղատու այգիների համար։ Ծանր մետաղներով համակված Դեբեդի ջրով ոռոգելուց հետո այգիները չորանում են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով՝ պատճառված վնասների համար 2024 թվականին Նոյեմբերյան համայնքին որքան գումար է տրվելու։ Մարզպետարանի պատասխանում նշված է. ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների գործունեության հետեւանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների միջեւ բնապահպանական հարկի գումարի բաշխման համամասնությունների եւ դրանց հաշվարկման սկզբունքների վերանայումը գտնվում է քննարկման փուլում, որի ավարտից հետո Ձեզ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ