«ՁԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ, ՊԱՐՈ՛Ն ԱԼԻԵՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրույցների ընթացքում հանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի եւ Բրեդ Շերմանի հետ՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը եւ ժողովրդավարական ձգտումները։

 

Ճեպազրույցի ընթացքում Բրեդ Շերմանը հայտարարել է. «Մենք այստեղ ենք պահանջելու Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը իրենց տներ. տներ, որոնք շատ դեպքերում բնակեցված են եղել նրանց ընտանիքների կողմից հարյուրավոր տարիներ ի վեր։ Շերմանը ընդգծել է 907-րդ բանաձեւի սահմանափակումների կիրառման կարեւորությունը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության դադարեցումը, ինչպես նաեւ Արցախի էթնիկ զտումների համար Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Ալիեւի սուր հռետորաբանությանը, թե Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի տարածք է, կոնգրեսական Շերմանը հորդորել է Բայդենի վարչակազմին պաշտպանական զինամթերք տրամադրել Հայաստանին՝ «խուսափելու Բաքվի կողմից ծրագրվող հաջորդ ողբերգությունից»։ Կոնգրեսականը եզրափակել է իր խոսքը՝ պատասխանելով Ալիեւին, որը պնդում է, որ իր հիմնական թշնամիները աշխարհի հայերն են: «Դե, ես ձեզ համար նորություն ունեմ, պարո՛ն Ալիեւ։ Ձեր գլխավոր թշնամիներն աշխարհի բոլոր մարդիկ են, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, ովքեր հավատում են մարդու իրավունքներին եւ հավատում են արդարությանը»։

Դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները՝ պատգամավոր Կոստան նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելին անի՝ Արցախի բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Շարունակելով խոսքը՝ կոնգրեսականը նկատել է. «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը ոչ միայն էթնիկ զտումների, այլեւ մշակութային ցեղասպանության համար…։ Սպառնալիքները, որ հիմա Ադրբեջանն է հնչեցնում Հայաստանի հասցեին, կարծում եմ՝ լուրջ են եւ իրական։ Հետեւաբար, պետք է դրանց վերաբերվել որպես այդպիսին»։  Նա նաեւ ԱՄՆ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Ադրբեջանի կողմից անօրինական պատանդ պահվող Արցախի ղեկավարների եւ հայ ռազմագերիների վերադարձը։

Ճեպազրույցի ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասը ամիս տեւած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ. սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի հետեւանքով բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ. ցեղասպանության։

Արցախցի հյուրերը նաեւ կարեւորել են ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը, ի թիվս ալնի կարեւորելով՝

l Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի S.3000 բանաձեւի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձեւի ամբողջական կիրարկում։ Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների համար։

l ԱՄՆ օժանդակությունն Արցախի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։

l Ամերիկյան եւ միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ. սեպտեմբերին գերեվարված Արցախի առաջնորդների եւ 2020թ. ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։

l Արցախի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը, եւ առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվության, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը եւ տարածաշրջանային կայունությունը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որ Կապիտոլիումի բարձունքում ուղեկցում էր Գեղամ Ստեփանյանին ու Արտակ Բեգլարյանին, շարունակում է իր աշխատանքները՝ վերը նշված խնդիրների լուծման գործում ամերիկյան ներգրավվածության մեծացման ուղղությամբ։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

1,164,212.8 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում եւ 1,164,212.8 հազար դրամ ուղղվել է «Մինչեւ 2026 թ. 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երեւանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը եւ 2024 թ. շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։

 

Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում թվով 30 դպրոցի եւ 6 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ հաստատություններից 7-ը գտնվում է Երեւանում, 6-ը՝ Արագածոտնում, 8-ը՝ Արմավիրում, 4-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Կոտայքում, 1-ը՝ Սյունիքում, 6-ը՝ Տավուշում։

Որոշմամբ նաեւ 157.2 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երեւանի թվով 6 դպրոցի անհատական նախագծերի ձեռք բերման համար։ Դպրոցները ներառվել են 300 դպրոցի ծրագրում։ Այդ հաստատություններն են՝ Գ. Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական, Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական, Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական, թիվ 173 եւ թիվ 31 հիմնական դպրոցները:

Նախատեսվում է նաեւ գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ շինարարությունն իրականացվող եւ մինչեւ 2024 թ. մայիսի 1-ը ներառյալ ավարտվող թվով 30 օբյեկտի շենքերի չափագրման ծառայության ձեռք բերման համար։ Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվում է 5,912.8 հազար դրամ գումար՝ չափագրման ծառայության արժեքը հաշվարկելով 250 դրամ:

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է ներկայացրել Անահիտ աստվածուհու արձանի գլուխը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու վերաբերյալ:

Թանգարանի տարածած պարզաբանման մեջ ասվում է. «Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաեւ Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։

Դեռեւս 2018 թվականին թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։

2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն եւ ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցություն ունեցավ նաեւ Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 4 բացառիկ նմուշներ (Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք.ա. VI-V դդ.), Էրեբունուց հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք. ա. VI-IV դդ.), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք. ա. I դ.))։

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես, Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի եւ թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջեւ հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաեւ համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին եւ ձեռքը (Ք. ա. II-I դդ.): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ։

Ցուցադրության կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության եւ թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին»:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս