Մինչ պատգամավոր դառնալը ակտիվիստ Լենա Նազարյանը օրուգիշեր խոսում էր պաշտոնյաների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության մասին, սակայն ԱԺ փոխխոսնակի, ապա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ամենափակ եւ ծպտյալ հարստացած կերպարներից դարձավ` ըստ պաշտոնական հայտարարագրի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանի եւ նրա ամուսնու` Նարեկ Բաբայանի հայտարարագրերը, պարզեց, որ ամուսինները միեւնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում: Եվ այսպես, պատգամավոր Նարեկ Բաբայանը 2022թ. հայտարարագրով լիազոր մարմնին հայտնել է, որ Ծաղկաձորում գնված անշարժ գույքը ձեռք է բերվել 27.041 միլիոն դրամով, իսկ կինը` Լենա Նազարյանը, ավելի մատչելի գին է ներկայացրել` 24.336 միլիոն դրամով։ Ու այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, Ծաղկաձորի ամառանոց-բնակարանը ինչ իրական արժեքով են իշխանական պատգամավորները ձեռք բերել: Իհարկե, այս բացահայտումը պետք է աներ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ընդդիմադիր պատգամավորների ամեն լուման խոշորացույցով ստուգում է, սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանական կարկառուն ներկայացուցիչների թույլ տված սխալները վրիպել են կարեւորագույն այդ կառույցի աչքից: Հիշեցնենք, որ ե՛ւ Լենա Նազարյանը, ե՛ւ նրա ամուսինը մինչ հեղափոխությունը երթեւեկում էին 100-դրամանոց «գազել»-ներով, իսկ հիմա փափուկ կյանքով են ապրում. ճամփորդում են, տուն ու ամառանոցային հանգստի գոտի Ծաղկաձորում անշարժ գույք են գնում` մոռանալով Ամուլսարի մասին, բնապահպանական եւ քաղաքական ու ընտրական անարդարությունների մասին, որոնց թեմաներով ակտիվիստներ էին:
ՔՊ-ականները հաջորդ շաբաթ կրկին կհավաքվեն. երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ տեղի կունենա: ArmLur.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ՔՊ-ականները մտադիր են լուրջ պատրաստվել նստաշրջանին, քանի որ օրակարգում կարեւոր հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ՔՊ-ական տիկնանց հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց խայտառակ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, ըստ էության, ՔՊ-ականները օրենքով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին եւ արգելում կուսության ստուգումը: ԱԺ մեկնարկելիք նիստից առաջ ՔՊ-ականները կքննարկեն օրակարգի հետ կապված հարցեր: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, պատգամավորներին ասվել է, որ չբացակայեն նիստից, քանի որ կարեւոր հարցեր են քննարկվելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2023 դեկտեմբերի 25-ից դադարել է զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը: Մեր տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեն համալսարաններում «հեղափոխություն» իրականացնել` հերթով ազատվելով ռեկտորներից՝ իրենց «սրտի անձանց» այդ պաշտոններում նշանակելու համար: Տեղեկացանք, որ այս անգամ պաշտոնից «հեռացումն» իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի միջոցով, որը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Պարզվում է՝ Գեւորգյանը նրա հետ մասնավոր զրույցներ է ունեցել, ակնարկել, որ պետք է հեռանա, թե չէ հնարավոր է ստուգումներ անցկացնեն ու ինչ-որ կոռուպցիոն բացահայտումներ անեն. ճիշտ կլինի առանց սենսացիաների հեռանա: ArmLur.am-ը կապ է հաստատել Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում. «Պաշտոնավարումս ավարտվել է, եւ ես չեմ դիմել 2-րդ փուլի համար»: Վերջինս հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
«Ժողովուրդ» օրաթերթին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պաշտոնապես հայտնել են, որ ուսումնասիրության առարկա էին դարձել Կ. Թումանյանի բարեվարքության ուսումնասիրության գործընթացի շրջանակներում՝ զանգվածային լրատվական միջոցներում հրապարակված տեղեկությունների համատեքստում։ Ստացվում է, որ հանձնաժողովը բարեվարքության շրջանակներում գնահատման առարկա է դարձրել ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու Կարեն Թումանյանի բանակից ազատվելու հարցը, որի մասին հրապարակում էր ունեցել «Ժողովուրդ» օրաթերթը: Այսպիսով. եզրակացությունը պետք է Ազգային ժողովին եւ թեկնածուին ուղղված հարցերի բարձրացման հիմք հանդիսանա, եւ դեռ ավելին՝ նաեւ բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականության հարցը, թե արդյոք զինծառայության հետ կապված փաստը պատշաճ է գնահատվել։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել։