Երեկ հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունները մտադիր են մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր հինգ անդամների: Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի, Զարուհի Փոստանջյանի, Գեւորգ Ստեփանյանի եւ Նարինե Հայրապետյանի մասին է: Հարցը կքննարկվի Երեւանի ավագանու փետրվարի 5-ի արտահերթ նիստում:
ArmLur.am-ը զրուցել է «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի հետ:
-Տիկի՛ն Աբգարյան, ինչու՞ է քաղաքային իշխանությունը որոշել մանդատից զրկել ավագանու մի քանի անդամների, այդ թվում՝ Հայկ Մարությանին: Հիմննավորումն այն է, որ նա անհարգելի պատճառներով բացակայել է ավագանու նիստերից: Ի՞նչ կասեք, ի՞նչ գնահատական կտաք իշխանությունների այս որոշմանը:
-Կասկած չկա, որ հիմնական դրդապատճառը պայմանավորված է ոչ թե քաղաքի հետ կապված մտահոգություններով, այլ հենց քաղաքական դիրքորոշմամբ, քանի որ թե՛ Հայկ Մարությանի ֆիգուրը, թե՛ նրա՝ քաղաքապետարանում ունեցած վերջին երկու ելույթներն անհանգստություն են պատճառել գործող իշխանություններին: Մենք նաեւ տեսնում ենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունից էլ հենց այն ավագանու անդամներն են մանդատից զրկվելու, որոնք առանձնացել են իրենց ըմբոստությամբ եւ քննադատող ելույթներով: Եթե ցանկություն ունենային բոլորի ներկա-բացականերն ուսումնասիրել, ավագանիում կան անդամներ, որոնք ընդհանրապես նիստերին չեն մասնակցել:
-Խոսքը «Հանրային ձայն» խմբակցության անդամների մասի՞ն է:
-Այո՛, նաեւ «Հանրային ձայն»-ի երկու անդամների մանդատի հարցը պետք է նույնպես բարձրացվեր: Անշուշտ, սա քաղաքական որոշում էր, եւ այն հիմնավորումը, որը մենք տեսնում ենք, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում՝ թե Մարությանը չի ցանկացել զբաղվել Երեւանի խնդիրներով: Այն աշխատանքը, որը մեր խմբակցությունն արել է Երեւանում՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, շատ ավելի օգտակար է եղել Երեւանի համար, քան այն խայտառակ որոշումները, որոնք բնավ երեւանցու համար չէին, այլ, ընդհակառակը, թալանում են նրանց գրպանները ու շատ ծանր իրավիճակում են դրել նրանց:
-Տիկի՛ն Աբգարյան, այստեղ նաեւ հարցի հակառակ կողմը կա: Հայկ Մարությանը, լինելով ձեր թիմի առանցքային դեմքը, ավագանու նիստի հենց սկզբից չի մասնակցել նիստերին ու սրանով հիմք է տվել իշխանություններին, որ նման գործընթաց ձեռնարկեն:
-Եթե խոսքը գնում է կեսից ավելի բացակաների մասին, ապա իրենք չէին կարող հաշվել դա: Խմբակցությունն ամբողջ կազմով բոյկոտել է նիստը. դա քաղաքական որոշում է եղել, ինչի իրավունքը մենք ունենք: Սա չի կարող համարվել անհարգելի բացակա, քանի որ անհամաձայություն հայտնելը, հավաքներ, բոյկոտներ կազմակերպելը, քաղաքական դիրքորոշում է եւ դա սահմանադրորեն ամրագրված իրավունք է:
-Ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
-Մենք առաջիկայում կհայտարարենք մեր գործողությունների մասին։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿ
Հայաստանի կառավարությունը, նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում կավարտի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանի զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը՝ հաշվի առնելով, որ դեռ 2022թ. հունվարին պետք է պատրաստ լիներ «Պաշտպանության մասին օրենք»-ի նոր նախագիծը՝ վարչապետն ասել է. «2022 թ.-ի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ: Եվ մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաեւ, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք, թե ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական եւ պաշտպանական բնույթի հարաբերություններ»:
Նա հավելել է՝ այդ խնդիրը նախկինում հեշտ է եղել, որովհետև այդ հարցը չի եղել, եւ հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չի եղել։
«Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք՝ այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում, օրինակ, Հնդկաստանի հետ»,-նշել է նա: Վարչապետը կարեւորել է նաեւ պատասխանելը հարցերին, թե Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, ԱՄՆ-ի հետ ինչ անվտանգային հարաբերություններ է ունենալու, ունենալու է, թե չի ունենալու, կամ Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները փոխվելու են, թե չեն փոխվելու, ինչպես են փոխվելու, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ, թե չի մնում, Ֆրանսիայի հետ ինչ հարաբերություններ է կառուցում։
«Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ այդ հայեցակարգը որպես դեկլարացիա արդեն հռչակված է: Եվ մենք պետք է ձեւակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մենք այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա. ինքը տեսակա՞ն փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք եւ դրա իրագործման ձեւերը հասկանանք, թե՞ ինքն, այնուամենայնիվ, 50-50՝ ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական է, որի տեսությունը կա, եւ որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են»,-ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունն ասել է եւ գնում է դեպի պրոֆեսիոնալ բանակ: Փաշինյանը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը համարեց հոյակապ բարեփոխում՝ բայց նաեւ կարեւորելով, որ այդ հայեցակարգն ունենա քաղաքական կոնտեքստ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԲՈՐԲՈՔՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավորները ժողովին բարձրացրել են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հարցը, որ ժողովը կայացել է կառավարության շենքում, ու իրենք ստիպված են եղել երկար կանգնել, որ կառավարության շենքի ռենտգեն սարքերի միջով անցնեն, ինչը վիրավորական է եղել ու կազմակերպման տեսանկյունից ոչ ճիշտ։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հիմնական ակտիվ հարցը բարձրացնողներից մեկը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանն է եղել, որը եղել է վարչապետ Փաշինյանի դստեր շահերի պաշտպանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար դիմել էին 3 դատավոր, որոնցից երկու թեկնածուների մեջ էր գնում «կռիվը»։ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էին Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Արդյունքում 158 դատավոր ՍԴ դատավոր է տեսնում Դավիթ Բալայանին, իսկ 100 դատավոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին։ Արդյունքում հաղթեց Դավիթ Բալայանը, եւ գնդակը հիմա ԱԺ-ի ձեռքում է, Ազգային ժողովը պետք է վերջնական որոշում կայացնի։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:
ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-Ի
Երեւանում մի նոր շարժում է սկսվել՝ փրկենք թենիսի կորտերը: Նախաձեռնողները հեշթեգներ են ընտրել՝ #ԷվոկաբանկԲոյկոտ, #BoycottEvocaBank, #ՓրկենքԹենիսիԿորտերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանն ասաց, որ չեն նահանջելու։ «Թենիսի կորտերն ավելի հին են, քան Օղակաձեւ այգին. թենիսը մարզական է եւ պետք է կցվի, օրինակ, համալսարանին։ Պետք է նախագիծ լինի, պետք չէ հատվածային, ինչ-որ անգրագետ լուծումներ տալ։ Օղակաձեւ այգու վերաիմաստավորումն անիմաստ է, չի կարելի թույլ տալ թենիսի կորտերը..Այն մեր քաղաքային ինքնության մաս է»,- ասաց Վիկտոր Մնացականյանը: