Ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։
2019 թ.-ի մայիսին Երեւանի բնակիչ Ս.Դ.-ն, ով հանդիսանում է ՍՊԸ ընկերության տնօրեն, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայնինգ կատարող սարքեր ձեռք բերելու եւ այդպիսով շահույթ ստանալու նպատակով 2018թ. հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս.Խ.-ի հետ, ինչի արդյունքում՝ վերջինս իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար։
Բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 26-ամյա երիտասարդի կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախությունների շղթա։ Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջինս շահույթ ստանալու պատրվակով ինչպես Ս.Դ.-ին, այնպես էլ մի քանի այլ անձանց առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող եւ, իբրեւ թե, համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, եւ հիշյալ անձանցից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315. 788. 602 ՀՀ դրամ գումար։
Երիտասարդը նախ ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող գործարարին հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվում հիշյալ սարքերի ներմուծմամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով ցույց տվել իր բջջային հեռախոսում գրանցված բանկային հաշիվներին ստացված ինչ-որ գումարներ, ապա նրան առաջարկել 1.154.280 ՀՀ դրամին համարժեք 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք՝ խոստանալով դրա գործարկումից վերջինիս ապահովել ամսական 280.000 ՀՀ դրամի չափով շահույթ:
Ստանալով Ս.Դ.-ի համաձայնությունը՝ հանցագործության կատարման պահին 22-ամյա երիտասարդը վերցրել է պահանջված գումարն ու շուրջ մեկ ամիս անց ՍՊԸ տնօրենին մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում ներկայացրել որպես «Antminer Z9 mini» սարք՝ առաջարկելով խոստացված եկամտաբերությունն ապահովելու համար այն տեղադրել իբրեւ թե իր հորը պատկանող, սակայն իրականում գոյություն չունեցող գործարանում:
Հետագայում ավելի մեծ եկամուտ ստանալու պատրվակով գործարարին առաջարկվել է գնել տասնյակ այլ սարքեր, ինչի դիմաց երիտասարդը նրանից ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որից 25.949.232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս.Դ.-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:
Այնուհետեւ, չկատարելով իր ստանձնած պարտավորությունը, երիտասարդը, շուրջ 40 հատ բարձր եկամտաբերությամբ եւ որակական հատկանիշներով սարքեր տրամադրելու փոխարեն, գործարարին տրամադրել է խոստացվածից խիստ ցածր որակական հատկանիշներով սարքավորում՝ այդպիսով նրանից հափշտակելով 13.468.763 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, երիտասարդը, տեղեկանալով նաեւ Ս.Դ.-ի հետ փոխկապակցված անձանց՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին եւ օգտագործելով գործարարի մոտ ձեռք բերած վստահությունը, վերջինիս միջոցով նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եկել նաեւ նրա հարազատների եւ ընկերների, վերջիններիս միջոցով էլ՝ տասնյակ այլ անձանց հետ, որոնցից նույնպես նույն եղանակով պարբերաբար խաբեությամբ ստացել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ պատվիրված սարքերը տարբեր պատճառաբանություններով չփոխանցելով եւ շարունակ խուսափելով վերջիններիս զանգերից։ Նրա հանցավոր գործողություններից տուժել է ընդհանուր 23 անձ։
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Գյումրու բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ)։
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
2024 թվականի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում եւ շատ այլ գործողություններ արդեն հնարավոր է իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային համակարգի՝ cabinet.armlex.am միջոցով, առանց տանից դուրս գալու:
Բացառություն են կազմելու պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ առաջին փուլում համակարգից պարտադիր օգտվողներն են լինելու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները: Ֆիզիկական անձանց համար պարտադիր օգտվելու պահանջը կգործի այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել է գործողություն եւ հետո դատարանին չի ներկայացրել դիմում՝ համակարգն օգտագործելու անհնարինության մասին:
«Այս բարեփոխման առավելություններն են.
- Էլեկտրոնային համակարգում նոր փաստաթղթի տեղադրման դեպքում համակարգն օգտագործողն անմիջապես տեղեկացվելու է իր մուտքագրած հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով։
- Դատական նիստերն այլեւս անհարկի չեն հետաձգվի. համակարգը դատավորին թույլ կտա էլեկտրոնային օրացույցով տեսնել կողմերի զբաղվածությունը:
- Պետական տուրքը վճարվելու է միայն համակարգի միջոցով:
- Ապացույցների ներկայացման ընթացակարգը եւս էլեկտրոնային է։ Իրեղեն ապացույցի ներկայացման համար համակարգ կներբեռնվի դրա լուսանկարը կամ տեսագրությունը։ Այն դատարան կներկայացվի՝ ըստ պահանջի։ Համակարգը բացառում է դատարան ներկայացված փաստաթղթերը փոփոխելու կամ միջամտության որեւէ հնարավորություն:
- Դատավարական փաստաթղթերը կհամարվեն ստորագրված, իսկ դատարանի պարագայում՝ նաեւ կնքված, եթե դրանք կազմվել կամ ներկայացվել են համակարգի միջոցով եւ վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ։ Ստուգվելու է էլեկտրոնային ստորագրության վավերականությունն ու իսկությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞Վ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԹՈՒՆՅԱՆԻ ՏԵՂԸ
Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար դիմել են 3 դատավոր, որոնցից երկու թեկնածուների մեջ է գնալու «կռիվը»։ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել է Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:
Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, եւ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները պետք է ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատավորների ժողովը կայանալու է փետրվարի 2-ին։ Ստացվում է՝ դատավորների ժողովը պետք է 4 թեկնածուներից մեկին ընտրի ու ուղարկի ԱԺ, որտեղ եւ կկայացվի վերջնական որոշումը։
երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավորներն ավարտել են քվեարկությունը, նրանք կատարել են իրենց ընտրությունը եւ սպասում են արդյունքների հրապարակմանը։
ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ փոխնախարար Անի Իսպիրյանը կկալանավորվի։
Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ չարաշահել են ծառայողական լիազորությունները։