Հայաստանի պատմության թանգարանում հունվարի 31-ին բացվեց «Չեխիայի ամրոցները եւ դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը, պատգամավորներ, դեսպաններ, մշակութային գործիչներ եւ այլք։ Ցուցահանդեսը ներկայացնում է Չեխիայի պատմական երկու շրջանների` Բոհեմիայի եւ Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցներն ու դղյակները:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ազդարարվեց Հայաստանի պատմության թանգարանի եւ Չեխիայի ազգային թանգարանի միջեւ կարեւոր համագործակցության սկիզբը, որը նշանավորվեց ցուցահանդեսի բացումով։
«Սա Չեխիայի ազգային թանգարանի բավականին լավ ճանապարհորդած, բայց առաջին անգամ Հայաստանում ներկայացվող չեխական ամրոցներին եւ դղյակներին նվիրված ցուցահանդեսն է, որով միաժամանակ սկիզբ է դրվելու երկու ազգային թանգարանների միջեւ համագործակցությանը։ Եվ այս առումով շնորհակալ ենք նմանատիպ բարձրաստիճան ներկայությամբ ազդարարելու համար ցուցահանդեսի բացումը, եւ երկու երկրների ազգային ժողովների նախագահների ներկայությունը շատ ու շատ կարեւոր է մեկնարկի համար»,- ասաց Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում Չեխիայի դեսպանությանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությանը ցուցահանդեսը կազմակերպելու համար։
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նշեց, որ Չեխիան ոչ միայն գարեջրերով է հայտնի, այլ նաեւ ունի ամենաշատ ամրոցները Եվրոպայում։
«Ուրախ եմ, որ դուք հնարավորություն կունենաք տեսնել այդ ամրոցներից եւ դղյակներից մի քանիսը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պատմության թանգարանին եւ Չեխիայի ազգային թանգարանին ցուցահանդեսը կազմակերպելու համար»,- ավելացրեց Պիրունչիկը։
Չեխիայի ազգային թանգարանի ներկայացուցիչ Պետր Բրուհան ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է 25 ամրոց եւ դղյակ։ Նրա խոսքով՝ ցուցադրության մեջ ընդգրկված վայրերի ընտրության չափանիշը եղել է դրանց պատմական նշանակությունը, ինչպես նաեւ ճարտարապետական, գեղարվեստական եւ պատմական արժեքը։
«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ցուցադրելու մեր ամրոցների եւ դղյակների մի փոքր մասը Հայաստանի պատմության թանգարանի հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Հուսով եմ, որ այս ցուցահանդեսը վերջինը չէ, եւ հետագայում եւս կլինեն տարբեր համատեղ ծրագրեր։ Հուսով եմ, որ Պրահայում եւս կկազմակերպվի հայկական ցուցահանդես»- նշեց Չեխիայի ազգային թանգարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ցուցահանդեսը ոչ միայն գեղագիտական փորձ եւ տեղեկատվություն կփոխանցի, այլեւ ամրոցների եւ դղյակների ավելի մանրամասն ուսումնասիրության պատճառ կդառնա, ինչպես նաեւ Չեխիա այցելելու հրավեր կլինի։
Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն ընդգրկված վայրերը (Պրահա, Չեսկի Կրումլով, Կուտնա Հորա, Լիտոմիշլ, Կռոմյեռժիժ, Լեդնիցե-Վալթիցե մշակութային լանդշաֆտ, Տելչ), այլ նաեւ մի շարք այլ կառույցներ, որոնք հավակնում են այդ ցանկում ընդգրկվելու (օրինակ` Կարլշտեյն, Կրժիվոկլատ, Յինդռյիխուվ Հռադեց): Այս ընտրանին ներառում է նաեւ տպավորիչ (օրինակ` Ռաբի) եւ ռոմանտիկ ավերակներ (օրինակ` Բեզդյեզ, Տրոսկի), ամրոցներ, որոնք վերածվել են դղյակ-նստավայրերի (օրինակ` Հլուբոկա նադ Վլտավոու, Վրանով նադ Դիյի) եւ ժամանակակից պալատներ` շրջապատված հոյակապ այգիներով (օրինակ` Վելտրուսի, Յեմնիշտյե, Բուխլովիցե, Լեդնիցե եւ այլն):
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԷ՞
Եվրոպայի առաջատար գրադարաններից գողացված ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի եւ այլ ռուս դասականների ստեղծագործությունների առաջին հրատարակությունների արժեքը գերազանցել է 2 միլիոն եվրոն: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։
Եվրոպայում գրադարանավարները հայտնաբերել են, որ Պուշկինի եւ 19-րդ դարի այլ հայտնի ռուս գրողների ստեղծագործությունների հազվագյուտ եւ արժեքավոր առաջին հրատարակությունները փոխարինվել են կեղծ օրինակներով։
Այս պահի դրությամբ կորստի մասին վերջինը հայտնել է Բեռլինի պետական գրադարանը: Գրադարանային ֆոնդից անհետացել են Պուշկինի երեք ստեղծագործություններ՝ «Ավազակ եղբայրներ» պոեմը, «Բորիս Գոդունով» պատմական դրաման եւ «Կովկասի գերին» պոեմը, ինչպես նաեւ Ալեքսանդրա Էքստերի եւ բանաստեղծ Ալեքսեյ Կրուչոնիխի ֆուտուրիստական գրքերի առաջին հրատարակությունները, որոնք գնահատվում են մի քանի հարյուր հազար եվրո։
«Կեղծիքները պատրաստված են բարձր մակարդակով, – մեջբերում է պարբերականը Բեռլինի պետական գրադարանի խոսնակ Բարբարա Հայնդլի խոսքերը: – Անհրաժեշտ է խոշորացույց օգտագործել անճշտությունները հայտնաբերելու համար, ինչպիսիք են տպագրության փոքր կետերը, սխալ դրոշմը կամ թղթի տարբերությունը»:
2023թ. նոյեմբերին Ֆրանսիայում ձերբակալվել էին 3 վրացիներ, որոնց կասկածում են Պուշկինի հազվագյուտ ստեղծագործությունները գրադարաններից գողանալու մեջ։ 24, 26 եւ 44 տարեկան (2 կին, 1 տղամարդ) կասկածյալներն, ըստ քննիչների, Եվրոպայում գրողի ստեղծագործությունների գողացման մեջ մասնագիտացած միջազգային հանցավոր ցանցի անդամներ են։
Ցանցի անդամները, սովորաբար, հեղինակավոր գրադարաններում կամ համալսարաններում խնդրել են տեսնել արժեքավոր գիրքը՝ պատճառաբանելով, թե հետազոտական նախագիծ են իրականացնում։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վիլնյուսի համալսարանի հազվագյուտ գրքերի ընթերցասրահից գողացել են Գոգոլի, Լերմոնտովի, Պուշկինի ստեղծագործությունների 17 հրատարակություններ՝ 440 հազար եվրո արժողությամբ։ Էստոնիայի Տարտուի համալսարանի գրադարանը կորցրել է ութ հազվագյուտ հրատարակություն՝ մոտ 158 հազար եվրո արժողությամբ, իսկ երկու արժեքավոր հրատարակություն գողացել են Լատվիայի ազգային գրադարանից։
Վարշավայի համալսարանի գրադարանից գողացված հազվագյուտ ռուսական գրքերի արժեքը՝ ներառյալ Պուշկինի եւ Գոգոլի մի քանի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները, կազմում է մոտ կես միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, գողացվել է 87 հազվագյուտ հրատարակություն։ Դրանց մեծ մասը տպագրվել է Ռուսական կայսրության տարածքում 19-րդ դարի առաջին կեսին։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի Պանամերիկյան որակավորման մրցաշարին, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում. հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։
36-ամյա ըմբիշը կներկայացնի Արգենտինան եւ հանդես կգա 77 կգ քաշային կարգում։ 130 կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը։
Վարկանիշային մրցաշարից առաջ Ջուլֆալակյանը եւ Սողոմոնյանը փետրվարի 21-24-ին Ակապուլկոյում կմասնակցեն Պանամերիկյան առաջնությանը։
2021 թվականին կարիերան ավարտելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆալակյանը վերջերս Արգենտինայի դրոշի ներքո Ֆրանսիայում մասնակցել էր Անրի Դեգլանի անվան Գրան պրիին եւ դարձել արծաթե մեդալակիր։ Նա Հայաստանը ներկայացրել է «Պեկին-2008», «Լոնդոն-2012» ու «Ռիո-2016» օլիմպիական խաղերում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ջուլֆալակյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
35-ամյա գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը տեղափոխվեց իտալական «Սալերնիտանա»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը. հաղորդում է ակումբի կայքը։
Բոատենգի նախորդ ակումբը ֆրանսիական «Լիոնն» էր, որից նա հեռացել էր 2023թ. հունիսին։ Անցած ամիս նա մարզվում էր Մյունխենի «Բավարիայում», սակայն համագործակցության առաջարկ Բոատենգը չստացավ։ Նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Սալերնտինային» եւ հանդես կգա 5 համարի խաղաշապիկով։ Ժերոմ Բոատենգը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն։
Ակումբային կարիերայում նա հանդես է եկել նաեւ «Հերտայում», «Համբուրգում», «Մանչեսթեր Սիթիում», «Բավարիայում»։
ՍՈՒՊԵՐԼԻԳԱ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է ակումբներ, որոնք համաձայն են ՈւԵՖԱ-ից անկախ եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։
«Եթե 2024-2025 թվականների մրցաշրջանում չմեկնարկի Սուպերլիգան, ապա կլինի մեկ տարի հետո։ Ինձ համար միեւնույնն է, եթե անգլիական ակումբները չմասնակցեն։ Սուպերլիգան ամեն ակումբին մասնակցության համար առաջարկում է 100 միլիոն եվրո։ Անգլիական ակումբները չեն կարողանա այդքան պարգեւավճար ստանալ, եթե նույնիսկ հաղթեն Չեմպիոնների լիգայում։
Արդեն 12 ակումբ կա Սուպերլիգայում՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Ինտեր», «Միլան», «Նապոլի», «Ռոմա», «Մարսել», «Բրյուգե», «Անդերլեխտ», երեք հոլանդական ակումբներ»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
2023թ. դեկտեմբերին Եվրոպական Միության դատարանը վճռել էր, որ ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն չեն կարող ունենալ մենաշնորհ ակումբային ֆուտբոլում, եւ այլ կազմակերպություններ եւս կարող են կազմակերպել եւ անցկացնել մրցաշարեր։