ՊԱՀԱՆՋ ԿԱ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը. իշխանականներն այս հարցը նաեւ Փաշինյանի առջեւ են դրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ քննարկվում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա: Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Freenews TV ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Եւ անգամ հրապարակումներից հետո չեն վճարել պետության պարտքերը՝ օգտվելով իշխանական իրենց կարգավիճակից: Օրեր առաջ էլ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. իրավապահ համակարգի ձեւակերպմամբ՝ նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու համար պաշտոնական դիրքի չարաշահման հարցում։ ՔՊ-ում ասում են՝ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձեւավորված այս ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա թիմի վարկանիշին է հարվածում: Որոշ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը դրել են նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջ: Իրենց այս քայլն իշխանականները բացատրում են այսպես. Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երեւանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձեւավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի: Բանն այն է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է: Ահա այս իրավիճակը խիստ վրդովեցրել է ՔՊ-ականներին, ու Փաշինյանից պահանջել են հեռացնել Սիմոնյանին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա վերջին աղմկահարույց իրադարձությունների մասով, օրինական համարում է արդյոք իրավապահների գործողությունները: «Որեւէ մեկնաբանություն չունենք այս պահին. եթե ԱԺ նախագահը ցանկանա դիրքորոշում հայտնել, ապա դա կարվի»,-ասաց նա: Այսինքն՝ ասելիք չկա:

 

 

 

Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, եւ առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որեւէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր ընտանիքը կոռուպցիայի մեջ է թաթախվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ. Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արեւմտյան աջակցությամբ: Եւ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել: Իհարկե, դժվար է պնդումներ անել, թե որքանով են իշխանության կուլիսներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը իրական, բայց փաստ է մի բան, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ն 24 ժամով եթերազրկված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով, քանի որ պետությանը կուտակած պարտքերը չի մարում, եղբոր կինը կալանավորված է, եւ էլի կան դեպքեր, որոնց դեռ կանդրադառնանք:

 

 

 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Երբ նա կոչ արեց կալանավորին ծափերով ողջունել, գործընկերները տարակուսել են ՔՊ-ում: Ինչի՞ մասին է խոսքը. փետրվարի 2-ին Երեւանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը՝ բիզնեսի համար» համաժողովին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթի ընթացքում հիշեց Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիայի գործով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին գովերգող հայտարարություններով: Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքն ու առաջարկեց ներկաներին ծափահարել նրան: Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը փետրվարի 1-ին 2 ամսով կալանավորվել էր, քանի որ Էկոնոմիկայի նախարարության ութ պաշտոնյաներ կասկածվում են, իրավապահների ձեւակերպմամբ, առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Ստացվում է՝ մի կողմից իրավապահները Աշոտ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում են կայացնում, իրավական գործընթաց են սկսում նրա նկատմամբ, իսկ, մյուս կողմից, ԱԺ փոխխոսնակն իր ելույթում գովերգում է կոռուպցիայի համար մեղադրվող նույն պաշտոնյային՝ այսպիսով ծաղրելով նաեւ իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակոբ Արշակյանի այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել ՔՊ-ում, ԱԺ փոխնախագահը նկատողություն է ստացել իր թիմակիցների կողմից, որոնք Արշակյանի այս արարքը տարակուսելի են համարել: Բացի այդ, ԱԺ պաշտոնական կայքում էլ Հակոբ Արշակյանի ելույթի այդ հատվածը խմբագրված է, չկան ծափողջույնները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին: Վերջինս  ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ կրթության ոլորտում քաոսը կրկին սրվել է: Դեռ չէին մարսել նոր չափորոշիչներով տպագրված դասագրքերի ձախողման փաստը, այժմ հերթը պատմության դասագրքերինն է։ Դեռ դպրոցների ստեղծման սկզբից պատմության նոր տպագրված դասագրքերը կոչվել են «Հայոց պատմություն»։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անանուն մասնագետների կարծիքը, թե ճիշտը «Հայաստանի պատմություն»-ն է, ոչ թե «Հայոց», դրանից հետո ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին հարցրել է. «Իսկ ինչո՞ւ Հայոց պատմությունը չենք անվանել Հայաստանի պատմություն»։ Այս մասին բարձրաձայնվել է նաեւ Կառավարության նիստերի ժամանակ, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ մի բացասական մեկնաբանություն չի տվել։ Նախարարը գլխիկոր լսել եւ չի հակաճառել Փաշինյանին։ Օրեր անց Իրավական ակտերի նախագծերի  հրապարակման միասնական կայքում հայտնվեց նոր նախագիծ, որով «Հայոց պամություն» դասագիրքը նախատեսվում է փոխարինել «Հայաստանի պատմություն» տերմինով։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը չի փորձել հետ կանգնեցնել Փաշինյանին այդ մտքից՝ բացատրելով, որ գոնե փոփոխությունները պետք է սկսել նոր ուստարուց: Նախարարի այս լռելյայն համաձայնությունը ԿԳՄՍՆ մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Տեղեկացանք, որ շատ դպրոցներում բունտ է հասունանալու Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով:

 




Լրահոս