«ԻՐԵՆՑ ՄՈՏ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ի արտահերթ նիստում Երեւանի ավագանին կքննարկի ընդդիմադիր 5 անդամներին մանդատից զրկելու հարցը: Խոսքը Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի եւ Գեւորգ Ստեփանյանի մասին է: Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշման նախագծի հիմքում նիստերին նրանց բացակայությունն ու քվեարկություններին չմասնակցելն է։ ArmLur.am-ը այս հարցի շուրջ զրուցել է Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:

 

-Տիկի՛ն Փոստանջյան, իշխանությունները որոշել են Ձեզ եւ ավագանու ընդդիմադիր եւս չորս անդամների զրկել մանդատից: Ի՞նչ կասեք այս մասին, ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը:

-Գարնանային սրացումներ են իշխանությունների մոտ, որոշել են նոր հարձակում սկսել իմ նկատմամբ ու ավագանու անդամի մանդատից զրկել: Նրանց այս հապճեպ կայացրած որոշումն արդեն խոսում է այն մասին, որ իրենց ղեկավարող կենտրոններից մեկում է այս որոշումը կայացվել է, ու սկսել են իրագործել այդ հրահանգները:

-Իշխանություններն իրենց այս քայլը հիմավորում են նրանով, որ ավագանու նիստերին չեք մասնակցել, այսինքն՝ բացակայություններն են պատճառը:

-Եթե հիմք են վերցնում բացակայությունները, ապա դրան պետք է նախորդեն որոշ գործընթացներ: Իրենց պատվիրատուների ձեռագիրն է, մնացել- մնացել են ու հիմա որոշել են, որ պետք է ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ հարձակում գործել, օրենքի կոպիտ ոտնահարմամբ, փնթի ու կոպիտ գործելաոճով ինչ -որ քայլեր են անում մեր նկատմամբ:

-Տիկի՛ն Փոստանջյան, մանդատից զրկելու համար անհրաժեշտ է լինելու ավագանու 33 անդամի համաձայնություն: Ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞ ապահովել անհրաժեշտ ձայներ ու հասնել իրենց վերջնական նպատակին:

-Եթե իրենց նպատակը դա է, ապա իրենք պարտված մարդիկ են. սա բացարձակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ իմ գործունեության վրա, ոչ էլ իրենց վիճակը կարող է բարելավվել. իրենց մոտ սպոնտան գարնանային սրացումներ են պարզապես:

-Իսկ դուք արտահերթ նիստին մասնակցելո՞ւ եք:

-Ոչ, ապօրինի օրակարգով նիստ է. ովքեր որ դա նախաձեռնում են, թող իրենք իրենց վարքագիծը նայեն, որ պաշտոն են ստանձնել ապօրինի կերպով: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է հանրության ուշադրությունը շեղելու համար:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախորդ օրը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչման արժանացած տասնմեկ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի եւ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի:

 

Ձեռնադրող Օշական Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունը հայտնեց քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Նորաօծ եկեղեցականների անունից Հայոց Հայրապետին երախտագիտության խոսք ասաց Արժանապատիվ Տ. Կոմիտաս քահանա Ղեւոնդյանը՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կներդնեն իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորաօծ հոգեւորականներին՝ շնորհավորելով վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով:

Վեհափառ Հայրապետը հորդորեց նորընծա եկեղեցականներին հոգեւոր կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ է՛լ ավելի բարձրացնելով Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հայոց Հովվապետը, ընդգծելով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում, պատգամեց նորաօծներին արդյունավորել իրենց հոգեւոր սպասավորությունը հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ, Ավետարանի եւ սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Հայ Եկեղեցու եւ Հայրենիքի նկատմամբ։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերն իրենց զորավոր հավատքով, նվիրյալ ու անսակարկ ծառայությամբ կկարողանան իրականություն դարձնել հայ ժողովրդի զավակների իղձերն ու տեսիլքներն ապագայի նկատմամբ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Սրբազան Հորը, ինչպես նաեւ Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատություններին ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության եւ ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին եւ ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

 

 

ՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԿԵՏ՝ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը

ՔՊ-ական ավագանու անդամները մի քանի օր ժամանակ ունեն որոշում կայացնելու՝ կա’մ պետք է մանդատը վայր դնեն, կա’մ թողնեն իրենց պաշտոնը:

Այսպիսով, թեեւ ՔՊ-ն  բացակաների թույլատրելի քանակը հատած ընդդիմադիր ավագանու անդամների դեմ է ակտիվ պայքար սկսել,  բայց սեփական թիմի ներսում էլ օրինախախտների պակաս չկա:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝

  1. ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,
  2. Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,
  3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,
  4. Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:

«ՏԻՄ մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը.

«Համայնքի ավագանու անդամը չի կարող`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ մարզպետարանում, համայնքային կամ մարզային ենթակայության ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ղեկավար,

2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,

3) աշխատել իրավապահ մարմիններում, ծառայել զինված ուժերում»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են դիմել Երեւանի քաղաքապետարանից՝ խնդրելով պարզաբանել, թե օրենքը ինչ սահմանափակումներ է ենթադրում ավագանիների համար, արդյոք նրանք կարող են շարունակել մնալ ավագանու անդամներ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝

հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել՝ իշխանական ավագանու անդամները կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

Փաստացի ՔՊ-ական ավագանու անդամները զուգահեռ անհամատեղելի պաշտոն են զբաղեցնում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արձանագրելով այս խախտումը, մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ է տվել քաղաքապետարանին։

 




Լրահոս