ԽԱԹԱՐՎԵԼ Է ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամուս գյուղում հունվարի 12-ի գիշերը մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի եւ դրա արդյունքում մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ 

 

«Իրականացված մեծածավալ եւ բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է հետեւյալը.

2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երեւան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների եւ ծանոթների՝ թվով 8 անձանց հետ  Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։

Ժամը 20-ի սահմաններում՝ 53-ամյա տղամարդու եւ ներկաներից մեկի միջեւ սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով՝ 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։ Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր եւ արատավոր մտածելակերպի դրսեւորմամբ հացատան բակում շուրջ 10 րոպե տեւած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ եւ  անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետեւանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով եւ լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը եւ փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։

Այնուհետեւ 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգեւատրում ստացած՝ փամփուշտներով լիցքավորված «CZ 75 SP 01 Tactical» տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։

Հացատան բակում վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի եւ վերջինիս միացած եւս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները եւ ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է եւս մեկ կրակոց, ինչի հետեւանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը, ում առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս։

Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետեւանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո, վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։

2024թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝  հունվարի 13-ին Երեւան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշվում է, որ մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից, եւ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ Նրանցից մեկի նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԴԵՊՔՈՎ

Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետեւանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել եւ վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք)։

 

Ձեւավորվել է քննչական խումբ։ Որոնողական եւ փրկարարական աշխատանքներին զուգահեռ՝ քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվել են անհրաժեշտ եւ անհետաձգելի գործողություններ։

Տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման պատճառները, ինչպես նաեւ դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊՂԾԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐՈՇԸ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել երկրից չբացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ ArmLur.am-ի հարցմանը ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հայտնաբերված եւ Կոմիտե ներկայացված Երեւան քաղաքի բնակչին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ հակառուսականության այնպիսի ալիք են առաջացրել, որ քաղաքացիներից մեկը նախօրեին պղծել է ռուսական դրոշը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ է իրավապահներին հայտնել ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող Սամվել Շիրինյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները նրան հարց են տվել, թե ինչու է նման քայլի գնացել ու խուլիգանություն կատարել, 46-ամյա Շիրինյանն ասել է, թե ռուսները մեր նկատմամբ վատ բաներ արեցին. եթե չկա Արցախի հայերի ցեղասպանության ճանաչում, չկան նաեւ Լենինգրադում տուժածներ: Ամեն դեպքում, կատարողը ձերբակալված է։

Ինչպես հայտնի է, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։

«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ տեղադրելով Tik Tok սոցիալական ցանցում»,- գրել է նա:

ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից: Նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել են կանխել նրա փախուստը։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս