Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ չկա մի գործիք, որով մարդն իրեն վիրտուալ տարածքում պաշտպանված կզգա, որովհետեւ հենց ինչ-որ մի գործիք է ստեղծվում, որն ինչ-որ բանից պաշտպանում է, կիբերհանցագործներն անմիջապես ներմուծում են դա շրջանցելու մեխանիզմները:
Այս մասին նա ասում՝ անդրադառնալով սոցիալական տարբեր հարթակներով, մասնավորապես՝ տելեգրամյան ալիքներով իրականացվող ամենատարբեր խարդախություններին ու հանցագործություններին:
«Կիբերտիրույթում պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է մեդիագրագիտություն. ինչի՞ մասին է խոսքը. մեդիագրագետ մարդը, երբ ինչ-որ ինֆորմացիա է տեսնում, փորձում է այն ճշտել սկզբնաղբյուրից կամ գտնել եւս մեկ, երկու անկախ աղբյուր, որտեղ դա կա: Ավելի պատկերավոր ասած՝ ենթադրենք՝ տեսնում եք, որ տարածվում է հայտարարություն այն մասին, որ ինչ-որ մի հայաստանյան սուպերմարկետ խաղարկություն է կազմակերպում, որին առաջարկում է միանալ եւ գրանցվել «Ֆեյսբուք»-ի միջոցով: Մեդիագրագետ մարդն ասում է՝ լավ, գնամ էս սուպերմարկետի կայքէջ, տեսնեմ՝ այնտեղ կա նման ինֆորմացիա, կամ երեկոյան այցելեմ սուպերմարկետ, հարցնեմ՝ դուք այսպիսի խաղարկություն ունե՞ք, ոչ թե ինչ-որ մի բան տեսավ, անմիջապես հղումի վրա սեղմի, մտնի, քարտային տվյալները տա ու հետո գլխին տա՝ խաբեության զոհ դառնա: Այս նույն սկզբունքները գործում են նաեւ ինֆորմացիայի դաշտում: Առհասարակ, երբ ինչ-որ ինֆորմացիա եք տեսնում, անհրաժեշտ է գոնե մեկ, երկու աղբյուրից ստուգել, շատ պարզ կանոն է, որը կարող է շատ-շատ գլխացավանքներից փրկել»,- հորդորում է Պապյանը:
Ըստ մեդիափորձագետի՝ հատկապես պետք է ստուգել բոլոր այն հաղորդագրություններն ու գրառումները, որոնք օգտատիրոջ մոտ էմոցիաներ են առաջացնում. «Այսինքն, երբ ասվում է՝ «հենց հիմա՛», «շտապե՛ք», «20 րոպեի ընթացքում արեք» կամ «24 ժամում գրանցվե՛ք, այլապես զեղչը կվերջանա, եւ ձեր շահումը տեղի չի ունենա»: Երբ նման բովանդակությամբ նամակ եք ստանում, կասկածն առաջին բանը պետք է լինի, հատկապես երբ էմոցիոնալ ֆոն կա, կամ ձեզ շտապեցնում կամ ճնշում են: Երկրորդ՝ պետք է փորձել ինֆորմացիան տարբեր աղբյուրներից ստուգել, ոչ թե միանգամից գնալ այդ հղումով»:
Խոսելով տելեգրամյան տարբեր ալիքներով իրականացվող խարդախությունների ու հանցագործությունների մասին, որոնց նպատակը գումար շորթելն է՝ Արթուր Պապյանն ընդգծում է, որ այդ դեպքում (մանավանդ անչափահասների պարագայում) կարեւոր է, որ ծնողները եւ առհասարակ մարդիկ նախապատրաստված լինեն:
«Քանի որ հիմա արհեստական բանականության տեխնոլոգիաներն են աճում, եւ գնալով դա հեշտանում է, այսինքն՝ մարդու պատկերով տարբեր կոնտենտ ստեղծելը, նույն մերկացած մարմնի վրա գլուխ մոնտաժելը գնալով կատարելագործվում է, եւ հետեւաբար կանխատեսվում է, որ նման տիպի հարձակումների ծավալը մի քանի անգամ երկրաչափորեն աճելու է: Պետք է նախեւառաջ տեղյակ լինել, որ սա հնարավոր սցենար է, եւ երկրորդ՝ ազնիվ խոսել. Հայաստանում մենք այդպիսի փորձ ունեցանք, երբ մի հայտնի մշակույթի գործչի այդպիսի շանտաժ էին արել, եւ ինքը որոշել էր հակաքայլ անել. «Ֆեյսբուք»-ում հրապարակել էր այդ լուսանկարներն ու գրառում արել, որ դրանք մոնտաժված նկարներ են, եւ որ իրեն շանտաժի են ենթարկում: Դա շատ հետաքրքիր մարտավարություն է, այսինքն՝ գործել հակաքայլի սկզբունքով եւ առանձնապես նման բաներից չվախենալ»,- ասում է մեդիափորձագետը:
Նրա կարծիքով՝ երեխաների դեպքում կարեւոր է, որ ծնողները երեխայի հետ բաց կոմունիկացիա ունենան եւ ասեն, որ նման բաներ կան, եւ որ նման հարձակումների զոհ դառնալու դեպքում դիմեն իրենց, այլ ոչ թե ծուղակն ընկնեն:
«Տեղեկացվածության պակասի պատճառով տուժողները հաճախ ամաչում են ու չեն դիմում իրավապահ համակարգին, եւ այդ դեպքում գործ էլ չկա, որպեսզի քննություն իրականացվի,եւ այդ շորթումները բացահայտվեն: Գումար փոխանցելը միանշանակ լուծում չէ. դա պիտի լինի վերջին բանը, որ կարող եք անել, այն էլ՝ մասնագետի հետ խորհրդակցելու արդյունքում ու նրա ցուցումով: Գումար փոխանցելով՝ դուք խրախուսում եք հանցագործներին շարունակել իրենց սեւ գործը, ավելին՝ ոչ մի երաշխիք չկա, որ գումարը փոխանցելուց հետո կբավարարվեն ու հաջորդ անգամ ավելի մեծ գումար չեն պահանջի»,- զգուշացնում է մասնագետը:
Մեդիափորձագետը ուրախությամբ ընդգծում է, որ այդպիսի լուրջ դեպքերի համար ունենք առցանց հանցագործություններով զբաղվող բավական կոմպետենտ ինտերնետային քննչական բաժին. «Վերջին շրջանում տելեգրամյան ավելի քան 50 ալիքներով թմրանյութերի վաճառք են բացահայտել, շանտաժի դեպքեր, այնպես որ տեղին է նման դեպքերում դիմել այն կառույցներին, որոնք մասնագիտացած են, հայտ ներկայացնել եւ տեսնել, թե ինչպես կուղղորդեն, կօգնեն»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ
ի միջազգային կոմիտեն օրերս այցելել է Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին եւ մնացած գերիներին։
ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունու հաղորդմամբ՝ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին առաջին անգամ տեսակցել էին 2023 թվականին նոյեմբերի սկզբին։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ