Պարզվել են Տավուշի մարզի չորս բնակիչների կողմից Երեւան քաղաքի 36-ամյա բնակչի առեւանգման, վերջինիս նկատմամբ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հիմնավորվել է, որ Տավուշի մարզի 49-ամյա բնակիչ Մ.Մ.-ն, մի խումբ անձանց՝ եղբոր, նույն մարզի 53-ամյա բնակիչ Ա.Մ.-ի, վերջինիս որդու՝ 27-ամյա Յ.Մ.-ի եւ Ա.Մ.-ի ընկերոջ՝ Տ.Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, առեւանգել են 36-ամյա իր ծանոթ, Երեւան քաղաքի բնակիչ Ա.Հ.-ին եւ վերջինիս կամքին հակառակ, ապօրինի տեղափոխելով այլ վայր, բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս նկատմամբ կատարել են ինքնիրավչություն, որն էական վնաս է պատճառել տուժողի իրավունքներին եւ օրինական շահերին:
Մասնավորապես, պարզվել է, որ դեռեւս 2020թ. մայիսին Մ.Մ.-ն Երեւան քաղաքի հիշյալ բնակչին տվել է շուրջ 230.000 ՀՀ դրամ արժողության տարբեր ապրանքներ՝ դրանք վաճառելու եւ գումարը հետագայում վճարելու պայմանով: Սակայն, վերջինս, վերցված ապրանքները վաճառված չլինելու պատճառաբանությամբ, նշված գումարը չի տվել, ինչն էլ ծանոթների միջեւ դարձել է տարաձայնությունների պատճառ:
Այդ ընթացքում Մ.Մ.-ն պարբերաբար զանգահարել է եւ պահանջել է ինչպես պարտքը, այնպես էլ դրան իր կողմից հավելագրված տոկոսագումարը՝ չվճարելու դեպքում սպառնալով վերցնել պարտապանին պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան: Վերջինս պահանջված ժամանակահատվածում չի վճարել պարտքը, որից հետո պարտատերը՝ Մ.Մ-ն, ընկերոջ, եղբոր, վերջինիս որդու հետ պայմանավորվել է բռնություն գործադրելով առեւանգել Ա.Հ.-ին:
Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Տավուշի մարզում՝ Մ.Մ.-ն 2020 թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով հիշյալ անձանց հետ գնացել է Ա.Հ.-ի մոտ եւ պահանջել իր գումարը, այնուհետեւ ցանկացել է վերջինիս ավտոմեքենայից վերցնել վաճառքի ենթակա բջջային հեռախոսների աքսեսուարները, սակայն Ա.Հ.-ն թույլ չի տվել: Այնուհետեւ խմբի անդամները, փակելով Ա.Հ.-ի ավտոմեքենայի ճանապարհը եւ հեռանալու բոլոր ուղիները, բացահայտ, Ա.Հ.-ի կամքին հակառակ, ֆիզիկական բռնություն գործադրելով, առեւանգելու նպատակով, հրելով տուժողին, նստեցրել են իրենց ավտոմեքենաներից մեկը, տարել Պտղավան գյուղի ճանապարհին գտնվող գազալցակայան:
Ա.Հ.-ին տեղափոխելով հիշյալ գազալցակայանում գտնվող սենյակ՝ մի քանի հոգով ձեռքերով ու ոտքերով, սառույցով լցված պլաստմասե շշով հարվածներ են հասցրել Ա.Հ.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ շարունակելով այդ գործողությունները նաեւ վերջինիս վայր ընկնելուց հետո։
Ապա Ա.Հ.-ից պահանջել են տալ իրեն պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, սակայն վերջինս հրաժարվել է, ինչի պատճառով հանցավոր խմբի անդամները կրկին հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ հանցավոր խմբի անդամները, սպառնալիքների ազդեցության տակ փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի կողմից պարտք մնացած 230.000 ՀՀ դրամ գումարը օրենսդրորեն սահմանված կարգով ստանալու փոխարեն, իրենց ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, տվյալ պահին փաստացի ազատությունից զրկված Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս դրամապանակից վերցրել են այնտեղ առկա 16.000 ՀՀ դրամը եւ պահանջել իրենց հանձնել ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսների աքսեսուարները:
Տուժողը, գիտակցելով առեւանգման հետեւանքով անազատության մեջ գտնվելու հանգամանքը եւ կրկին ֆիզիկական բռնության ենթարկվելու իրական վտանգը, հարկադրված կատարելով հանցավոր խմբի կողմից ներկայացված ապօրինի պահանջը, իր ավտոմեքենայից դատարկել է առնվազն 634.800 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարները՝ դրանք հանձնելով Մ.Մ.-ին, որից հետո նրան թույլատրել են հեռանալ նշված վայրից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը) եւ 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը):
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԻՆԱՄԹԵՐՔ՝ ՆԿՈՒՂՈՒՄ
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել:
Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ նկուղում հայտնաբերել են 37 տրոտիլ, էլեկտրոդետոնատորներ, տարբեր տեսակի 56 փամփուշտ, 20 պայթուցիչ եւ այլն:
43-ամյա տղամարդը ձերբակալվել եւ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
7 ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը Լուսինե Թովմասյանի ամուսինն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության կհրավիրի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաեւ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Քրեական գործով անցնող 7 մեղադրյալները կալանավորված են։
Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ չարաշահել են ծառայողական լիազորությունները։
Այս խմորը դեռ երկար ջուր կտանի։
ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի եւ ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին՝ Էջմիածին քաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, իրացնելով ստացված տվյալները, Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել եւ Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Մրգաստան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանու:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ առանց համապատասխան թույլտվության:
Պատանին հայտնել է, որ ատրճանակը պատկանում է 19-ամյա ընկերոջը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ