ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարենային անվտանգության ապահովումը պետական քաղաքականության գերակա ուղղությունն է, քանի որ ընդգրկում է ազգային, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնների լայն շրջանակ: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Պետության պարենային անվտանգության աստիճանը կախված է գյուղատնտեսական արտադրության բազային ներուժից։ Պարենային անվտանգության ապահովման բնագավառում ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայրենական գյուղատնտեսական արտադրողին օգնություն ցուցաբերելուն՝ պետական հովանավորչության ռազմավարության օգտագործմամբ:

Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների պարենային անվտանգությունն ապահովելու համար նրանց սպառած սննդի գերակշիռ մասը պետք է արտադրվի սեփական գյուղատնտեսության ոլորտում։ Իրերի իրական վիճակն այսօր վկայում է մեր երկրում պարենային անվտանգության լուրջ խնդիրների մասին: Դա պայմանավորված է ազգային տնտեսության բոլոր ոլորտներում առկա համակարգային ճգնաժամով եւ անկմամբ։

Անցած շաբաթ գործընկերներիս հետ Շիրակի մարզում էինք։ Ֆերմերային եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վերջիններս իրենց մտահոգությունը  հայտնեցին՝ դիզվառելիքի եւ պարարտանյութի  բարձր գների, առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու, հացահատիկի եւ կարտոֆիլի մթերման ցածր գների  հետ կապված։

2022 թվականի   բերքահավաքի ժամանակ հացահատիկի գինը 165-175 դրամ էր մեկ կիլոգրամի համար։

2023 թվականի   բերքահավաքի ժամանակ  հացահատիկի կիլոգրամն արդեն արժեր 70-80 դրամ։

2021 թվականին Հայաստանը սպառել է 367 հազար տոննա  ցորեն, որից միայն 97 հազար տոննան է աճեցվել տեղում։ Մնացածը ներմուծվել է,  հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից։

Նույն տխուր վիճակագրությունը շարունակվել է անցած տարիների ընթացքում։

Ցորենի եւ մի շարք այլ  մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը մեր հանրապետությունում  շարունակում է ցածր մնալ:

Պետական լուրջ աջակցության բացակայության, մթերման ցածր գների պատճառով շատերը մեծ վնասներ են կրել, եւ լիովին տրամաբանական է, որ Շիրակի մարզում  կրճատվում են ցորենի ցանքատարածությունները:

Գյուղացիներին թողնելով մեն  մենակ բազմաթիվ խնդիրների ու հոգսերի  հետ՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները կարծես միտումնավոր ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հայկական արտադրանքը, ոչնչացնեն ազգային գյուղատնտեսությունը։

Ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ամրապնդել եւ զարգացնել գյուղոլորտում արտադրողների ներուժը, ինչը կնպաստի պարենային անվտանգության համակարգերի ստեղծմանը:

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ կոչ եմ անում համապատասխան գերատեսչություններին  անհապաղ միջոցներ ձեռնարկել   բարձրացրած խնդիրները լուծելու համար։

Գյուղացին ամեն րոպե պետք է զգա պետության աջակցությունը։

Մեր երկրի պարենային անվտանգությունն անմիջապես  փոխկապակցված է ֆերմերային եւ գյուղացիական տնտեսությունների բարեկեցության հետ»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ

Երեկ հիմք է դրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի եւ Fastex-ի միջեւ գործակցությանը։

 

Դրա նպատակը Հայաստանի  Հանրապետությունում սպորտի զարգացման, մարզիկների մրցունակության բարձրացման, վերջիններիս կենսական պայմանների բարելավման, ինչպես նաեւ ներպետական սպորտի ոլորտում գրանցվող հաղթանակների խթանումն ապահովելն է։

Համաձայն պայմանավորվածության՝ Fastex-ը կտրամադրի մինչեւ 5 միլիոն FTN (Fasttoken), որպեսզի աջակցություն ցուցաբերվի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու եւ շախմատ մարզաձեւերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին եւ նրանց մարզիչներին։ Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել եւ մինչեւ 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայամանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների:

Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար եւ թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

«Հայաստանի կառավարությունն այսօր հսկայական ուշադրություն է դարձնում սպորտին, բայց ինչպես ամբողջ աշխարհում, սպորտը լրացուցիչ հոգածության կարիք ունի: Ամբողջ աշխարհում ընդունված է ներգրավել հովանավորներ, որոնք կլուծեն հարցեր, որոնք չեն մտնում պետության հոգածության տակ եղած հարցերի շրջանակում: Մենք «Ֆասթեքս»-ի հետ նախնական պայմանավորվածություն արդեն ունենք: Շատ գործնական փուլում է մեր քննարկումը: Շատ մոտ ապագայում կկնքենք հուշագիր, դրանից հետո կստորագրվի եռակողմ պայմանագիր ԿԳՄՍՆ-ի, «Ֆասթեքս»-ի եւ «Օլիմպիոնիկ» հիմնադրամի միջեւ: Դրանից հետո կունենանք հնարավորություն շատ արագ եւ կոնկրետ լուծում տալ բազմաթիվ խնդիրներին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Մենք գիտակցում ենք ներպետական սպորտի զարգացման անհրաժեշտությունը եւ մարզիկների հաղթանակները խրախուսելու միջոցով ուզում ենք է՛լ ավելի ընդգծել նրանց ձեռքբերումների եւ մրցանակների կարեւորությունը Հայաստանի Հանրապետության սպորտի զարգացման եւ պատմության համար», – նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Fastex-ը, կարեւորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործառույթը, նախաձեռնել է գործընթաց՝ Հայաստանի սպորտի զարգացմանն ուղղված՝ մասնավորապես համաֆինանսավորելով մի շարք ծրագրեր եւ նախագծեր: Ներկա փուլում մենք ավարտին ենք մոտեցնում բանակցությունների եւ համապատասխան փաստաթղթերի մշակումը։ Գործակցությունը կրելու է երկարաժամկետ եւ ռազմավարական բնույթ, որի շրջանակներում Fastex-ը ֆինանսավորելու է սպորտի տարբեր ուղղություններ՝ խրախուսելով ինչպես գործող մարզիկներին, այնպես էլ նոր սերնդի պատրաստումը», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարությունը եւ «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամը պարտավորվել են գործադրել բոլոր ջանքերը հուշագրով սահմանված նպատակներն իրագործելու համար։

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ Միրզոյանը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից Տիգրանի եւ Մարիամի պսակադրությունը մի քանի օր առաջ կատարել է Բերդ համայնքի Չինարի գյուղի անտառում գտնվող Սուրբ Խորանաշատի վանքում։ Ի դեպ, Տեր Արամը ծննդով սահմանամերձ Չինարի գյուղից է։ 2022թ.-ին  Հայաստանում մեծ շուքով նշվեց Խորանաշատի 800-ամյակը։ Վանքը  սահմանի եզրին է, սակայն հավատացյալները  հայ սահմանապահների կողմից անվտանգության  միջոցառումներ ձեռնարկելու  պարագայում  այցելում են հին, հայտնի վանք. Խորանաշատը հնում  եղել  է գրչության կենտրոն։ Խորանաշատի վիճակը վատթար է, այն վերանորոգման խիստ կարիք ունի։  1946 թ.-ին չինարեցիները սեփական ուժերով մասնակի վերանորոգում են կատարել Խորանաշատում, սակայն այժմ նորոգման խիստ կարիք կա։ Մատենադարանում պահվում են Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակ բացառիկ ձեռագրեր՝ ստեղծված  13-րդ դարից սկսած, այդ թվում՝ 1224 թ.-ի հանրահայտ Խորանաշատի Ավետարանը։

 

 

ԱՅԾԵՐԸ ՊԱՅԹԵԼ ԵՆ

Փետրվարի 4-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում՝ սահմանամերձ գոտում՝ 7-րդ դարի Ոսկեպարի Սուրբ  Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ, Ոսկեպարի մի բնակչին պատկանող երկու  այծ պայթել են հակահետեւակային ականների վրա, որի հետեւանքով այծերը ոտքերից վիրավորվել են։ Վնասված կենդանիները  ականապատ դաշտից դուրս են բերվել   Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի զինծառայողների օգնությամբ։ Ոսկեպարցի այծատերը ստիպված է  եղել վիրավոր այծերը մորթել, քանի որ ոտքերից վիրավոր  կենդանիները ապրելու  շանսեր չունեին: Նախկինում  համարյա ամեն տարի Ոսկեպարի սահմանագոտում խոշոր եղջերավոր անասունները, հայտնվելով ականապատ դաշտում, վիրավորվում էին, վիրավոր կովերին մեծ դժվարությամբ ականապատ տարածքից հանելուց հետո  անասնատերերը կենդանիներին հարկադիր մորթի էին ենթարկում։ Ոսկեպարի բնակիչները, տնամերձ հողատարածքներից բացի, հողագործությամբ չեն զբաղվում,  խոշոր եւ մանր  եղջերավոր անասուններ են  պահում, անասուններն արածում են գյուղի  տարածքի ընդարձակ արոտավայրերում: Կենդանիները առանց հսկողության մնալու դեպքում,  թարմ արոտի հետեւից  գնալով, հայտնվում են բնակավայրի սահմանամերձ, ականապատ տարածքներում։  Ոսկեպար գյուղի  հարակից գոտում  գտնվող՝ Վերին Ոսկեպարի՝ Յուխարի Ասքիպարայի՝  նախկինում ադրբեջանաբնակ գյուղի տարածքը՝ անկլավը Ադրբեջանին հանձնելու դեպքում Ոսկեպար գյուղի արոտավայրերը խիստ կրճատվելու են, Ոսկեպարի բնակիչների՝ անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները  շատ փոքրանալու են։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 Տավուշ




Լրահոս