ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը: Այնուհետեւ սահմանված վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Չնայած բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը, այդուհանդերձ, բարձրագույն կրթություն չունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ նշված ժամկետում պետք է դադարեցնեին մանկավարժական աշխատանքը։

2023 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ եթե բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ հաղթահարեն ատեստավորված համարվելու շեմը, կարող են շարունակել ուսուցչական աշխատանքը։ Հակառակ պարագայում նրանք դադարեցնում են իրենց մանկավարժական գործունեությունը։

Ատեստավորմանը մասնակցել է բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ, որից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվել է ատեստավորված եւ շարունակում է մանկավարժական գործունեությունը: Նրանք նաեւ ստանում են վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման արդյունքների։

Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչներ, օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով, դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որեւէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելով՝ սահմանված շեմը հաղթահարելու տարբերակները։

ԿԳՄՍ նախարարությունը մշակել է վերոնշյալ ուսուցիչների օժանդակության ծրագիր, որի նպատակը բարձրագույն կրթություն չունեցող եւ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական աշխատանքը դադարեցված ուսուցիչների հետագա մասնագիտական գործունեության շարունակականությանն աջակցելն է՝ խրախուսելով մասնագիտական զարգացումը եւ նպաստելով ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը։

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է 2023 թվականին, կարող է՝

l կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում կամ շարունակել այն ընդհատված լինելու դեպքում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի՝ տվյալ կիսամյակի ուսման վարձը կարող է փոխհատուցվել պետության կողմից այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը դադարեցվում է, եթե շահառուն չի ապահովում առնվազն 60 % ՄՈԳ կամ դադարեցնում է ուսումնառությունը։

l Կամավոր ատեստավորման նպատակով մասնակցել առարկայի իմացության համար սահմանված վերապատրաստմանը: Նախարարությունն օրենսդրության համապատասխան կազմակերպում է վերջիններիս վերապատրաստումը՝ այդ նպատակով պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում։

Նախագծով սահմանվել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու կամ կրթությունը շարունակելու, ինչպես նաեւ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար առարկայի իմացության վերապատրաստում անցնելու դիմումների ներկայացման ժամկետը երեք ամիս է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է

Մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտն իսկապես թանկանալու է: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ տեղեկությունը փետրվարի 6-ի ասուլիսում հաստատեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ գնային փոփոխությունը նախատեսվում է կիրառել այս տարվա սեպտեմբերից:

 

Փոխքաղաքապետը հայտնեց, որ գործելու են սակագնային տարբեր փաթեթներ, ուստի դժվարացավ նշել թանկացման հստակ չափը: Գրիգորյանը, սակայն, հայտնեց, որ 60 ուղեւորության հաշվարկով ամսական (խոսքը օրացուցային 30 օրվա մասին է) տոմսի համար այլ տարբերակով անհրաժեշտ է լինելու վճարել 11 000, իսկ Telcell համակարգով վճարելիս՝ 10 հազար 800 դրամ: Նմանապես, եռամսյակային եւ տարեկան տոմսերն արժենալու են համապատասխանաբար 25 եւ 24,8 ու 110 եւ 108 հազար դրամ: Ըստ այդմ՝ մեկ ուղղությամբ տրանսպորտային մեկ միջոցով ուղեւորության արժեքը դառնալու է 180 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Իսկ, օրինակ, 70-րոպեանոց մեկ տոմսով անձը նշված ժամանակահատվածում կարող է օգտվել մի քանի տրանսպորտային միջոցից:

Գրիգորյանը նշեց, որ թանկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս սակագինը չի փակում տրանսպորտի ձեռքբերման եւ շահագործման ինքնարժեքը, որն առաջացնում է պետական միջոցներից այն սուբսիդավորելու անհրաժեշտություն: Գրիգորյանի պնդմամբ՝ ներկայումս տրանսպորտի շահագործման ինքնարժեքը մեկ մարդու հաշվարկով 200-230 դրամի սահմանում է: Ենթադրվում է, որ տրանսպորտի թանկացման դեպքում հնարավոր կլինի ավելի շատ գումար ուղղել Երեւանում այլ նախագծերի իրականացմանը:

Նրա հավաստիացմամբ՝ տոմսային նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա նաեւ «ամբողջը բերել թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ, քանի որ հանրային տրանսպորտի տիրույթում գոյություն ունի ոչ փոքր չափի ստվերային շրջանառություն»: Միաժամանակ, ինչպես նշեց Սուրեն Գրիգորյանը, նոր մոտեցումը հնարավորություն կտա կուտակել անհրաժեշտ չափի գումար, որպեսզի, օրինակ, 10 տարի հետո հնարավոր լինի առանց այլ միջոցների ներգրավման հին ավտոբուսները փոխարինել նորով:

Նախատեսվում է, որ նորամուծությունը կսկսի գործել 2024 թվականի սեպտեմբերից՝ 8,6 մետր երկարությամբ 171 նոր ավտոբուսներ ձեռք բերելուց հետո:

Հայտարարվեց, որ նախագծի քննարկումը ներառված է ոչ թե վաղվա արտահերթ նիստի, այլ փետրվարի 13-ին նախատեսված նիստի օրակարգում:

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից  պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլեւ այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում եւ այլն։

«Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին եւ օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու եւ վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երեւանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Հարկ է նաեւ ընդգծել, որ անձնագրային ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու պարագայում առաջանում է մի քանի տարին մեկ անգամ. անձնագիրն, օրինակ, ստանդարտ ընթացակարգով տրամադրվում է 10 տարի ժամկետով։ Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը /ելքի կնիք/ չեղարկվել է ս.թ. հունվարի 1-ից, ինչով եւս վերացել է տարին մեկ անգամ անձնագրային ծառայություն այցելելու անհրաժեշտությունը»,- ասված է պարզաբանման մեջ։

Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափով իրականացվող ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։

Այս համատեքստում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Վարդենիսի եւ Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու մասին ահազանգել է Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարին, որի պատասխանը կհրապարակի։

 




Լրահոս