Հայաստանն ու Իրանը, որոնք հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրներ են, իրենց բարեկամական հարաբերություններն ամրապնդում են մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում: Դրա մասին են վկայում բազմաբովանդակ ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:
Կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Ասադի Մովահեդը մանրամասներ է հայտնել 2024 թվականին երկու երկրների միջեւ մշակութային, կրթական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հավաստիացնելով, որ այդ նախաձեռնությունները շարունակական են լինելու:
Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձն ու լուսավորության շրջանը
«Մեր հանդիպումը զուգադիպել է Իրանի Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի հետ, հեղափոխություն, որն իրականացվել է Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ: Մուհամմեդ Ասադի Մոհավեդի խոսքով՝ հեղափոխությունը լուսավորություն էր բերում, իսկ գիտությունն ու կրթությունը լույս են սփռում:
«Քառասունհինգ տարվա ընթացքում մեր երկիրը տարբեր ոլորտներում ձեռքբերումներ է ունեցել, սակայն դրանց գերակշիռ մասը մշակույթի, գիտության եւ արվեստի բնագավառներում են:
Հեղափոխությունից առաջ կին աշակերտների, կին ուսանողների թիվն Իրանում բավականին փոքր էր, սակայն ներկայումս համալսարաններում սովորող կին ուսանողների թիվը 58 տոկոս է կազմում: Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված բացասական պրոպագանդայի թեզերից մեկն այն էր, որ կինը մնում էր լուսանցքում, սակայն այսօր կինը գիտակրթական ոլորտում յուրահատուկ տեղ ունի: Մինչ հեղափոխությունը մեր երկրում գիտակրթական կենտրոնների քանակը 128 էր, իսկ այսօր 2700 բարձրագույն կրթական կենտրոն կա Իրանում»,- նշում է կենտրոնի ղեկավարը:
Գրականությունն ու թարգմանական արվեստը՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմքում
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը նշում է՝ հայ ժողովուրդն ու հայ հասարակությունը մշակութասեր, արվեստասեր է, ուստի իրենք Հայաստանում տարբեր մշակութային ծրագրեր են իրականացնելու: Կարեւորագույններից մեկը գրքերի տպագրությունն է: Ծրագրերից մեկը, որին հետամուտ են, Հայաստանում տպագրված գրքերի, տարբեր հետաքրքիր ստեղծագործությունների թարգմանությունն է պարսկերեն եւ պարսկերեն գրականության թարգմանությունը հայերեն:
«Մենք համոզված ենք, որ երկու երկրների գրական գործերի թարգմանությունը միայն կհանգեցնի երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը: Իրանում թարգմանական կենտրոն կա, եւ մենք աջակցում ենք այն բոլոր հայ թարգմանիչներին, որոնք կարող են պարսից գրականությունը հայերեն լեզվով թարգմանել ու ներկայացնել ընթերցողներին: Թարգմանվում են ոչ միայն դասականների՝ Սաադիի, Ֆիրդուսիի եւ այլ հեղինակների, այլեւ ժամանակակից ստեղծագործողների գործերը: Իմ ձեռքի տակ եղած վիճակագրության համաձայն՝ պարսկերենից հայերեն է թարգմանվել եւ տպագրվել ժամանակակից հեղինակների քսան գիրք: Գրքերից մեկը, որ վերջերս է թարգմանվել, մանկական է եւ անդրադառնում է բնապահպանության թեմային, իսկ փետրվարի 16-ին Կապույտ մզկիթում տեղի կունենա Հաֆեզի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է «Զանգակ»-ը:
Համատեղ ֆիլմարտադրություն, թատերարվեստ եւ ցուցադրություններ
Շուտով Հայաստանից արվեստագետների մի խումբ է մեկնելու Իրան՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ կինոփառատոնին: Նախատեսվում է իրանական կինոյի շաբաթներ անցկացնել Հայաստանում, համատեղ կինոարտադրություն սկսել Իրանի եւ հայ արվեստագետների մասնակցությամբ, կլինեն համագործակցություններ նաեւ թատրոնի բնագավառում: «Ֆաջր» նշանակում է լույսի պոռթկում, լույսի պայթյուն, այգաբաց: «Ֆաջր»-ը տասնօրյակի անվանում է, այն փետրվարի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածն է, որ նշում են որպես Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի օրեր: Այդ անվանմամբ ոչ միայն կինոփառատոն, այլեւ թատերական, մանկական փառատոններ կան: Կենտրոնի ծրագրերից մեկը Հայաստանում մանկական թատերախմբի ստեղծումն ու մանկական թատրոնի շաբաթի անցկացումն է Երեւանում:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ երեք նախապատրաստական փուլ է անցել:
«Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չի լինի Փարիզի օլիմպիական խաղերի համար: Վարկանիշային երկու մրցաշար ունենք, որոնցից մեկը կկայանա Բաքվում, մյուսը` Ստամբուլում, սակայն դեռեւս հստակ չէ մեր մասնակցությունն այս մրցաշարերին: Ամեն դեպքում, պատրաստվում ենք բոլոր մրցաշարերին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Մասնագետի խոսքով` Եվրոպայի առաջնությանը մասնակցում են օլիմպիական ուղեգիր նվաճած մարզիկները, քանի որ ԵԱ-ն նրանց համար նախապատրաստական փուլերից մեկն է:
«Մենք մինչ Եվրոպայի առաջնությունն անցել ենք երեք փուլ, սակայն չեմ կարող ասել, թե էլ քանի ուղեգիր կարող ենք նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի համար»,-ասաց նա:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-18-ը:
ԿԳԼԽԱՎՈՐԻ
Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Սեւակ Քեթենջյանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Քեթենջյանը Բեյրութի Հ.Մ.Ը.Մ.-ի նախկին բասկետբոլիստ է: 2018 թվականին նա դարձել է Լիբանանի առաջնության չեմպիոն եւ գավաթակիր:
Որպես մարզիչ 2022-2023 թվականներին ընդգրկված է եղել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում՝ օգնելով Զորիկ Իսաջանիին:
2023 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 23-28-ը Ալբանիայում:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականը մարտին եւ հունիսին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Երեւանում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի ընտրանուն, իսկ հունիսի 7-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ:
Երկու հանդիպումներն էլ կկայանան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի ընտրանիներին: