Այդպիսի տարօրինակ կամ յուրօրինակ երգի ձայն շատ հազվադեպ կարելի է լսել եւ անհնար է այն շփոթել մեկ այլ ձայնի հետ: Նրան կարելի է տեսնել հիմնականում Շրջանայինի տարածքում կամ Աբովյան փողոցում կիթառի նվագակցությամբ ռուսերեն երգեր երգելիս:
Իր իսկ կիսակատակ պնդմամբ` նա ապրուստն այդ կերպ է վաստակում` «սաղ կյանքը` 50 տարի», որից 20 տարին նվագում է փողոցում. «50 տարի առաջ աշխատանք կար` Սովետական Միության ժամանակ, դրանից հետո մի քանի տեղ աշխատել եմ, բայց աշխատավարձս շատ ցածր էր: 90 թվից հետո այ սենց ամեն ինչ քանդվավ, ու աշխատանք չկա: Մի տեղ աշխատեցի, տեսա` ոչ մի բանի չեմ հասնում, դուրս եկա: Պոլիտեխնիկ եմ ավարտել, ու աշխատանք չկա: Էսօրվա դրությամբ մարդիկ ավարտում են, ու աշխատանք չկա` կանաչի են ծախում բազարներում»:
Ռոմիկը, ինչպես ներկայացավ երաժիշտը, մասնագիտությամբ խառատ է, 10 տարի Հրազդանի հէկ-ում վարորդ է աշխատել. «91 թվականին Հրազդանի ցեմզավոդում եմ աշխատել, շա~տ քիչ էր աշխատավարձս»: Իսկ թե այս կերպ ինչքան է աշխատում, ասում է` Աստված գիտի, մի 3000 դրամ. «Ես ու կինս ենք, ինքն էլ չի աշխատում: Մենք Հրազդանում ենք ապրում, օրական գալիս-գնում եմ, ի՞նչ անեմ»: Երբ հետաքրքրվեցինք, թե այս նույն «աշխատանքը» նա փորձել է իրենց մոտ` Հրազդանում կատարել, ասաց. «Դե Հրազդանում համարյա ոչ ոք չի աշխատում»: Ռոմիկի տղաները Ռուսաստանում են ապրում, իրեն չեն օգնում, ինքն էլ այնտեղ գնալ չի ուզում, քանի որ 4 տարի Գերմանիայում է ապրել, եղել է նաեւ Ռուսաստանում: «Շատ եմ Ռուսաստան ապրել ու ամեն ինչ էլ տեսել եմ, իմ համար իմ հայրենիքն ավելի քաղցր ա: Ճիշտ ա, դժվար ենք ապրում, ծանր ա, բայց ապրում ենք, յոլա տանում ա: Ես չեմ դժգոհում, պետք ա հարմարվել, պետք ա դիմանալ, պետք ա պայքարել»,-ասում է նա:
Այստեղ, նրա ասելով, շատերն են փորձում խոչընդոտել իր «աշխատանքին», ոստիկանները եւս, նրանցից միայն մեկն է, որ անցնելիս գումար է տալիս: Ռոմիկի կարծիքով` մարդիկ գումար են տալիս, որովհետեւ սա էլ աշխատանք են համարում, նույնիսկ հրավիրում են իրենց «հավաքույթներին մասնակցելու». «Շատ-շատերը ճանաչում են արդեն, հրավիրում են` ռեստորան ա, քեֆ ա, տուն ա, լավ էլ վարձատրում են` ավելի շատ եմ վաստակում, քան թե դրսում»:
Շրջանայինում «աշխատող» Ռոմիկի «գործընկերները» «Ժողովուրդ»-ին ասել էին, թե նրա կինը եւս «փող է հավաքում» նույն տեղում: Երբ այս մասին հարցրինք իրեն, ասաց. «Իմ կինը կյանքում փող չի հավաքել, իմ կինը համալսարանի պրոֆեսորի քուր ա` Ֆյոդորով Վիկտորի: Իմ կինը փող հավաքի՞, ինքը գեներալի աղջիկ ա` Ֆյոդոր Մարոզով, կակեբեի գեներալ ա եղել: Քույրն էլ Նալբանդյան 10-ում ա ապրում Ծառուկյան Վալոդի հետ, Ծառուկյան Գագոյի բարեկամ ա, ո՞նց կարա փող հավաքի»: Ցուրտ եղանակին դրսում նվագելիս առողջականի մասին էլ չի անհանգստանում. կինը բժշկուհի է, թեեւ չի աշխատում, քանի որ, ամուսնու խոսքով, չի ուզում աշխատել:
Քաղաքականությամբ էլ ընդհանրապես չի հետաքրքրվում` «հիասթափված է». «Հենա Սերժին ընտրել ենք, շատ դժգոհ ենք, էլ ես ոչ ոքու չեմ ընտրելու. հույս, հավատ չկա»:
«ԷԼ ՈՉ ՈՔԻ ՉԵՄ ԸՆՏՐԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ