ՖՈՏՈ. 36 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում կայացավ առաջին հանրահավաքը՝ մի քանի օր անց սկիզբ դնելով Արցախյան շարժմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը՝ «Միացում» պահանջով: Մասնակիցները պահանջում էին Արցախի վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ և մի քանի օր անց սկիզբ առավ Արցախյան շարժումը:

Փետրվարի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունենում կոմունիստական կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստ, որտեղ որոշվում է հաջորդ օրը հանդիպումներ իրականացնել՝ դատապարտելու Խորհրդային Հայաստանին միանալու համար սկսված ստորագրահավաքը: Հակառակ բոլոր ջանքերին փետրվարի 13-ին հարյուրավոր ասկերանցիներ շարժվում են դեպի Ստեփանակերտ, որտեղ էլ կայանում է առաջին մեծ հանրահավաքը:

Փետրվարի 20-ին արդեն ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանում որոշում են կայացվում դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»:

Փետրվարի 22-ին տեղի ունեցած ցույցերին հաջորդում է երկու երեք հազար ադրբեջանցի երիտասարդների գործողությունները ԼՂԻՄ-ում: Բախումների հետևանքով հայկական կողմը ունենում է մի քանի տասնյակ վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը 2 զոհ, ինչին փետրվարի 27-ից 29-ը հաջորդում են Սումգայիթի հայկական ջարդերը:

Սկիզբ է առնում Արցախյան շարժումը, որի ընթացքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ նոյեմբերի 26-ին Ադրբեջանը ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը:

1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում՝ ընտրողների ձայների 82.2%-ով հաստատվում է Արցախի անկախությունը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս